HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Նախկին էլեկտրատեխնիկական գործարանում` բնական ջրի արտադրություն

ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» եւ «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին որոշման նախագծին: Ինչպես նախագիծը ներկայացնելու ժամանակ շեշտեց տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը, վերոնշյալ ընկերություններն արդեն շուրջ երկու տարի է համարյա գործունեություն չեն ծավալում, ինչի արդյունքում կուտակվել են միլիոնավոր պարտքեր` ինչպես հարկային, այնպես էլ աշխատողների աշխատավարձերի հետ կապված: Վերջին շրջանում ընկերությունները գործում են վնասով, այդ իսկ պատճառով էլ կառավարությունը որոշել է լուծարել դրանք: Տեղեկացնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ էլեկտրատեխնիկական գործարանի աշխատողներն աշխատավարձ չեն ստանում: «Հետքի» այն հարցին, թե ինչպես է լուծվելու ընկերությունների աշխատողների աշխատավարձերի հարցը, տնտեսական զարգացման նախարարը պատասխանեց, որ լուծարման գործընթացում կքննարկվեն նաեւ այդ հարցերը: Տեղեկացնենք, որ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանը խորհրդային տարիներին Ղարաբաղի ամենամեծ գործարաններից էր: Այնտեղ արտադրվում էին ցերեկային լույսի լամպեր` ԽՍՀՄ բոլոր պետությունների համար: Պարզվում է, որ էլեկտրատեխնիկական գործարանի հարցը լուծարմամբ չի եզրափակվում. այսօր գործադիրի քննարկմանն էր ներկայացված նաեւ պետական գույքի մասնավորեցման մասին որոշման նախագիծը, որի համաձայն` նախատեսվում է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի գույքի կազմից առանձնացնել 86950.0 հազար դրամ գնահատված արժեքով արտադրամասը` իր շենքերով եւ շինություններով, հիմնական միջոցներով եւ դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը եւ այն ուղղակի ձեւով մասնավորեցնել «Հիսուն հինգ» ՍՊԸ-ին, ով իր հայտի համաձայն` նախատեսում է բնական խմելու ջրի արտադրություն կազմակերպել: Տնտեսական զարգացման նախարարի խոսքերով, գնորդի հետ կկնքվի առուվաճառքի պայմանագիր, ըստ որի, նա մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 15-ը մասնավորեցվող օբյեկտում պետք է իրականացնի առնվազն  470 մլն դրամի ներդրումային ծրագիր եւ ստեղծի առնվազն 100 մշտական աշխատատեղ` առնվազն 100 հազար դրամ աշխատավարձով: Գնորդը պետք է մինչեւ այս տարվա վերջ կատարի 360 մլն դրամի ներդրում: Պայմանագրով նախատեսվում է մինչեւ 2016 թվականն ապահովել օբյեկտի նպատակային եւ անխափան շահագործումը` առնվազն 100 մշտական աշխատատեղով: Որոշման նախագծի ընդունումը սակայն հետաձգվեց. Վարչապետ Արա Հարությունյանը տնտեսական զարգացման նախարարին հանձնարարեց մեկ անգամ եւս գնորդի հետ ճշտել ստեղծվելիք աշխատատեղերի եւ աշխատավարձի չափերը, եւ հետո  ներկայացնել կառավարության հաստատման: Վարչապետը հանձնարարեց նաեւ ուսումնասիրել ընկերության մնացած տարածքներն ու այնտեղ եղած միջոցները եւ աշխատանք տանել դրանց նպատակային օգտագործման ուղղությամբ` ներգրավելով այն ներդրում կատարել ցանկացողներին, ովքեր արդեն հետաքրքրություն են ցուցաբերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter