Մեկ տարվա ընթացքում շուրջ 26 մլն զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա: Աշխարհում զբոսաշրջիկներ ընդունող երկրների մեջ այն երրորդ տեղում է: Զբոսաշրջիկների թիվը բաշխվում է այսպես` Գերմանիա` շուրջ 4 մլն, Ռուսաստան` 3 մլն, հաջորդը եվրոպական այլ երկրներն են: Թե որքան զբոսաշրջիկ է գալիս Հայաստանից, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության փոխնախարարը չգիտեր, քանի որ այդ մասին նախարարությունում տեղեկություններ չկան: Նա միայն նշեց, որ արտգործնախարարության տվյալներից ելնելով` տարեկան Հայաստանից 50 հազար հայ է գալիս Թուրքիա աշխատելու:
«Եթե սահմանը բացվի, այս 26 մլն-ը մեկ օրով կարող է Հայաստան գնալ: Սահմանի բացումը խաղաղության ճանապարհ է: Մենք շատ նման ազգեր ենք, սահմանի բացումից հետո կերևա, թե մենք իսկապես ինչքան նման ժողովուրդներ ենք»,- Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում ասաց փոխնախարար Իսմեթ Յիլմազը:
«Հետքի» հարցին, թե բացի զբոսաշրջությունից` սահմանի բացման դեպքում մշակութային որ ճյուղերում կարող են երկու երկրները համագործակցել, Իսմեթ Յիլմազը հույս հայտնեց, որ կարող են համագործակցել թե ֆիլմարտադրության, թե թատրոնի, թե արվեստի այլ ճյուղերում: «Պետք է այնպես լինի, որ մի օր մեր ժողովուրդները միասին «Սարիգիլե» երգեն»,-ասաց փոխնախարարը:
«Ինչպես Հայաստանում են սովորեցնում, թե որքան հայ են սպանել թուրքերը, այնպես էլ Թուրքիայում են սովորեցնում, որ հայերը սպանել են թուրքերին: Երբ ձեր կողմին են լսում, ասում են` ճիշտ եք: Բայց երկու կողմին էլ պետք է լսել»,- անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման հարցին` ասաց Մշակույթի և զբոսաշրջության փոխնախարարը:
Նրա խոսքերով` պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն պետք է ամեն ինչ անել, որ մեր երեխաները խաղաղ երկրում ապրեն:
Թուրքիայի մշակույթի փոխնախարար Իսմեթ Յիլմազը դեռևս չգիտի, թե Ախթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում, ի վերջո, երբ կտեղադրվի խաչը: Երեկ Հայաստանից ժամանած լրագրողներին Մշակույթի և տուրիզմի նախարարությունում ընդունելիս նա նշեց, որ իրենք հոգ են տանում իրենց երկրում ապրող ազգային փոքրամասնությունների մշակութային արժեքները պահպանելու համար:
«Մենք մտածում ենք, որ դրանք մերն են: Այսինքն` ինչպես որ մերն է, այնպես և ձերն է, այնպես էլ բոլոր մարդկանցը: Թուրքիայի բոլոր մշակութային հուշարձանների պահպանությունը մեր գործն է»,- հաստատեց փոխնախարարը:
Անկարա
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել