HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահանը դատարկվում է երիտասարդներից

15_10-Vahan

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի 1230 բնակիչների մեջ գրեթե երիտասարդություն չի մնացել, քանի որ աշխատանք չունենալով նրանք գյուղից հեռացել են:

«Հետքի» հետ զրույցում Վահանի գյուղապետի տեղակալ Արշակ Մկրտչյանն ասաց, որ գյուղի երիտասարդության մի փոքր մասն աշխատանք չունենալով դարձել է պայմանագրային զինծառայող, իսկ մնացածը` հեռացել են:

«Վերջին 2 տարում գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեծանում է, այն դեպքում, երբ հազվագյուտ էր լինում, որ Վահանից մեկնեին արտագնա աշխատանքի: Երիտասարդությունը գյուղից փախնում է, որովհետեւ պարապ են, գործ չկա, որ աշխատեն»,- ասաց Ա. Մկրտչյանը:

Երբ խոսեցինք բնակչության սոցիալական պայմանների մասին, գյուղապետի տեղակալը դժգոհեց, թե գյուղապետարանն էլ «մի հալի չի» եւ նախորդ տարիներից կուտակած պարտքեր ունեն:

«Այսօրվա դրությամբ 19 միլիոն դրամ գյուղապետարանը պարտք ունի: Գյուղապետը ժամանակացույց է կազմել, որ նախկին աշխատավարձերը վճարենք: Մենակ մի լավ բան է եղել, որ միջոցներ ենք հատկացնում ներկա աշխատողների աշխատավարձերը վճարելու համար, որպեսզի հին պարտքին նորերը չավելացնենք»,- ասաց Արշակ Մկրտչյանը:

Նա ասաց, թե իրենց բյուջեի սուղ միջոցներից դեռ վահանցիներին էլ են օգնություն հատկացնում. «Օրինակ` այս տարվա դպրոցի շրջանավարտներին օգնություն ենք տվել: Նրանց ընտանիքների հողի հարկի պարտքերից 5000-ական դրամներ ենք զիջել: Եթե այդ մեծ պարտքը չլիներ, էլի կկարենաինք ինչ-որ բանով օգնեինք»:

Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Վահան գյուղում ոչ մի ներդրում չի արվել: Անմխիթար եւ տեղ-տեղ անանցանելի են դարձել գյուղի ճանապարհները: Հատկապես դժվարանցանելի է գյուղի Ճամբարակ քաղաքին կապող միակ ավտոճանապարհը: Գյուղացիները կատակում են, թե հատուկ նավակ են պատվիրելու, որպեսզի անձրեւոտ օրերին նավով հասնեն Ճամբարակ, քանի որ ճանապարհը ցեխոտ է ու փոսաջրերով լի (տես առաջին լուսանկարը): Այժմ վերանորոգում են գյուղի ճանապարհները, սակայն այս տարի դժվար կարողանան ավարտին հասցնել:

Բացի դա, ասֆալտ են անում թաց գետնի վրա, ինչը լավ որակ չի երաշխավորում: Ճանապարհների վերանորոգման աշխատանքներում օրը 3-4 հազար դրամով աշխատում են նաեւ դպրոցահասակ երախաներ, որոնք դասերից հետո անմիջապես շտապում են աշխատանքի եւ հացի գումար աշխատում:

15_10-Vahan1

Գյուղում քայքայված է խմելաջրի խողովակաշարը: Վահանի ջրի ակունքը գտնվում է սարերում եւ այնտեղից մինչեւ գյուղ ձգվող 7 կիլոմետրանոց խողովակը մաշված է եւ այդ պատճառով ավելի շատ ջուր է կորում, քան հասնում է գյուղ: Փողոցներ կան, որ մի 2 տան բակում է ջուր գալիս եւ հարեւանները ստիպված դույլերով այնտեղից են ջուր տանում, ընդ որում` ջուր կրողների տարիքային սահմանափակում չկա:

15_10-Vahan3

«Մեր գյուղում մինակ էդ ա հավասար, որ ահել-ջահել ջուր են կրում»,- ասաց Ռիմա տատը, որը նույնպես դույլերով ջուր տանելու գործով էր զբաղված:  «Ջրամատակարարումը գյուղապետարանի ենթակայության տակ է, բայց մենք էլ այդքան բյուջե չունենք, որ կարողանանք խողովակները վերանորոգենք: Ջրի համար լուրջ ներդրումներ են պետք»,- նշեց Ա. Մկրտչյանը: Նշենք, որ Վահան գյուղի ընդհանուր բյուջեն 18 միլիոն դրամ է, որից սեփական եկամուտներն ընդամենը` 4 միլիոն 460 հազար դրամ: Գյուղապետի տեղակալից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են մարդիկ հեռանում Վահանից: Արշակ Մկրտչյանի ասելով` մարդիկ աշխատանք չունեն, գյուղատնտեսությունն իրեն չի արդարացնում այդ իսկ պատճառով էլ լքում են գյուղը:

«Գյուղում ամենալավ տունը 5 000 դոլարով է վաճառվում: Հենց հիմա մեր գյուղացիներից մեկն իր երկհարկանի տունը 2 000 դոլարով վաճառում է, բայց առնող չկա: Ստեղ ո՞վ պիտի տուն առնի: Ով էլ հնարավորություն ունի` Երեւան է տեղափոխվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter