
ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հրավիրած երեկվա ասուլիսը նվիրված էր նրա Օմբուդսմենի Եվրոպական Ինստիտուտին անդամակցելու եւ ինստիտուտի անդամների ընդհանուր ժողովին մասնակցելու հարցերին:
Օգոստոսի 31-ին Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի գործադիր մարմնի որոշմամբ` ԼՂՀ օմբուդսմենի հաստատությանը շնորհվել է այդ ինստիտուտի լիարժեք, ինստիտուցիոնալ անդամի կարգավիճակ: Որոշումը կայացվել է հուլիսի 10-11-ը Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի գործադիր տնօրեն Նիկոլաս Շվարցլերի ԼՂՀ կատարած այցից հետո:
«Օմբուդսմենի Եվրոպական Ինստիտուտին անդամակցելը լայն հնարավորություն է ստեղծում` օգտվելու մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Եվրոպայում կուտակված փորձից եւ Լեռնային Ղարաբաղը ներկայացնել միջազգային հանրությանը` որպես բաց եւ ընկալելի երկիր, որն ընդունում է Եվրոպական արժեքների համակարգը` առանց որեւէ թելադրանքի եւ արտաքին ազդեցության»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Յու. Հայրապետյանը:
Արդեն որպես Օմբուդսմենի Եվրոպական Ինստիտուտի լիիրավ անդամ` հոկտեմբերի 5-ին Յուրի Հայրապետյանը մասնակցել է ինստիտուտի անդամների ընդհանուր ժողովին, որը տեղի է ունեցել Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ օմբուդսմենի ինստիտուտը ձեւավորվել է 2008 թ. ապրիլին եւ գործունեության այս կարճ ժամանակահատվածում, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով, հաջողվել է ձեռք բերել քաղաքացիների մոտ որոշակի վստահություն, ինչի մասին են վկայում դիմող անձանց մշտապես աճող թվաքանակը եւ նրանց արձագանքները:
Ընդհանուր առմամբ, Մարդու իրավունքների պաշտըպանը 176 դիմում է ստացել հանրապետության 333 քաղաքացիների կողմից, որոնցից շուրջ 40-ի դեպքում հաջողվել է վերականգնել կամ էլ կանխել քաղաքացու իրավունքների ոտնահարումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել