Փոխվարչապետն այցելել է Հովտաշեն համայնք
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնել է Շիրակի մարզի Հովտաշեն համայնք` տեղում ծանոթանալու համայնքների խոշորացման վերաբերյալ ավագանու անդամների եւ բնակիչների կարծիքներին ու մտահոգություններին:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Արմեն Գեւորգյանի մոտ տեղի ունեցած միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում Համայնքների խոշորացման հարցերի աշխատանքային խումբը ներկայացրել էր համայնքների խոշորացման փորձնական 3 ծրագրեր` Գեղարքունիքի, Սյունիքի եւ Շիրակի մարզերում: Դրանցից մեկով առաջարկվում է խոշորացնել Շիրակի մարզի Հովտաշեն եւ Հոռոմ համայնքները:
ՏԿՆ մամլո ծառայության փոխանցմամբ` Արմեն Գեւորգյանը հովտաշենցիներին, համայնքի ավագանու անդամներին, Հովտաշենի եւ Հոռոմի համայնքապետերին նախ ծանոթացրել է համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին, տեղեկացրել, թե ինչ մեխանիզմներ կգործեն համայնքների խոշորացման գործընթացում:
Կողք-կողքի գտնվող, ընդամենը մեկ ճանապարհով բաժանվող երկու գյուղերը` մոտ 300 բնակչություն ունեցող Հովտաշենը եւ ավելի քան 2400 բնակչություն ունեցող Հոռոմը, արդեն իսկ ընդհանրություններ ունեն: Հովտաշենցի շատ երեխաներ սովորում են Հոռոմի դպրոցում: Մի համայնքի բնակիչ աշխատում է մյուս համայնքում եւ այլն:
Այնուամենայնիվ, հատկապես փոքրաթիվ բնակչություն ունեցող Հովտաշենի բնակիչները մտավախություններ ու մտահոգություններ ունեն, որոնք ներկայացրել են փոխվարչապետին:
Արմեն Գեւորգյանը հովտաշենցիներին հավաստիացրել է, որ համայնքների խոշորացման արդյունքում իրենք որեւէ հարցում չեն տուժի, առաջվա պես կշարունակեն տնօրինել իրենց հողատարածքները:
Փոխվարչապետին առաջարկվել է համայնքների խոշորացման այս ծրագրում ընդգրկել նաեւ Սարատակ եւ Լուսակերտ մոտակա գյուղերը: Արմեն Գեւորգյանը խոստացել է առաջարկը ներկայացնել ՀՀ համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգի, ինչպես նաեւ միջոցառումների ծրագրերի վերջնական լրամշակման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել