Ռազմիկ Զոհրաբյան. «Անձնապես ինձ մի կտոր հաց ու պանիրն էլ է բավարարում»
Այսօր «Ուրբաթ» ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Ի՞նչ երաշխիքներ ունեք, որ թուրքական խորհրդարանը կվավերացնի նախաստորագրված արձանագրությունները:
100 տոկոսանց երաշխիք չկա, և ամեն օր շահարկվում է մամուլում և արտասահմանում` Թուրքիայում և այլ երկրներում, որ գուցե հաստատվեն, գուցե` ոչ: Բայց երաշխիքներից մեկն այն է, որ արդեն մենք ստորագրել ենք այդ արձանագրությունները: Եթե Թուրքիան ընդհանրապես պիտի չգնա դրանց վավերացմանը, ապա ի՞նչ պետք ուներ ստորագրեր և, ընդհանրապես, դիվանագիտական խաղ անել: Թուրքիան որևէ բան չի շահում այդ ստորագրված արձանագրություններից, որ, ասենք, դա կիսատ թողնի: Կարելի է ասել, ոչ էլ մենք ենք շահում: Այսինքն` գործընթացը երկկողմանի է, երկկողմանի վստահության երաշխիքներ կան, և մենք գնում ենք դրան: Այ, երաշխիքը սա՛ է:
Եթե անմիջապես ստորագրումից առաջ թուրքական կողմը նման հայտարարություններ է փորձում անել, որոնց ընդդիմանում է մեր արտգործնախարարը, ապա ի՞նչ երաշխիք կա, որ հետագայում նման հայտարարություններ չեն լինի:
Ցյուրիխում եղավ այդ միջադեպը, երբ թուրքական կողմն իր այդ կարճ հայտարարության մեջ ուզում էր ենթատեքստում Ղարաբաղի տարածքների վերադարձման մասին հիշատակել, որին չի համաձայնել մեր արտգործնախարարը` բնականաբար, խորհրդակցելով նաև այստեղ կենտրոնի հետ: Ի վերջո, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ցույց տվեց իր կամքը, և այն, որ իրենից հրաժարականներ են պահանջում Հայաստանում, այսպես ասած, արդարացված չէ:
Այդ հայտարարությունները` և թուրքական կողմի, և հայկական կողմի, պայմանագրային փաստաթուղթ չէին, բայց դրանք մեկնաբանություն էին` ստորագրված պայմանագրի: Եվ եթե հենց առաջին պահից մենք թույլ տայինք, որ մեզ հետ խոսեն նախապայմանների լեզվով, ապա հետագայում ավելի դժվար էր լինելու:
Հայկական կողմը ցույց տվեց իր դիվանագիտական կամքը, որ մենք գնալու ենք ճշգրիտ այն պայմանավորվածություններով, որոնք եղել են: Նախապայմաններ չեն լինելու Ղարաբաղի կարգավորման հարցում. սրանք առանձին գործընթացներ են: Բնականաբար, ինչ-որ տեղ հեռու խողովակով այս խնդիրները շաղկապված են, որովհետև 2 թուրքական պետություն և 2 հայկական պետություն իրար հետ բանակցում են: Բայց տվյալ արձանագրությունների հետ որևէ կապ չկա:
Պրն Զոհրաբյան, այդ հայտարարությունների չեղյալ համարելն ընդդիմությունը բացատրում է նրանով, որ այն, ինչ առկա էր արձանագրութուններում, թուրքական կողմը փորձել է բանավոր հայտարարության մեջ ասել, և որ հայկական կողմն ամեն ձևով փորձել է կանխել այն ամենը, ինչ կա արձանագրություներում, և այդ սուտը, ինչպես իրենք են բնութագրում, բարձրաձայն չի արտահայտվել: Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության այդ կարծիքին:
Շատ դեպքերում ես հարգում եմ ընդդիմության կարծիքը: Բայց այս դեպքում, եթե արձանագրություններում որևէ տառ, որևէ բառ չկա այն մասին, ինչը, ընդդիմության ասելով, «կա տողատակերում», ապա ես ուզում եմ հասկանալ` ինչպե՞ս կարդանք այդ տեղատակերը` խոշորացույցո՞վ, թե՞ ինչով:
Եթե չկա գրված նախապայման Ղարաբաղի մասին, ապա այլևս չկա: Այլ բան են հայտարարությունները: Չէ՞ որ երբ մեր նախագահը, մեր արտգործնախարարը և էլի շատ պաշտոնյաներ հայտարարություն են անում, հայտարարություն են անում նաև Թուրքիայում: Բայց արդյունքում մենք ունենք այդ արձանագրությունները, և բառ առ բառ հետևում ենք դրանց:
Պրն Զոհրաբյան, արձանագրությունների ստորագրման արարողությունը ցույց տվեց, որ ստորագրող կողմերը հենց փորձեցին կողմերին հուզող ինչ-որ հարցում համաձայնության գալ, ճգնաժամ ծագեց: Ի՞նչ երաշխիքներ կան, որ վավերացումից, սահմանը բացելուց հետո ևս չեն ծագի հարցեր, որոնց արդյունքում վավերացումն անիմաստ կդառնա:
Ընդհանրապես հայ-թուրքական հարաբերություններում հարցեր ծագելու են և՛ մինչև խորհրդարանի հաստատումը, և՛ դրանից հետո: Բնականաբար, դուք նկատեցիք, թե ստորագրման ժամանակ ովքեր էին կանգնած 2-րդ շարքում: Հենց այդ պետություններն իրենք երաշխավոր են լինելու, և երբ մեր միջև ծագելու են այդ անհամաձայնությունները, նրանք փորձելու են ուղղել, շատ դեպքերում նաև պարտադրելու են. դա կոչվում է դիվանագիտական ճնշում:
Իսկ ո՞րն է լինելու մեր դիվանագիտության հիմնական առանցքը:
Առաջին փուլում մեր առանցքը լինելու է օգտվել բոլոր այն հնարավորություններից, ինչ ընձեռում է ճակատագիրը: Այսինքն` այսօր գերտերությունները գծել են մի առանցք, որ պետք է բացվի նաև հայ-թուրքական սահմանը: Հետո ուրիշ սահմաններ էլ են բացվելու, որոնք հարաբերական փակ են: Բայց առաջինը սա է: Այսինքն` կան գեոքաղաքական շահեր, որոնցից նաև մենք ենք օգտվում: Մենք էլ ունենք այդ շահերը: Դա կարճ ճանապարհն է` դեպի Եվրոպա, ծովեր, թուրքերի հետ տնտեսական համագործակցությունը:
Բնականաբար, նաև Ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների վերացման գործընթաց է լինելու, բայց այն դեպքում, երբ հայ և թուրք հասարակությունները կամաց-կամաց կընտելանան դրան: Ժողովրդավարական աշխարհը գիտի, որ Թուրքիան փակ հասարակություն է. այնտեղ նույնիսկ արգելվում է խոսել` Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չէ: Դրա համար պատժում են: Օրենք գոյություն ունի:
Սփյուռքից երեխաներ են եկել Հայաստան և վախենում էին գնալ Ցեղասպանության թանգարան, հուշարձան, որովհետև իրենց մոտ օրենք կա: Հայ երեխեքը վախենում էին:
Դեռ Թուրքիայի օրենսդրություն պետք է փոխվի: Այսինքն` դեռ շատ պրոցեսներ կան:
Այդ ենթահանձնաժողովը մի սիմվոլիկ բան է: Հայ-թուրքական համատեղ ուրիշ կառույցներ էլ են լինելու, որոնք մեկնաբանելու են, բացահայտելու են: Թուրք հասարակությունը պետք է սովորի, որ իր նախնիները հանցագործություն են արել: Թուրք հասարակությունը քիչ է տեղյակ:
Միայն տեղյակ են պետական պաշտոնյաները, պատմաբանները:
Դուք ընդունում եք, որ հանձնաժողովում Ցեղասպանության հարցե՞րն են քննարկվելու:
Մենք կարող ենք մի օրակարգային հարցով մտնել, իրենք` մեկ այլ: Այդտեղ քվեարկությամբ է որոշվելու` այդ հարցը քննարկե՞նք, թե՞ չքննարկենք: Թուրքական կողմը կարող է մտցնել օրակարգ, որ «այսօր քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը»: Բայց այլ հարց է` հայկական կողմը դրան կհամաձայնի՞, թե՞ չէ: Միակողմանի քննարկում չի կարող լինել:
Պրն Զոհրաբյան, նախագահ Սարգսյանը հայտարարում էր, թե կգնա Թուրքիա` ֆուտբոլային խաղը դիտելու, միայն այն ժամանակ, երբ սահմանները բաց կլինեն, կամ դրան մոտ կլինենք: Ինչ ենք կարծում` մո՞տ ենք դրան, թե՞ ոչ:
Նախագահը նման հայտարարություն արել է, որ կգնա Թուրքիա, երբ սահմանները բաց կլինեն, կամ տեղաշարժ կլինի այդ ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում` այս արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում այդ տեղաշարժի մասին չի՞ խոսում: Արձանագրությունների ստորագրումը առաջին փուլն է: Երկրորդ` վերջնական փուլը լինելու է երկու խորհրդարանների հաստատումը: Այսինքն` տեղաշարժ կա:
Էրդողանը շարունակ հայտարարում է, թե սահմանը կբացվի միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղի, իր խոսքերով, «գրավյալ տարածքները» կվերադարձվեն Ադրբեջանին: Հիմա ո՞րն է ավելի մոտ:
Էրդողանը անընդհատ հայտարարում է այդ մասին: Ընդհանրապես թուրքական կողմն այդ մասին հայտարարում է 93 թ.-ից, երբ այդ տարածքներն ազատագրվեցին: Եվ մինչև օրս էլ հայտարարում են: Բայց Էրդողանի կամ Գյուլի այդ հայտարարությւոններին զուգահեռ ստորագրվեցին արձանագրությունները, և գնում ենք 2-րդ փուլ` դեպի խորհրդարանում հաստատելու: Այնպես որ, իրար չեն խանգարում:
Դուք ասում եք, որ չնայած Թուրքիայի հայտարարություններին` կստորագրվեն: Այդ հայտարարություններն անում են հարևան երկրի 2 առաջին դեմքերը, որոնք նաև արտաքին քաղաքականություն իրագործողներն են: Այսինքն` իրենք հենց այնպես չեն հայտարարում. իրենք ունեն լծակներ` այդ ամենը կյանքի կոչելու համար:
Եթե հայտարարում են որևէ պետության առաջին դեմքերը, լինի դա Թուրքիան, Հայաստանը կամ մի այլ եվրոպական պետություն, բնականաբար, դա ունի նաև գերիշխող ազդեցություն: Բայց պրոտոկոլային տեքստը այլ բան է, հայտարարությունն այլ բան է, որովհետև սա քաղաքականություն էր. այսօր կարող ես մի բան ասել, վաղը ասել. «Ես որ ասում էի այսպես, դա այդպես չէր. այ այսպես էր»:
Դա քաղաքականության, դիվանագիտության մեջ ընդունված բան է: Կասի դա առաջնորդը, նրա տեղակալը, թե տեղակալի տեղակալը, բոլորովին կապ չունի: Մենք գնում ենք Թուրքիայի հետ փաստաթղթային հարաբերությունների: Իսկ հայտարարությունները միշտ լինելու են:
Դուք կարո՞ղ եք կանխատեսել, թե ինչ հաշվով կվերջանա Թուրքիա-Հայաստան խաղը:
Կանխատեսել չեմ կարող: Ինձ համար ֆուտբոլային խաղն ավելի անկանխատեսելի է, քան հայ-թուրքական հարաբերությունները: Ավելի շատ կարող եմ կանխատեսել` խորհրդարաններում կվավերացվի՞, թե՞ ոչ, քան թե խաղի հաշվը:
Կանխատեսեք` կվավերացվե՞ն, թե՞ ոչ:
Ես մեծ մասամբ հուսով եմ, որ կվավերացնեն: Ժամկետը չեմ կարող ասել: Գուցե ձգվի մինչև գարուն: Բայց կվավերացվեն:
Հնարավո՞ր է, որ Հայաստանը Թուրքիայից շուտ վավերացնի:
Ոչ: Արդեն պաշտոնապես ասվել է, որ մենք սպասելու ենք Թուրքիայի վավերացմանը: Հետո մենք շատ կարճ ժամկետում կվավերացնենք: Այսօր` այդ խաղից հետո կամ առաջ, 2 առաջնորդներն այդ խելամիտ ժամկետի մասին կխոսեն:
Պրն Զոհրաբյան, Հիլարի Քլինթոնի ակտիվությունը, անհանգստությունը, մտահոգությունը բացահայտ էին: Ձեր կարծիքով` նա այդպես կշարունակի՞ մինչև Ղարաբաղյան հարցում պարտադրանք:
Քանի տարի հետո կլուծվի Ղարաբաղի հարցը, ես էլ չեմ կարող ասել: Եվ այսօր մեր ուշադրությունն ավելի շատ սևեռված է հայ-թուրքական հարաբերությունների վրա: Ղարաբաղի հարցը, կարծես թե, սառեց: Այդ հանդիպումներն էլ ցուց տվեցին, որ առանձնապես որևէ փաստաթուղթ չէր ստորագրվելու, այլ զուտ խոսակցություններ էին: Կարծես թե, հերթական հանդիպումն էր:
Այնտեղ որևէ առաջընթաց չի եղել. էլի զուտ խոսվել է կարգավիճակի մասին` միջանկյալ և վերջնական: Իսկ այդ կարգավիճակի մասին, կարծում եմ, որ անընդհատ դեռ խոսակցություններ լինելու են: Եվ Միացյալ Նահանգներն էլ այս տարածաշրջանում այդ հարցն այդպես հստակ չի կարող լուծել:
Ընդհանրապես և Ղարաբաղի հարցը, և հայ-թուրքական հարցը նաև կապված են գեոքաղաքական խնդիրների, այսինքն` մեծ տերությունների շահերի և նրանց, ասենք, լուծումների հետ: Միացյալ Նահանգների, հատկապես Ռուսաստանի, որովհետև հայ-ադրբեջանական պատերազմը եղել է Ռուսաստանի, այսպես ասած, ուշադիր վերահսկողության ներքո: Եվ այդ սահմաններն էլ, հնարավոր է, հենց գծված են իրենց հսկողության ներքո, և լուծումն էլ էլի կապված է նաև իրենց հետ:
Այնպես որ, գուցե այդ մասին նաև խոսվել է Մոսկվայում այս վերջին օրերին, երբ Հանրապետություն նախագահը Մոսկվայում էր: Բայց բացահայտ որոշակի տեղեկատվություն չկա:
Պրն Զոհրաբյան, անցյալ տարի նախագահ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Գյուլին Հայաստան հրավիրելու իր մտադրության մասին: Եվ այս տարի Թուրքիա մեկնելուց առաջ նա նույնպես հանդիպում ունեցավ Դմիտրի Մեդվեդևի հետ: Սա պարտադրա՞նք է, թե՞ կարելի է դիտարկել որպես դիրքերի համաձայնեցում:
Սրանից գաղտնիք չի կարելի անել: Հայ-ռուսական հարաբերությունները շատ սերտ են: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է: Եվ Ռուսաստանն է ՀԱՊԿ կազմակերպիչը, և, բնականաբար, առաջնորդերը պետք է իրար հետ խորհրդակցեն արտաքին հարաբերությունների կառուցման հարցում: Այստեղ ի՞նչ զարմանալի բան կա: Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք:
Ձեր կանխատեսմամբ` թուրք-ադրբեջանական հարաբերություններն ինչպե՞ս կզարգանան:
Թուրք-ադրբեջանական հարաբերություններում այս վերջին ամիսներին, հատկապես երբ արդեն պաշտոնապես բարձրացվեց արձանագրությունները ստորագրելու խնդիրը, կարծես թե հարաբերական լարվածություն ստեղծվեց: Այնտեղ տարբեր մոտեցումներ կային, ասենք, թուրքական ֆիրմաներին ինչ-որ հարկային ճնշումների ենթրակելու: Դա էստեղ էլ է տեղի ունենում. եթե մեկը իրեն լավ չի պահում, հարկայինը գնում է ստուգելու:
Նույնիսկ այս վերջերս տարածվեցին լուրեր, որ այնտեղ ակցիաներ են անում, թուրքական առաջնորդների նկարներ են վառում և այլն: Ուրեմն այնտեղ հարաբերություններում էլ կա լարվածություն: Բայց ես չէի ասի, որ դա շատ խիստ է, որովհետև ադրբեջանաթուրքական հարաբերությունները նույնն են, ինչ, ասենք, Հայաստան-Արցախ հարաբերությունները. մենք բոլորս էլ հայ ենք, ունենք ընդհանուր խնդիր: Նրանք էլ թուրքական տարր են և ունեն ընդհանուր խնդիրներ:
Ինչո՞վ կբացատրեք, որ ՀՅԴ-ի` հոկտեմբերի 9-ին նախատեսված հանրահավքն արտոնվեց, իսկ հոկտեմբերի 16-ի հանրահավաքը չարտոնվեց, և պարզաբանեցին, որ այդ օրն այդ ժամին ուրիշ միջոցառում է լինելու: Այդ հանրահավաքը չատոնելը ձևական չէ՞ր: Ընդդիմադիր դաշտում կարծես վերադասավորումներ են սպասվում: Դա ի՞նչ զարգացումներ և հետևանքներ կունենա իշխանությունների համար:
Քաղաքապետարանն է որոշում` այդ օրն ինչ միջոցառում ունի: Կարծում եմ` նույնիսկ եթե արգելեն, դաշնակներն այն ուժերն են, որ իրենք այդ միտինգը, ի վերջո, կանեն: Խնդիր չեմ տեսնում այդտեղ:
Վերջերս մամուլում մի տեղ ես հիշատակել էի, որ ՀԱԿ-ն ավելի ծանրակշիռ ուժ է, քան Դաշնակցությունը: Դաշնակներն ինձանից նեղացել էին: Իրականում ո՞վ է ասում, որ ՀԱԿ-ը ծանրակշիռ ուժ չէ: Վերջին ընտրություններին մենք դրա ուժն էլ տեսանք, դիմադրությունն էլ տեսանք, Դաշնակցության ձայների քանակն էլ տեսանք, ուժն էլ տեսանք: Ես իսկապես միշտ ասում եմ այն, ինչ կա: Այլ բան է, թե ինչ են ուզում դաշնակները, ինչ է ուզում ՀԱԿ-ը, ինչ են ուզում մյուս ուժերը:
Վերադասավորումներ այս պահին դեռևս ես չեմ տեսնում: ՀԱԿ-ն իր պահանջները միշտ էլ ներկայացրել է` իշխանափոխություն, հրաժարականներ, բայց հայ-թուրքական հարաբերություններին` որպես սկզբունք, ինքը դեմ չէ: Պարզապես դեմ է, ասենք, ենթահանձնաժողովի ստեղծմանը:
Դաշնակցությունը, բնականաբար, 119 տարեկան քաղաքական ուժ է, և եթե մենք չենք տեսել 18-20 թթ., պայմանագրեր` Ալեքսանդրապոլի, Ղարսի և այլն, ապա այդ կուսակցությունը դրանք տեսել է: Եվ, բնականաբար, այսօր թուրքերի հետ իրենք ունեն պատմական խնդիրներ և այսպես ընդդիմացել են: Հիմա մենք ինչ էլ ասենք, իրենք ասելու են. «Դա սխալ է, եկեք մեր ձևով անենք»: Իսկ իրենց ձևը դեռ հայտնի չէ մեզ: Մենք ներկայացրել ենք, թե ինչ ենք ուզում` հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, պայմանգրեր և այլն: Իրենք դեռ չեն առաջարկել ամբողջական մի բան: Ընդամենը, ասենք, ընդդիմանում են, կազմակերպում են տարատեսակ ցույցեր այստեղ, սփյուռքում և այլն:
Ի դեպ, սփյուռքի մասին: Նախագահի խնդիրը չէր գնալ սփյուռք և նրանց համոզել, որ «այս հայ-թուրքական հարաբերություններում այս արձանագրությունները շատ կարևոր են, պետք է սկսել և այլն»: Պարզապես որպես ստրատեգ` Հանրապետության նախագահը շատ կարճ ժամկետում` ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, համայն աշխարհին ցուցադրեց հայության ուժը, որ կա այսպիսի 10 մլն-անոց ժողովուրդ, որն ունի համաշխարհային ազդեցություն: Համարյա բոլոր երկրներում ունենք կազմակերպված համայնքներ, Հայ դատը, Ցեղապանության ճանաչումը հետապնդող կազմակերպություններ, և այս հայությունը միասնական է` բացառությամբ որոշակի անհամաձայնությունների` կոնկրետ այս հարցում:
Այսինքն` մինչև այսօր չի եղել առաջնորդներից որևէ մեկը, որ աշխարհին կարողանար վիզուալ ցույց տալ` ինչ է հայությունը, ինչ է սփյուռքը, ինչ է Հայաստանը: Եվ սա ամբողջական մի մարմին է, և որևէ բանում զիջում չի լինելու: Եվ իր ուղերձում էլ ինքը նշեց, որ «մենք հետամուտ ենք լինելու մեր հայրենատիրությանը»:
Դուք նշեցիք, որ այլ փակ սահմաններ ևս կան: Կհստակեցնե՞ք` հայ-ադրբեջանական սահմանին Ձեր ասածը վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ:
Ճիշտն ասած, եկեք մի հատ հորով-մորով անենք հայ-թուրքական սահմանը: Հետո Ղարաբաղի խնդրի հետ կապված լուծումներ են պետք, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանը բացվի: Իսկ լուծումներում դեռ մենք ընդհանուր լեզու չենք գտնել Ադրբեջանի հետ: Այսօր բանակցությունները շարունակվում են «Մադրիդյան սկզբունքների» հիմքի վրա, բայց կոնկրետ որոշակի բան դեռ չկա:
Այսինքն` Ձեր ասածից բխո՞ւմ է, որ եթե լինի գերտերությունների ճնշում, այլ սահմաններ էլ են բացվելու:
Հնարավոր է` նաև այո: Չեմ ասում` ամենակարող են գերտերությունները, որովհետև մենք ունենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքը` համաձայնելու կամ չհամաձայնելու: Բայց կյանքի փորձից գիտենք, որ հզորները միշտ կարողանում են թույլերին շատ բաներ պարտադրել: Եթե մենք հզոր լինեինք, ապա մենք կունենայինք 340 հզ. քառ. կմ տարածք, ինչպես եղել է, ասենք, Տիգրան Մեծի ժամանակ կամ նրանից առաջ, և ոչ թե կունենայինք 29 հզ.` գումարած Ղարաբաղը: Թույլ ենք, չէ՞, որ հանձնել ենք անընդհատ: Կյանքը ասում է այդ մասին:
Անձամբ Ձեր` Ռազմիկ Զոհրաբյանի ինչի՞ն են պետք բաց սահմանները:
Անձնապես ինձ մի կտոր հաց ու պանիրն էլ է բավարարում` որպես մարդ այս աշխարհում ապրելու համար: Բայց մեր ազգին, մեր ժողովրդին է պետք, որովհետև մենք նույնպես ինտեգրվում ենք եվրոպական կառույցներին: Իսկ սա փակ սահման է Եվրամիության և Հայաստանի արանքում: Ի վերջո, շահագրգռված են նաև Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և նույնիսկ Չինաստանը: Այստեղ զուտ սահմանը բացելու խնդիր է:
Երկրորդ` մենք դրանից շահելու ենք տնտեսապես, փորձելու ենք մրցակից լինելու թուրքական տնտեսությանը: Բնականաբար, կասեք` Հայաստանի 3 մլն հայությունը և 70 մլն-անոց Թուրքիան ինչպե՞ս են մրցելու: Ճապոնացիներն ավելի փոքր կղզիների վրա են ապրում, բայց ապացուցեցին, որ իրենց ինտելեկտուալ ունակություններով կարող են տնտեսությունն այնպես զարգացնել, որ գերհզոր, մեծ տարածքներով պետություններն այսօր չկարողանան մրցակցել իրենց հետ: Այսօր մեր փողոցներում ճապոնական մեքենաներ են, ճապոնական սարքեր են, բոլորի գրպաններում ճապոնական հեռախոսներն են: Այսինքն` մրցակցությունը չի խոսում քանակի մասին. այստեղ որակի խնդիր կա:
Ձեզ համար` որպես հայ մարդու, վիրավորական չէ՞ր Էդվարդ Նալբանդյանի վիճակը ստորագրման պահին, երբ Խավիեր Սոլանան մեծավարի նրա ուսին թփթփացրեց, ականջը բռնեց, և Նալբանդյանի ժպտալը չէր գալիս: Արարողակարգային բաները նույնիսկ չէին պահպանում:
Ասեք այնպիսի բաներ, որ եղել են: Ականջ բռնել չի եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել