HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Ղարաբաղ-2014»-ը` Ստեփանակերտում

Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցավ «Հաշտության պաշարներ» միջազգային կազմակերպության «Ղարաբաղ-2014» նախագծի շնորհանդեսը: Նախագծի շրջանակներում Հայաստանից եւ Ադրբեջանից 3-ական փորձագետներ վերլուծական հոդվածներում ներկայացրել են իրենց կանխատեսումները` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ստեփանակերտում տեղի ունեցած շնորհանդեսին ներկա էին հայաստանյան հեղինակները, ինչպես նաեւ «Հաշտության պաշարներ» կազմակերպության կովկասյան ծրագրի համակարգող Լոուրենս Բրոյերսը: Միջոցառման ներկաներին, որոնք հիմնականում հասարակական սեկտորի ներկայացուցիչներ ու լրագրողներ էին, հայաստանյան հեղինակներ Կարեն Բեքարյանը, Մանվել Սարգսյանը եւ Միքայել Զոլյանը կարճ ներկայացրեցին իրենց կանխատեսումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, իսկ Լոուրենս Բրոյերսն էլ ծանոթացրեց ադրբեջանական հեղինակների հոդվածներին: «Ղարաբաղ-2014»-ի բոլոր վեց հեղինակների հոդվածները տպագրվել են «Անալիտիկոն» ղարաբաղյան ամսագրում /www.analyticon.org/: Շնորհանդեսի մասնակիցներից ոմանք նախագիծը գնահատեցին թերի, քանի որ նրանում ներկայացված չէին Ղարաբաղի փորձագետները, մանավանդ որ խոսքը հենց Ղարաբաղի ճակատագրի մասին է: Ի պատասխան` Լոուրենս Բրոյերսն ասաց, որ դա դաս կլինի իրենց համար` հետագա աշխատանքներում: Նա միաժամանակ շեշտեց, որ իրենց կազմակերպությունը միշտ չէ սիմետրիայի սկզբունքով առաջնորդվում, եւ շատ հաճախ ծրագրերում ընդգրկվում են ոչ թե բոլոր կողմերը, այլ կողմերից մեկը կամ երկուսը: Կազմակերպության աջակցությամբ, օրինակ, մոտ հինգ տարի լույս է տեսել «Դեմո» հանրային թերթը, որը միայն Ղարաբաղում էր տպագրվում: Ներկայումս էլ շարունակվում է «Երկխոսություն՝ ֆիլմերի միջոցով» ծրագիրը, որին մասնակցում են «Ինտերնյուս Հայաստանը», «Ինտերնյուս Ադրբեջանը» եւ Ստեփանակերտի մամուլի ակումբը: «Ադրբեջանական փորձագետների դիրքորոշումներն ու տեսակետները չեն տարբերվում պաշտոնական դիրքոշումից»,- այս կարծիքին է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, ով խորհուրդ տվեց նման աշխատանքներում փնտրել այնպիսի հեղինակների, որոնց տեսակետները գոնե որոշակի չափով կտարբերվեն պաշտոնական դիրքրորոշումից: Ըստ Մ.Մայիլյանի` հայ հեղինակների դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են պաշտոնականից: Խոսելով հոդվածներում տարբեր հեղինակների կողմից նշված` Ղարաբաղի ազատագրված տարածքների հանձնման հետ կապված տարբերակների մասին` ՀՅԴ անդամ Լեռնիկ Հովհաննիսյանն ընդգծել է, որ ազատագրված տարածքները, որոնք ԼՂՀ տարածքներն են Սահմանադրությամբ, սակարկության ենթակա չեն: «Անվտանգության համար ավելի լավ սահմաններ, քան այսօրվա սահմաններն են, ոչ ոք չի կարող սահմանել»,- շեշտել է Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ կան ավելի անվտանգ սահմաններ, բայց ոչ ավելի նեղ սահմաններով, քան հիմա է: Միջոցառման ընթացքում հնչեց նաեւ այն կարծիքը, որ Ղարաբաղը պետք է իր դիրքորոշումն ու կարգավորման վերաբերյալ տեսակետներն արտահայտելու եւ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու հարցում ավելի նախաձեռնող լինի: «Ղարաբաղ-2014»-ի շնորհանդեսը նախատեսվում է կազմակերպել նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter