HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Հաշվապահության եւ աուդիտի ոլորտում լուրջ խնդիրներ կան»

14_10-govՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է Ստանդարտների ազգային ինստիտուտ։ Նա շրջել է ինստիտուտի լաբորատորիայում եւ ծանոթացել ինստիտուտի հնարավորություններին եւ աշխատանքների ընթացքին։ Կառավարության մամլո գրասենյակի հաղորդմամբ` այնուհետև վարչապետը եղել է Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնում, որտեղ ասոցիացիայի կողմից կազմակերպված հաշվապահական դասընթացների շրջանավարտներին հանձնել է որակավորման վկայականներ։ 14_10-gov1Շնորհավորելով նրանց, վարչապետն անդրադարձել է նաեւ ստանդարտների միջազգային օրվան ու մասնավորապես ասել է. «Ստանդարտների ազգային իստիտուտն այսօր նշում է իր մասնագիտական տոնը։ Հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի գլխավոր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում այն է, որ մենք ձեզ հետ միասին նպաստենք, որպեսզի միջազգային ստանդարտները ամբողջական ներդրում ունենան եւ հետեւենք, որպեսզի մեր ձեռներեցները պատշաճ հաշվապահական հաշվառում իրականացնեն միջազգային լավագույն ստանդարտների տրամաբանության ներքո։ Դուք կարող եք հեշտացնել մարդու կյանքը բիզնեսում, կենցաղում, արտադրության մեջ, կարող եք ապահովել մեր անվտանգությունը։ Իսկ այդ անվտանգությունն ունի ոչ միայն ֆիզիկական բովանդակություն, այլ նաեւ տնտեսագիտական, որովհետեւ մենք ձեզ հետ միասին մեզ ավելի լավ կզգանք հասարակությունում, որտեղ տնտեսական կյանքի բոլոր կանոնները պահպանում են, իսկ դա նշանակում է, որ նրանք ազնիվ եւ արդար ձեւով ներկայացնում են իրենց իրական ֆինանսական վիճակը, դառնում են հասկանալի մնացած սուբյեկտների համար։ Նրանք դառնում են վստահելի, հենց այն պատճառով, որ իրենց կողմից հրապարակված ֆինասնական փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը եւ դուք կարող եք ճշմարիտ կարծիք կազմել այդ սուբյեկտի մասին։ Ցավոք դեռ հաշվապահության եւ աուդիտի ոլորտում լուրջ խնդիրներ կան, որոշ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը թափանցիկ չէ հասարակության համար եւ հասարակությունը չի վստահում նրանց ներկայացրած ֆինանսական հաշվետվություններին, դա տնտեսական համակարգին լուրջ հարված է հասցնում։ Ասոցիացիայի զարգացման արդյունքում պետք է ավելանա հասարակության վստահությունը, բազմաթիվ ավելորդ ծախսեր կարող են կրճատվել, կվերանան բազմաթիվ միջնորդ կապեր»: Վարչապետի խոսքով` այսօր մտահոգության առարկան կարող է լինել այն, թե արդյոք ասոցիացիան կայացա՞ծ է եւ առանց լրացուցիչ ֆինանսական օժանդակության այն կարո՞ղ է զարգանալ։ Ասոցիացիայի պատրաստած կադրերը, որոնց մեջ կան նաեւ աուդիտորներ, վարչապետի խոսքով, աշխատաշուկայում շուտով ավելի մեծ պահանջարկ կունենան, քանի որ 2010-ից լրացուցիչ բեռ է դրվելու աուդիտորական ընկերությունների վրա. օրենքով խոշոր ձեռնարկությունների գործունեությունը պարտադիր պետք է անկախ աուդիտորական ընկերությունների կողմից ուսումնասիրվի եւ ուսումնասիրության արդյունքներն ու ֆինանսական հաշվետվությունները պետք է հրապարակվեն. «դա նշանակում է, որ հարյուրավոր խոշոր ձեռնարկություններ որակյալ աուդիտորական ընկերությունների ծառայությունների պահանջ կունենան»: Կառավարության ղեկավարը նշել է, որ այժմ կան այնպիսի աուդիտորական ընկերություններ, որոնք առանց ստուգումների, առանց հաշվապահական կանոնների համապատասխանության, իրենց կնիքն են դնում հաշվետվությունների վրա եւ շուկան պետք է մաքրվի այդպիսիներից։ Վարչապետը խնդրել է ասոցիացիայի ղեկավարությանը` լուրջ քննարկման թեմա դարձնել որակյալ աուդիտորների պատրաստման հարցը, որպեսզի նրանք պատրաստ լինեն 2010թ. ստանձնել խոշոր ձեռնարկությունների գործունեությունն աուդիտի ենթարկելու աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter