Ոստիկանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության` Կոտայքի մարզային վարչության ՔՀԲ օպերլիազորի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ շորթմամբ խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ օպերլիազոր Մ. Յախանյանը, 2008 թ. դեկտեմբերի 17-ին դիտավորությամբ դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, առանց քրեադատավարական օրենքով նախատեսված հիմքերի` Կոտայքի մարզային վարչություն բերման է ենթարկել քաղաքացիներ Ա. Իգնատենկոյին եւ Մ. Մկոյանին` իբր տեղի ունեցած վրաերթի կապակցությամբ ճանաչման ներկայացնելու պատրվակով:
Սակայն Մ. Յախանյանը քաղաքացիներ Իգնատենկոյին եւ Մկոյանին հայտնել է, թե նրանց բերման ենթարկելու իրական պատճառը մարմնավաճառներ Մ. Պողոսյանի եւ Հ. Բաբայանի բողոքն է` նախորդ օրը Աբովյան քաղաքի «Ղարս» ռեստորանային համալիրում իրենց բռնաբարելու մասին:
Մ. Յախանյանը, առանց բռնաբարության մասին հաղորդում ընդունելու եւ այն գրանցելու, սկսել է այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստել` հանցագործությունների, պատահարների մասին հաղորդումներ եւ այլ տեղեկություններ ընդունելու, գրանցելու, հաշվառելու, քննարկելու, ընթացք տալու սահմանված կարգի խախտմամբ:
Բռնաբարության մեղադրանքով քրեական գործ չհարուցելու համար Ա. Իգնատենկոյից եւ Մ. Մկոյանից Մ. Յախոյանը պահանջել է 3000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն սակարկելու արդյունքում համաձայնության են եկել 1500 ԱՄՆ դոլարի շուրջ, որից հետո միայն Մ. Յախոյանը նրանց ազատ է արձակել:
2008թ. դեկտեմբերի 18-ին ոստիկանության` Կոտայքի մարզային վարչության վարչական շենքի երրորդ հարկի միջանցքում, ապա նույն հարկի աշխատասենյակներից մեկում Մ. Յախանյանն Ա. Իգնատենկոյից եւ Մ. Մկոյանից շորթմամբ ստացել է համապատասխանաբար 1000 եւ 500` ընդհանուր 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա` ՀՀ ոստիկանության` Կոտայքի մարզային վարչության ՔՀԲ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Մ. Յախանյանին մեղադրանք է առաջադրվել ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:
Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար»,- հայտնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել