HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ուղեցույց և մրցույթ` լրագրողների համար

«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մրցույթ են հայտարարել «Հավասար հնարավորություններ» խորագրով: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Հույսի կամուրջ» հ/կ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, «Առաքելություն Արևելք» հ/կ-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, «Արեւածաղիկ» ամսագրի խմբագիր Զարուհի Բաթոյանը ներկայացրին ամենամյա 7-րդ «Արևածաղիկ» մրցույթի (լավագույն հրապարակում` մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) պայմանները: Բանախոսները կարևորեցին ԶԼՄ-ների դերը հասարակության մեջ հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության, իրենց ուղերձը հասանելի դարձնելու հարցում, ինչպես նաև կոչ արեցին բոլոր լրագրողներին մասնակցելու մրցույթին: Մրցույթի նպատակը հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է: Կարող են ներկայացվել 2008 թ. նոյեմբերի 20-ից մինչեւ 2009 թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը: Արդյունքները կամփոփվեն 2009-ի դեկտեմբերին: Գլխավոր մրցանակը Noute book համակարգիչ է, սահմանված են նաև դրամական մրցանակներ: Ապա ներկայացվեց Զարուհի Բաթոյանի «Հաշմանդամության խնդիրը և զանգվածային լրատվության միջոցները» ուղեցույցը, որը հրատարակվել է «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների աջակցությամբ, Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ: Ձեռնարկն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում: Այն անվճար կտրամադրվի լրատվամիջոցներին, լրատվական ակումբներին և կազմակերպություններին: Լրագրողների համար նախատեսված ուղեցույցը հաշմանդամության խնդրի վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկատվության երկարատև մոնիթորինգի արդյունք է: Այն ներառում է հաշմանդամ մարդկանց խնդիրների լուսաբանման սկզբունքները, ԶԼՄ-ների դերը հաշմանդամ մարդկանց նկատմամբ կարծրատիպերը կոտրելու գործում, լրատվամիջոցներում կիրառվող լեզուն և բառեզրերը, խնդրի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրները, լուսաբանման առանձնահատկությունները ըստ լրատվամիջոցների և այլն: Անդրադառնալով ներառական լուսաբանմանը` Զարուհի Բաթոյանը նշեց, որ գրելով ամեն ինչի մասին` կարելի է յուրաքանչյուր նյութում անդրադառնալ նաև հաշմանդամներին, որովհետև այն, ինչ վերաբերում է քաղաքացուն, վերաբերում է նաև հաշմանդամներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter