Կարեն Բեքարյանը նրանց բացատրեց, թե որ դեպքում բարոյական իրավունք կունենային խոսելու այդ խնդրից
«Մինչ այժմ մենք շատ հարցեր ենք քննարկել. եղե՞լ է հայ ժողովրդի ցեղասպանություն, թե՞ չի եղել, Արարատը Հայաստանի մա՞սն է, թե՞ ոչ, Արևելյան Անատոլիան Հայաստանի մա՞սն է, թե՞ ոչ: Բայց այսօր այս բոլոր հարցերը ետևում են մնացել: Եվ ավելի կարևոր հարց է առաջին պլան դուրս եկել: Դա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցն է: Ու թեև ստորագրված արձանագրություններում Ղարաբաղի անունը չկա, բայց բացարձակապես ակնհայտ է, որ թուրքական խորհրդարանով չի անցնի որևէ փաստաթուղթ, որում արտացոլված չեն լինի Ղարաբաղի խնդրի կարգավորման պայմանները»:
Այս մասին այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օհանը:
Նա ասաց, որ եթե մինչև 2010 թ. Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում առաջընթաց չլինի, ապա Թուրքիան չի բացի սահմանը: Սինան Օհանը հավելեց, որ ըստ Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի կանխատեսման` մինչև 2010 թ.-ի ապրիլ Ղարաբաղի հակամարտության կարգավորում կամ առաջընթաց չի լինի:
«Այդ դեպքում Թուրքիան կկանգնի 2 ընտրության առջև` կամ սահմանի անվերապահ բացում, կամ հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունում ԱՄՆ Կոնգրեսի և արևմտյան երկրների խորհրդարանների կողմից: Այդ պատճառով ուզում եմ ասել, որ առջևում լուրջ խնդիրներ են սպասվում` և' Թուրքիային, և' տարածաշրջանին»,- ասաց Սինան Օհանը:
Երբ Մոսկվայից նշեցին, որ այնպիսի տպավորություն է, թե Սինան Օհանի ելույթին Ադրբեջանն է մասնակցում, Օհանը պատասխանեց, որ տեսակամուրջի թեման է «Նոր աշխարհաքաղաքական իրավիճակ Արևելքում. հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներ և իրողություններ»:
«Վերնագրի վերջում գրված է «խնդիրներ և իրողություններ»: Ես բյուրոկրատ կամ դիվանագետ չեմ և ոչ էլ քաղաքական գործիչ. ես պարզապես փորձագետ-քաղաքագետ եմ: Մենք եկել ենք իրողությունների մասին խոսելու, և Ադրբեջանը տվյալ դեպքում կապ չունի»,- ասաց նա:
Մինչև Սինան Օհանի ելույթը Անկարան ներկայացնող մյուս բանախոսը` Եվրոպական անվտանգության ակադեմիայի փոխնախագահ, Միջինարևելյան տեխնիկական համալսարանի գիտխորհրդի անդամ, պրոֆեսոր Հյուսեյն Բեգջին ևս իր ելույթում նշել էր Լեռնային Ղարաբաղի մասին:
«Պրն Լիխաչյովն ասաց, որ ստորագրումով կլուծվեն Կովկասի պրոբլեմները: Հավանաբար, նա նկատի ուներ Ղարաբաղը: Եվ այն, որ հարաբերությունների բարելավման հարցում Ռուսաստանը շատ կարևոր դեր խաղաց, ընդգծում է նրա ձգտումները և հարաբերությունների ջերմացումը»,- ասաց Հյուսեյն Բեգջին` անդրադառնալով Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Վասիլի Լիխաչյովի ելույթին, թեև վերջինս իր ելույթում չէր նշել Արցախի մասին:
Արձագանքելով Սինան Օհանի ելույթին` Երևանը ներկայացնող բանախոսներից Հանրային խորհրդի անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանն ասաց, որ ինքը լավատես չէ հայ-թուրքական ներկայիս գործընթացի հարցում:
«Կարծում եմ, որ Թուրքիայի գործընկերները հիանալի հասկանում են, թե որքան դժվար է այն երկրի համար, որն անցել է Ցեղասպանության միջով և այսքան ժամանակ անցնում է հարևանի կողմից Ցեղասպանության չճանաչման միջով, որևէ փոխհարաբերության մեջ մտնել այդ հարևանի հետ: Եվ որքան դժվար է այդ փոխհարաբերությունների մեջ մտնել` առանց նախապայմանների, ասենք, օրինակ` Թուրքիայի կողմից Ցեղապանության ճանաչման: Եվ որքան (անգամ դրանից է’լ ավելի) դժվար է, երբ այդ երկիրը ինքն է ինչ-որ նախապայմաններ առաջադրում»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի քաղաքականությունը բավականին հետաքրքիր է և շատ բան կարելի է սովորել այդ քաղաքականությունից: Առաջին հերթին` գործընթացների իմիտացիաներ, որոնցով Թուրքիան մանևրում է արդեն շատ տարիներ` իմիտացիաներ ստեղծելով Կիպրոսի, քրդական և հայկական հարցերում:
Կարեն Բեքարյանի խոսքով` եթե Թուրքիան շարունակի Արցախի մասին իր տարատեսակ հայտարարությունները, ապա դա շատ վատ ազդեցություն կունենա Արցախյան խնդրի վրա, որն ինքնուրույն գործընթաց է:
«Կարելի էր այս տարիների ընթացքում հասկանալ, որ Թուրքիայի կողմից յուրաքանչյուր հայտարարություն ավելի արմատական է դարձնում Ղարաբաղյան գործընթացը` և' Հայաստանի, և' Ադրբեջանի և' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից: Հայ-թուրքական և Ղարաբաղյան գործընթացներն իրար կապելը կարող է պարզապես շատ վատ ազդեցություն ունենալ 2 գործընթացների վրա էլ: Եվ մենք պարզապես բումերանգի էֆեկտ կունենանք: Այսինքն` «ուզում էինք, որ լավ ստացվեր, բայց ստացվեց նույնիսկ ոչ թե ինչպես միշտ, այլ` ավելի վատ»»,- ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավարը:
Նա հույս հայտնեց, որ ներկայիս հայ-թուրքական գործընթացը կհանգեցնի նրան, որ Թուրքիան սկսի վարել նորմալ քաղաքականություն և ոչ թե «ապրիլյան քաղաքականություն», այսինքն` «ամեն ինչ անում ենք նրա համար, որ մյուս տարվա ապրիլին որևէ խնդիր չունենանք»:
«Իսկ ահա եթե Թուրքիան այդքան շատ է ուզում խոսել Ղարաբաղի մասին, ապա այդ մասին կարելի է բացարձակապես այլ ասպեկտով խոսել` հայ փախստականների վերադարձ Արևմտյան Հայաստան կամ Արևելյան Անատոլիա: Եվ եթե այդ վերադարձը և փոխհատուցումը հնարավոր են, այդ դեպքում բարոյական իրավունք (գոնե բարոյական, քանի որ քաղաքական և իրավաբանական իրավունք, միևնույն է, չկա) ունենալ, ենթադրենք, խոսել ադրբեջանցի փախստականների մասին: Համապատասխանաբար, թուրք գործընկերների համար երևի արդեն հասկանալի է, թե երբ է հնարավոր, որ բարոյական իրավունք ունենան խոսելու Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի մասին»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Նրա ելույթին արձագանքեց Հյուսեյն Բեգջին` ասելով, թե երևի Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը չի բավարարում պրն Բեքարյանին: «Երևի նրանք ուզում են, որ ոչ մի բանակցություն չվարվի, և երկխոսություն չլինի: Նրանք այդպիսի Թուրքիա են ուզում: Բայց այսօր չկա այդպիսի Թուրքիա: Պրն Բեքարյան, դուք ուզում եք ասել, որ Թուրքիան չի՞ ուզում ավելի բաց, ավելի դեմոկրատական Հայաստան պետություն, որը կհամագործակցեր Թուրքիայի հետ: Մենք չենք ուզում տեսնել, որ Ձեր հայացքները բացասական ազդեցություն են ունենում սկսված գործընթացի վրա»,- ասաց Հյուսեյն Բեգջին:
Իր ելույթում Մոսկվայի բանախոսներից Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Վասիլի Լիխաչյովը նշեց, որ արձանագրությունները շատ կարևոր են թե' ձևով և թե' բովանդակությամբ, և Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը բարձր գնահատեց Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը բարդ է լինելու: «Բայց, այնուամենայնիվ, հուսով եմ և կարելի է ասել` վստահ եմ, որ գործընթացը վերջում հաջողություն կունենա, քանի որ դրա լավ արդյունքը շահավետ է և' Հայաստանի և' Թուրքիայի համար»,- հավելեց նա:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով` արձանագրությունների ստորագրումը շատ կարևոր քայլ է, սակայն դա ճանապարհի ոչ թե վերջն է, այլ սկիզբը. արձանագրությունները, փաստորեն, հայ-թուրքական ներկա գործընթացում Հայաստանի և Թուրքիայի գործադիր իշխանության ստորագրած առաջին փաստաթղթերն են:
«Առջևում խորհրդարաններում վավերացումն է: Ե'վ հայկական, և', ինչպես հասկանում եմ, թուրքական խորհրդարանում կարող են տարբեր խոչընդոտներ առաջանալ վավերացման համար: Հայ-թուրքական փոխհարաբերությունների հարցը և' հայ, և' թուրք հասարակության համար բավականին զգայուն են: Վավերացումից հետո (եթե այն տեղի ունենա երկու խորհրդարանում էլ) պետք է սկսվի իրագործման գործընթացը, ըստ էության, այն «Ճանապարհային քարտեզի», որը հենց արձանագրություններն են: Ցանկացած քաղաքագետ կարող է բերել ճանապարհային քարտեզների օրինակներ, որոնք չեն իրականացել»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Իսկ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար Նատալյա Ուլչենկոն ասաց, որ շատ է խոսվում այն մասին, թե հայ-թուրքական ներկա գործընթացի զարգացումը Թուրքիային կտա քաղաքական առավելություններ, իսկ Հայաստանին կբերի տնտեսական դիվիդենտներ: Սակայն շատ քիչ է խոսում տնտեսական այն առավելության մասին, որը կստանա Թուրքիան: Նա ասաց, որ խոսքն Արևելյան Անատոլիայի զարգացման մասին է (նշենք, որ ներկայումս Արևելյան Անատոլիա են անվանում Արևմտյան Հայաստանը):
«Սովորաբար երբ խոսում են Թուրքիայի տարածաշրջանային խնդիրների մասին, ուշադրություն են դարձնում հարավ-արևելքին, որտեղ քրդական բնակչությունը բավականին մեծ տոկոս է կազմում: Սակայն իրականում Թուրքիայի ամենից քիչ զարգացած շրջանը ներկայումս արդեն հարավ-արևելքը չէ, այլ հենց Արևելյան Անատոլիան: Օրինակ` նրա բաժինը ազգային ՀՆԱ-ում կազմում է ընդամենը 3%: Եվ ես կարծում եմ, որ այս տեսանկյունից տնտեսական ներփակվածության հաղթահարումը հսկայական հեռանկար ունի: Ընդ որում, հեռանկարը տեղի է ունենալու հենց Թուրքիայից արևելք գտնվող շուկաների, մասնավորապես Հայաստանի հաշվին»,- ասաց Նատալյա Ուլչենկոն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել