Գյուլը Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կդիտի Սարգսյանի հետ
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել ֆարմանյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին` «ընդունվե՞լ է արդյոք վերջնական որոշում նախագահի` Թուրքիա այցելելու վերաբերյալ: Եթե այո, ապա ովքե՞ր են լինելու պատվիրակության կազմում և ինչպիսի՞ն է լինելու նախագահի այցի ծրագիրը», ասել է.
«Նախագահը կայացրել է Թուրքիա այցելելու որոշում: Մեր երկրի ղեկավարը Թուրքիայի նախագահի հրավերով այսօր կեսօրին կմեկնի Բուրսա` Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև կայանալիք հանդիպումը Աբդուլլահ Գյուլի հետ միասին դիտելու նպատակով: Նախագահ Սարգսյանի հետ Թուրքիա կմեկնեն նաև արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը և Շավարշ Քոչարյանը, նախագահի աշխատակազմի և Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Նախագահ Սարգսյանին ուղեկցում են նաև մի քանի տասնյակ հայ լրագրողներ:
Բուրսայում նախագահ Սերժ Սարգսյանը նախ կայցելի մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներին` քաջալերելու նրանց հանդիպումից առաջ: Նախագահ Սարգսյանը Բուրսայում առանձնազրույց կունենա Թուրքիայի նախագահի հետ: Կլինի նաև հանդիպում ընդլայնված կազմով: Բուրսայում Թուրքիայի նախագահի անունից նախագահ Սարգսյանի պատվին կտրվի ճաշ և կկազմակերպվի ընդունելություն: Նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը ֆուտբոլային խաղից հետո կվերադառնա Երևան:
Սա Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին այցն է Թուրքիա, իսկ ընդհանրապես, անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության նախագահի մակարդակով չորրորդ այցելությունն է Թուրքիա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել