«Միացում» նախաձեռնության հայտարարությունը
Այսօր «Միացում» ազգային նախաձեռնությունը Նոր-Նորք համայնքում` Նորքի 2-րդ զանգվածում, կազմակերպել էր հերթական ստորագրահավաքը «թուրքական արձանագրությունների» և «մադրիդյան սկզբունքների» դեմ:
Նախորդ օրերին Երևանի այլ համայնքներում ստորագրահավաքն անցել էր համեմատաբար խաղաղ պայմաններում, բացառությամբ, երբ իրավապահները փորձել էին խոչընդոտել «թուրքական արձանագրությունների» խորհրդանշական այրումը:
Այսօր ստորագրահավաքը սկսելու պահից սկսած 5-10 հոգանի քաղաքացիական հագուստով մի քանի խմբեր, պարբերաբար իրար փոխարինելով, փորձել են խոչընդոտել կազմակերպիչների աշխատանքը: Տարբեր պատճառաբանություններով, սրելով իրավիճակը, այդ անձինք «Միացման» անդամներին փորձել են ներքաշել վիճաբանության մեջ:
Նրանց մի մասը քաղաքացիներին հորդորել են, որ չմոտենան սեղանիկին և չստորագրեն: Այդ անձանց ապօրինի գործողություններին հանգիստ հետևել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք ստեղծված իրավիճակի մասին իրազեկվել էին «Միացման» անդամների կողմից:
Լրագրողների, տեսա և ֆոտոխցիկների տվյալ վայրում ներկա գտնվելու պահին խուլիգանական արարք կատարող անձիք արագ հեռացել են այդ վայրից և կրկին վերադարձել միայն վերջիններիս բացակայության ժամանակ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ստորագրահավաքի կազմակերպիչներին նույնպես հորդորել են, որպեսզի վերջիններս հեռանան այդ վայրից և չզբաղվեն ստորագրություններ հավաքելով: «Միացման» անդամները, ի վերջո, տեսնելով, որ իրավիճակի սրումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, հեռացել են տվյալ վայրից:
«Միացում» ազգային նախաձեռնությունը մեկ անգամ ևս փաստում է, որ այս բռնատիրական ռեժիմը, ապօրինի գործողություններով փորձում է լռեցնել հայ ժողովրդի անկեղծ ձայնը, կոտրել նրա կամքը և ժողովրդին պարտադրել ի սկզբանե հայության, Հայաստանի Հանրապետության և Արցախի համար պարտվողական, ազգուրաց այն փաստաթղթերի վավերացումը, որը կոչվում է «թուրքական արձանագրություններ» և «մադրիդյան սկզբունքներ»:
«Միացում» ազգային նախաձեռնությունը վճռական է տրամադրված և ապագա իր գործունեության մասին ԶԼՄ-երի միջոցով կիրազեկի հանրությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել