Քրեական գործ` ավելի քան 51 միլիոն դրամի հարկի վճարումից խուսափելու համար
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Կարին Ինվեստ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից, ԱԱՀ-ի հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյաներ մտցնելու միջոցով, առանձնապես խոշոր չափի` 51 միլիոն 499 հազար 700 դրամ ավելացված արժեքի հարկը պետբյուջե վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` պարզվել է, որ «Կարին Ինվեստ» ՍՊ ընկերության հիմնադիր եւ տնօրեն Կ. Մուրադյանը. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` Նաիրիի տարածքային հարկային տեսչություն ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկներում, առանց ձեռքբերումների փաստը հավաստող տեղեկությունների եւ հիմնավորող փաստաթղթերի, ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով ցույց է տվել, որ ՀՀ տարածքում 2006 թ. ձեռք է բերել 131 միլիոն 300 հազար, իսկ 2007 թ. 4 ամիսներին` 40 միլիոն 94 հազար 300 դրամ արժողությամբ ապրանքներ: Այսկերպ ԱԱՀ-ի գծով անհիմն հաշվանցել է համապատասխանաբար 26 մլն 300 հազար եւ 14 մլն 589 հազար 700` ընդհանուր 40 մլն 889 հազար 700 դրամ հարկային պարտավորություն:
Բացի այդ` 2008 թ. հունվարի 21-ին Կ. Մուրադյանն ընկերության անունից տեսչություն ներկայացրած 2008 թ. մարտ ամսվա ճշգրտված հաշվարկում ԱԱՀ-ի մասով անհիմն հաշվանցել է եւս 10 մլն 610 հազար դրամ` չունենալով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի` նախկինում հետաձգված, այսինքն` ձեռք բերված ապրանքների դիմաց չվճարված գումարներ, խախտելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը` համաձայն որի ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են միայն այն ժամանակահատվածում, երբ կատարվել է վճարումը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել