HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Սարգսյանը վերահաստատել է կառավարության բարձր գնահատականը

13_10-govԱյսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության պատվիրակությանը` հիմնարկության տնօրենների ժողովի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանի գլխավորությամբ։ Տ. Սարգսյանը նշել է, որ Գալուստ Կյուլպենկյանի գործունեությունն ու վաստակը մեզանում գնահատված են, իսկ նրա բարեսիրական աշխատանքը վերածվել է ուսանելի օրինակի ու փորձառության։ Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ` գործադիրի ղեկավարը կարեւորել է հիմնադրամի հայանպաստ աշխատանքն ու այն ներդրումը, որ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը բերում է հայապահպանության գործին ու հայագիտության զարգացմանը։ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է հիմնադրամի գործունեությամբ եւ Հայաստանի կողմից աջակցության ցուցաբերման հնարավորությամբ, ինչպես նաեւ հաստատության Հայաստանում ու Սփյուռքում իրականացվող ու նախատեսվող ծրագրերով։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հիմնադրամի ներկայացուցիչներին, որ վարչապետի նախաձեռնությամբ ու հանրային-մասնավոր հատվածի համագործակցությամբ ձեւավորված Ազգային մրցունակության խորհրդի ու հիմնադրամի միջեւ անհրաժեշտ է ստեղծել համագործակցության հնարավորություններ` մասնավորապես կրթական ծրագրերի իրականացման ոլորտում։ Այդ համատեքստում հյուրերին ներկայացվել են նաեւ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերը, մասնավորապես աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված հայ երիտասարդներին տրամադրվող աջակցության ծրագիրը։ Վարչապետը վերահաստատել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության շնորհակալ գործունեության նկատմամբ կառավարության բարձր գնահատականն ու շեշտել է մասնավորապես վերջին 18 տարիների ընթացքում նորանկախ Հայաստանին տրամադրված օժանդակության փաստը։ Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ հիմնադրամի պատասխանատուների այցը նոր լիցք կհաղորդի փոխադարձ համագործակցության զարգացմանն ու հիմնադրամի հայանպաստ գործունեության շարունակականությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter