Ստամբուլ 2009, «Հրանուշ, 1911»
«Հրանուշ, 1911»: 1911-ը 1915-ից չորս տարի առաջ էր …
1915-ի մասին հիշատակումը իմ, ու հայերի մեծ մասի մտքում մեր կամքից անկախ ծնում է մի բառ` ցեղասպանություն:
Ես ծնվել եմ, քանի որ Էդվարդը` պապս, փրկվել էր ցեղասպանությունից: Նա` իր ծնողների, եղբայրների եւ քույրերի հետ ապրում էր Արեւմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Խարբերդը, Հարպուտը կամ Մամուրեթ էլ Ազիզը գտնվում է այժմյան Թուրքիայում: Մասնագիտությամբ փաստաբան Մուրադին` պապիկիս հորը, սպանել են 1915-ին:
«Հրանուշ, 1911 թ». սա փորագրված է անտիկ պահարանի վրա, որը կանգնած է Ստամբուլի հինգ աստղանի «Կոնրադ» հյուրանոցի ռեստորաններից մեկում` մուտքի դռան մոտ:
2009-ի մայիս: Ստամբուլում եմ հայաստանցի մի խումբ վերլուծաբանների, քաղաքագետների, լրագրողների հետ: Մենք մասնակցում ենք հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նպատակ ունեցող համաժողովին:
Պահարանի վրայի հայատառ փորագրությունը մեր խմբի կողմից նկատվում է հենց առաջին ճաշի ժամանակ: Պահարանը հայտնվում է մեր ուշադրության կենտրոնում. լուսանկարում ենք, լուսանկարվում:
«Հրանուշը ցեղասպանության զոհերից է», - սա առաջին միտքն է, որ վայրկենապես ծնվում է փորագրությունը տեսնելիս:
Ծնվելուց առաջ մտքերը մեզնից թույլտվություն չեն հայցում:
«Տեսնես ի՞նչ է եղել Հրանուշի հետ» . - բարձրաձայն հարցնում եմ ես, թաքուն հույս ունենալով ստանալ իմ մտքում եղած պատասխանին հակառակ պատասխան: «Դե պարզ չի ՞ …. », - ասում է գործընկերներիցս մեկը:
Ես փորձում եմ վերացարկել. նույն հյուրանոցում անտիկ պահարանի վրա «Հրանուշ, 1911» -ի փոխարեն, փորագրված է «Պատրիցիա, 1911»:
Ժամանակին ոմն ֆրանսուհի Պատրիցիայի համար պատրաստված պահարանը նկատելիս ես առաջին հերթին կգնահատեի ձեռակերտ նախշերը, գուցե գովեի անանուն վարպետին, բայց ես հաստատ չէի մտածի, որ Պատրիցիային սպանել են 1915-ին, Օսմանյան կայսրությունում:
Ես հավանաբար կմտածեի, որ այս ձեռակերտ, հնաոճ փորագրություններով պահարանը երեւի թե վաճառել են Պատրիցիայի զավակները, թոռները, կամ ծոռները …
Հրանուշի պահարանի մասին այդպես մտածել չեմ կարողանում:
Ստամբուլում եմ արդեն երկրորդ անգամ: Առաջին այսցելությունս 2007-ին էր, ազգությամբ հայ, «Ագոս» թերթի խմբագիր, լրագրող ու հրապարակախոս Հրանտ Դինքի սպանությունից մի քանի ամիս անց:
2007-ի Ստամբուլը կարծես ներողություն հայցելու անընդհատ ցանկություն ունենար: Ինձ հանդիպած տասնյակ թուրքեր, լինի հյուրանոցի աշխատող, թե` համալսարանի պրոֆեսոր, հայացքը ներքեւ հառելով ասում էին. Հրանտը մեզնից մեկն էր, մենք ցավում ենք Հրանտի կորստի համար:
2009-ի Ստամբուլը ավելի մտածող ու խորհող դեմք ուներ:
Հեռուստաընկերություններն ու առաջատար թերթերն աննախադեպ ուշադրությամբ լուսաբանում էին հայ-թուրքական երկօրյա հավաքը:
Հեռուստատեսային խմբերը ժամերով սպասում էին, որպեսզի հարցազրույցներ վերցնեն Հայաստանից ժամանած քաղաքական վելուծաբաններից, հրապարակախոսներից. հայ-թուրքական հարաբերությունները թուրքական մամուլի սեւեռուն ուշադրության կենտրոնում էին:
Հրանուշի պահարանին մենք հանդիպում էինք օրական առնվազն երկու անգամ` նախաճաշին ու ճաշին; Վերջին օրն ընդմիջումներից մեկի ժամանակ ես նույնիսկ հաջողացրի հրաժեշտ տալ պահարանին: Իմ այս հուզականությունը նույնիսկ ինձ էր զարմացրել:
Ես համոզված էի, որ Հրանուշը, Մուրադի պես, գերեզման չունի:
Ինձ համար, Ցեղասպանության բոլոր զոհերը մինչ վերջերս ամբողջանում էին մի դեմքում, Մուրադի դեմքում: Եղեռնի հուշահամալիր գնալն ինձ համար միշտ էլ առաջին հերթին եղել է այցելություն Մուրադի գերեզմանին: Այժմ այս անվան կողքին իմ մտքում ավելացավ եւս մի անուն` Հրանուշ:
Ես անկեղծորեն ուզում եմ, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կառուցվեն բարի հարեւաններին հատուկ հարաբերություններ, ես ուզում եմ, որ Թուրքիան բացի իր սահմանները, որ փակել է Հայաստանի առջեւ դեռեւս 1993-ին:
Ես կարծում եմ, որ մենք պետք է հնարավորություն ունենանք թուրքերի հետ ուղիղ հաղորդակցվելու, բանակցելու եւ նախապատրաստելու նրանց այն մտքին, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել: Այս ամենն իրագործելու համար բաց սահմաններն իհարկե միայն կօգնեն:
Սակայն Մուրադը, Հրանուշը, մեկ ու կես միլիոն զոհերը, ինձ իրավունք չեն տալիս հարցական նշաններ դնել 1915-ի Ցեղասպանության դիմաց:
Սեդա Մուրադյան, լրագրող, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի ղեկավար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել