«ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում օրենքով հասանելիք փաստաթղթերը»
«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին:
«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը բազմիցս դիմել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` խնդրելով տրամադրել կատարողական վարույթի նյութերը, սակայն առ այսօր ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում դրանք, այն դեպքում երբ ՀՀ վարչական դատարանում ԴԱՀԿ ծառայությունը դեռևս սեպտեմբերի սկզբին խոստացել էր երեք շաբաթում տրամադրել նյութերը:
Այս երկրում, որտեղ իբր օրենքներն են գործում, ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում օրենքով հասանելիք փաստաթղթերը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ:
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի որևէ խախտում:
«Հարց է ծագում, ինչու է ԴԱՀԿ ծառայությունը խուսափում տրամադրել կատարողական նյութերի պատճենները: Ինչն է պատճառը: Ինչու է ԴԱՀԿ ծառայությունը խախտում օրենքի իմպերատիվ պահանջը: Ինչ ունի նա թաքցնելու կատարողական վարույթի կողմից` պարտապանից: Արդյոք կհաստատվի այն կասկածը, որ ԴԱՀԿ ծառայությանը որևէ գումար չի վճարվել և արդյո±ք կհաստատվի, որ ԴԱՀԿ ծառայությունը կեղծ դրամարկղի օրդեր է տվել մեկ անգամ գումարի մուտքի և մեկ անգամ էլ գումարի վերադարձի համար:
Դա՞ էր պատճառը, որ ԴԱՀԿ ծառայությունը իբր ստացված գումարները չի փոխանցել պարտատիրոջը` ՀՀ պետական բյուջեին և դեռևս օրինական ուժի մեջ չմտած ՀՀ վարչական դատարանի` աճուրդն անվավեր ճանաչելու վճռի հիման վրա (օրինական ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջը կատարելը համարվում է հանցագործություն համաձայն` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի) «ստացված» գումարն արագ հետ է վերադարձրել:
Սրանք այն հարցերն են, որոնք կպարզաբանվեին թերևս կատարողակն նյութերով, իսկ դրանք չեն վերադարձվում:
Մեր այս բողոքի առարկան, ոչ թե ԴԱՀԿ ծառայության կողմից նյութերը չտրամադրելու հանգամանքն է, որի հետ կապված վարչական դատարանում գործ է քննվում, այլ` հիշատակված աճուրդի արդյունքում գումարի ստացման, մուտքի և ելքի անդորրագրերի կազմման հիմքում ընկած փաստերի ստուգման խնդրանքը:
Ընկերությունը վերջին անգամ 28.09.2009թ. դիմել է ՀՀ ոստիկանությանը և ՀՀ գլխավոր դատախազությանը, սակայն առ այսօր հետաքննչական որևէ գործողություն չի կատարվել:
Խնդրում ենք Ձեր բոլորի միջամտությունը և օգնությունը վերոհիշյալ խնդիրները պարզելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ:
Հարգանքով` «Բջնի հանքային ջրերի գործարան»
ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն` Լ. Հարությունյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել