Երկու ժողովուրդ
Հովսեփ Խուրշուդյան
Դարեր ի վեր Հայաստանում իրար հետ, իրար մեջ, նույն մարդու մեջ ապրել է երկու ժողովուրդ: Առաջիններին անվանել ենք ծռեր, երկրորդներին՝ հոգնածներ: Հնուց են գալիս հոգնածները եւ հնուց են գալիս ծռերը: Ծռերը- միշտ խանդավառ, ոգեղեն եւ մեծահոգի: Հոգնածները` միշտ հոգով հոգնած, «աշխրքից նեղացած», ժայռի մեջ ներփակված: Երկուսն էլ նույն արմատից ծլած, նույն հողից սնված, նույն Աստծուն պաշտած: Երկուսն էլ մերը, բայց որքա՜ն հեռու իրարից:
Ծուռ էին Արգիշտին ու Արտաշեսը, ծուռ էին Տիգրանը, Պապը եւ Վարդանը, օտար Կիլիկիայում նոր Հայաստան պետություն ստեղծած հայ պիլիգրիմները, ծուռ էին Նժդեհը եւ Չարենցը: Հոգնած էին օտարի դեմ չըմբոստացած այն հազարները, որոնք ոչ թե ընկան զենքը ձեռքին, այլ մորթվեցին՝ աղերսանքը շուրթերին եւ պատրանքները մտքերում, կամ սովահար եղան դրախտային բերրիություն ունեցող հայրենիքում:
Հոգնած էին սեփական կաշին փրկելու համար իրենց աղջիկներին օտարներին հնազանդ հանձնած եւ որդիներին թշնամուն մամլուքացու եւ ենիչերացու տված հազարավորները, հոգնած էին հայրենիքը լքելու մեջ դարեր շարունակ հեշտ «փրկություն» գտած, իսկ հետո էլ օտարների մեջ ձուլված հարյուր-հազարավորները:
Երկու միլիոնանոց սովետահայությունը իր ծուռ պարը պարեց Երրորդ Ռայխի ավերակներին, տվեց հազարավոր հերոսներ, իսկ հազարավոր մեր ծուռ ախպեր-ախպարները դարձի ճամփան բռնեցին եւ վերադարձան իրենց կիսասոված, բայց ոգեղեն հայրենիք:
Իսկ մյուս ժողովուրդը՝ հոգնածը, որ արդեն հասցրել էր դարասկզբին հեղեղել ողջ աշխարհը իր խեղճ, տառապյալի «լացակումած երգերով» եւ դրանով խայտառակել իր ծուռ պապերին՝ լավագույն դեպքում արժանանալով աշխարհում նանսենյան խղճահարության, իսկ վատագույն դեպքում՝ գերմանավայել զզվանքի, այժմ իր «հոգու հանգստությունը»՝ իր այդ Ագռավաքարը գտել է «որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ում, մերթ ընդ մերթ դուրս գալով իր այդ Ժայռից՝ թակելու համար աշխարհիս դռները եւ տեսնելու՝ արդյո՞ք աշխարհն արդեն արդար է դարձել:
Այսօր էլ հայ ծռերը երազում են ուժեղ եւ ազատ պետություն կառուցել, ապա ոգեղեն եզերքներ նվաճել աշխարհից, գերել մարդկության սիրտը, իսկ հոգնածները՝ սեփական երկրում հանուն ազատության եւ արժանավայել կյանքի պայքարելու փոխարեն, կրկին հուսահատ եւ նեղացած, լքում են Կենաց ծառը՝ գունաթափ եւ թոռոմած տերեւների պես եւ միակ բանը, որ կուզենային «նվաճել» աշխարհից՝ աշխարհի խղճահարությունն է, գթասրտությունն ու կարեկցանքը:
Բայց եթե հոգնածների հոգում Փոքր Մհերը իր մեջ փակել է ծուռ Դավթին եւ ինքն էլ փակվել Ագռավաքարում, ապա ծռերի հոգում Դավիթն արթուն է եւ տեր է: «Մենք կռվի, պատերազմի սովոր չենք, մեր զենքը բահն է եւ խոնարհությունը»,- ասում էին Մուսա լեռան հոգնած բնակիչները, մինչեւ որ մի քանի ծռեր չջարդեցին նրանց հոգու Ագռավաքարը եւ չդավթացրին նրանց ոգու Մուսա սարերը:
Երկու ժողովուրդ. երկուսն էլ մեզանում են, երկուսն էլ մենք ենք, երկուսն էլ կան յուրաքանչյուրիս մեջ:
Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի
(Պետք է ընտրենք, թե ինչ ենք ուզում դառնալ՝ Եվրոպայի «աղքատ ազգականը», թե ուժեղ պետություն, որը յուրաքանչյուրի համար կլինի ցանկալի դաշնակից):
«Պատերազմի» եւ «խաղաղությա՞ն», թե՞ «ազգային պաշտպանության» եւ «ազգային կապիտուլյացիայի» կուսակցություններ
Որեւէ բանական մարդ արարած պատերազմ կամենալ չի կարող: Առավել եւս՝ հայ տեսակը: Դա է ապացուցում մեր պատմությունը. հայերը կամ գոնե հայկական պետությունները երբեւէ նվաճողական պատերազմներ չեն վարել, այլ միայն՝ պաշտպանողական կամ ազատագրական:
Այս իմաստով, մեզանում «խաղաղության» կուսակցություն հանիրավի անվանված են այն ուժերը, որոնք խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը մեր «փոքր» եւ «թույլ» ազգի համար տեսնում են սեփական երկրի ազգային-պետական շահերի հաշվին հակառակորդներին զիջումներ անելու եւ դրանով վերջիններիս հանգստացնելու, խաղաղեցնելու եւ ապա միջազգային երաշխիքներ ստանալու մեջ (նմանվելով կկվին՝ հայտնի հեքիաթից), որոնց իրականում պետք է անվանել «ազգային կապիտուլյացիայի կուսակցություններ»:
Իսկ «պատերազմի կուսակցություն» են անվանարկված այն ուժերը, որոնք խաղաղության հասնելու եւ այն պահպանելու լավագույն, երբեմն էլ՝ միակ ձեւը պատերազմին պատրաստ լինելն ու գերազանցապես սեփական ներուժին ապավինելն են համարում. այս ուժերին իրականում շատ ավելի ճիշտ կլինի անվանել «ազգային պաշտպանության կուսակցության» ներկայացուցիչներ:
Հայաստանի համար խիստ վտանգավոր է, երբ խաղաղության վերաբերյալ սեփական ցանկությունները բթացնում են իրենց «խաղաղության կուսակցություն» համարող ուժերի՝ իրականությունը տեսնելու ունակությունը:
Իսկ իրականությունն այն է, որ Թուրքիան հզոր, անկանխատեսելի եւ անկառավարելի պետություն է, որում վեստերնիզացիայի գործընթացները նոր-նոր են թափ հավաքում, այն էլ միայն նրա ծայր արեւմուտքում: Մինչդեռ թե՛ իսլամական եւ թե՛ ազգայնական հոսանքներն այսօր այդ երկրում գերիշխող են:
Որպես երիտասարդ եւ դինամիկ տեմպերով զարգացող ազգ, թուրքերի մոտ էքսպանսիոնիստական մղումները անչափ ուժեղ են, իսկ եվրոպական մշակույթի հանդեպ «պաշտպանական» մեխանիզմները՝ զորեղ (դրա վառ ապացույցն է ադապտացիայի եւ ասիմիլյացիայի այն աննշան տեմպերը, որոնք առկա են Արեւմտյան Եվրոպա տեղափոխված թուրքերի շրջանում):
Որպես արդյունք՝ ազգայնական հոսանքը տոգորված է պանթուրքիզմի գաղափարաբանությամբ, իսկ իսլամականը՝ պանիսլամիզմի: Երկուսը միասին, սերտ համագործակցելով, դաստիարակում են նոր սերունդը՝ հայատյացության գաղափարներով:
Դպրոցներում ցուցադրում են ֆիլմեր, որտեղ հայերը դավադրաբար կոտորում են խաղաղ թուրք բնակչությանը, տարածում քարտեզներ, որտեղ Հայաստանը Թուրքիայի մասն է: Եվ սա ոչ թե պատմական քարտեզներ են, այլ՝ ապագային միտված:
Նման պայմաններում հայաստանյան «ազգային կապիտուլյացիայի կուսակցության» ներկայացուցիչները, որքան ուզում է կրկնեն «խաղաղություն» մոգական բառը, ինչպեսեւ «հաշտեցում», «տարածքային պահանջներից հրաժարում», «դե-ֆակտո սահմանների դե-յուրե ճանաչում», «հարեւանների միջեւ նորմալ հարաբերություններ՝ փոխադարձ, ինչպեսեւ այլ հարեւանների տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա» դրույթները, նախաստորագրեն, ապաեւ ստորագրեն համապատասխան նախապայմաններով oժտված արձանագրությունները, միեւնույն է՝ Թուրքիայի համար դա լինելու է հայ ազգային շահերի դեմ սկսված արշավի սկիզբը միայն:
Թուրքիային (ինչպեսեւ Ադրբեջանին) խաղաղեցնելու ռազմավարությունը չի կարող աշխատել, քանի որ դրա նախադրյալները չկան: Որպեսզի այն աշխատեր՝ դեռ 90 տարի առաջ Անդրանիկն ու Նժդեհը իրենց պետք է «խելոք պահեին», Թուրքիայի դեմ ուղղված ԱՍԱԼԱ-ի պատժամիջոցները չպետք է լինեին, Հայաստանում 60-ականներին «Մեր հողերը» կոչերով բազմամարդ հանրահավաքներ չպետք է կազմակերպվեին, Ցեղասպանության ճանաչման միջազգային արշավը հայության կողմից չպետք է խրախուսվեր, վերջապես, պետք էր թողնել Ադրբեջանին, որ հանգիստ արժանացնի Արցախը Նախիջեւանի ճակատագրին:
Այն ժամանակ, թերեւս, կարելի կլիներ համոզել Թուրքիա-Ադրբեջանին մեր «բարի մտադրությունների», «հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու ցանկության» մասին: Բայց այս ամենը տեղի է ունեցել եւ փառք Աստծո, որ տեղի է ունեցել: Ուրեմն պատրաստ լինենք պատերազմի, որպեսզի պահպանենք խաղաղությունը:
Հայաստանյան այս երկու ուժերին տարբերում է նաեւ այն թյուր մոտեցումը, ըստ որի՝ հասարակության եւ նրա ինստիտուտների ռազմականացումը (միլիտարիզացիան) ուղղակիորեն հակադրված է ժողովրդավարացմանն ու ազատականացմանը: Այս գաղափարախոսական որոգայթի մեջ էր ընկել անգամ լուսահոգի Վազգեն Սարգսյանը, որը մոտավորապես ասում էր, որ Հայաստանին դեռ վաղ է Եվրոպա մտնելու եւ եվրոպական ժողովուրդ դառնալու մասին մտածելը, քանի որ դա որքան էլ ցանկալի հեռանկար է, սակայն այս պահին՝ վտանգավոր, քանի որ մենք դեռ խնդիրներ ունենք լուծելու հարեւանների հետ, իսկ եվրոպացի դառնալը մեզ կթուլացնի:
Այս մտայնությունը խիստ վտանգավոր է Հայաստանի համար: Մենք պնդում ենք, որ եթե Հայաստանը իր ռազմականացման հարաբերական մակարդակով հասնի եվրոպական եւ ամերիկյան անգամ ամենաժողովրդավարական եւ ամենաազատական երկրների (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Հոլանդիա, Դանիա) ներքին ռազմականացման (խոսքը միայն ՀՆԱ-ում ռազմական ծախսերի մասնաբաժնի չոր թվին չի վերաբերում) եւ քաղաքացիների հայրենասիրության մակարդակի գոնե 50%-ին, ապա կարող ենք վստահ լինել, որ պատվով կդիմակայենք արտաքին անվտանգության գլխավոր մարտահրավերներին: Ի վերջո, նպատակը թուրքական բանակին քանակապես համարժեք բանակի ստեղծումը չէ. բոլորին է պարզ, որ դա անհնար է:
Սակայն նորագույն հակամարտություններում ասիմետրիկ զսպումները պակաս արդյունավետ չեն լինում: Իսկ բանակն ինքը որպես սոցիալական օրգանիզմ ճիշտ կազմակերպվելու դեպքում կարող է սոցիալական արդար համակեցության փայլուն մանրակերտը դառնալ եւ քաղաքացիական կարգապահության ու կազմակերպվածության Դպրոցը: Հայկական բանակը, որպես մեր երկրի առավել կայացած ինստիտուտներից մեկը, իրենում ներկայումս առկա բազմաթիվ թերություններով հանդերձ, լավ նախադրյալներ ունի դրա համար:
Պատերազմը կանխելու համար՝ նաեւ ոգեպնդվենք
Մի առիթով, 1993-ին, ռուս-չեչենական պատերազմի ժամանակ, երբ հայաստանյան մամուլում ընդունված էր գովաբանել մեր «դարավոր բարեկամ» եւ դաշնակից Ռուսաստանի գործողությունները հպարտ ու ազատատենչ չեչեն ժողովրդի դեմ, «Լրագրում» գրել եմ, որ չեչեն ժողովրդի ոգին հնարավոր չէ կոտրել, քանի որ այն գտնվում է բարձր՝ լեռներում: Այդ իմաստով չեչենները մեզ խիստ հոգեհարազատ են, իսկ որոշ ազգագրագետներ պնդում են, որ նաեւ մեր արյունակիցներն են: Ամեն դեպքում մենք էլ ենք լեռնցի ու նաեւ լեռնցիներին հատուկ հատկանիշների շնորհիվ է, որ, ի տարբերություն այլ՝ դաշտավայրային հին ազգերի, դեռ հարատեւում ենք եւ ունենք սեփական պետականություն:Նույնը վերաբերում է հույներին:
Ահա թե ինչ է ասում Նժդեհը այս կապակցությամբ. «Պարզակեացութեամբ եւ մշտատեւ ջանասիրութեամբ էին հզօր եւ անպարտ Հին Հելլադան, Սպարտան եւ Հռոմը: Զինւոր թէ զօրավար, խաղաղութեան օրերին կը մշակէին դաշտերը եւ առաջին ահակոչը լսելու պէս, կը թողնէին արօրը ու կը կապէին սուրը: Բայց, երբ մի օր Յոյնի եւ Հռոմէացու մէջ տկարացաւ պարզակեացութեան ոգին, երբ այդ առնական եւ խրոխտ ժողովուրդները մեղկացան ճոխութեան եւ քնքշանքի մէջ՝ ընկան, կորան բարբարոսների կրունկի տակ:
Ահա թէ ինչո՛ւ քո սերունդը, հա՛յ երիտասարդ, պիտ լինի պարզակեաց, ազատ՝ կարիքների ու կրքերի լծից- ուժե՛ղ լինելու համար»:
Մարդկային ոգիները եւ դրանց միասնությունը՝ ազգային ոգին պատերազմներում հաղթելու, ինչպեսեւ պատերազմները կանխելու գլխավոր կռվանն են: Երբ չինացի մեծ զորավար Սուն Ցզիին հարցրել են, թե որո՞նք են այն երեք ամենաանհրաժեշտ բաները, առանց որոնց հնարավոր չէ հաղթել պատերազմում, նա ասել է՝ սնունդը, սպառազինությունը եւ ոգին: Ապա նրան հարցրել են, թե որո՞նք են այն երկու ամենաանհրաժեշտ բաները, առանց որոնց հնարավոր չէ հաղթել պատերազմում, նա ասել է՝ սպառազինությունը եւ ոգին: Վերջապես նրան հարցրել են, թե ո՞րն է այն միակ ամենաանհրաժեշտ բանը, առանց որի հնարավոր չէ հաղթել պատերազմում՝ նա ասել է՝ ՈԳԻՆ:
Ցանկացած, անգամ ամենամեծաթիվ եւ զորեղ բանակ վաղ թե ուշ հաշվի է նստում հակառակորդի ոգու հետ: 301 սպարտացիների սխրանքը, Բրեստի ամրոցի ինքնապաշտպանությունը, Սարդարապատն ու արցախյան հերոսամարտը հեքիաթներ չեն՝ այլ իրականություն:
Եվ եթե այնքան ոգեղեն ես եւ համարձակ, որ կարող ես մարտահրավեր նետել անգամ ամբողջ աշխարհին՝ ապա միշտ կգտնես դաշնակիցներ այդ նույն աշխարհում: Այդպես եղավ 1998-ից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր ազգին աշխարհի դեմ դուրս գալու վտանգավոր հեռանկարի մասին: Սակայն իշխանության եկած «պատերազմի կուսակցությունը» ապացուցեց, որ աշխարհը հաշվի է նստում ուժեղ երկրի եւ ուժեղ իշխանության հետ: Նույնը ապացուցել էր Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ 1992թ.-ին, երբ, որպես ուժեղ եւ ոգեղեն երկրի ներկայացուցիչ, հաջողել էր չեզոքացնել թուրքական նույն այս նախապայմանները եւ հանել տալ թուրքական վետոն՝ ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության համար:
1999-ին ձեւավորված իշխանությունը եւս իրավամբ ուժեղ էր եւ աշխարհը հաշվի էր նստում նրա հետ, մինչեւ որ մեր իսկ ձեռքով մեզ չգլխատեց:
Ապա եկավ մի ժամանակաշրջան, երբ երկրի ղեկավարը բացարձակապես մտահոգ չէր սեփական ժողովրդի ոգին պնդեցնելու, զարգացնելու խնդրով:
Պարզապես ունակ չէր պատկերացնելու դրա կարեւորությունը եւ հետեւողականորեն, ասես միտումնավոր, ասես հակառակորդ ժողովրդի էր իշխում՝ կոտրում-փշրում էր այդ անգին ռեսուրսը. 1999թ. հոկտեմբերի 27, 2003թ. փետրվարի 19 եւ մարտի 5, 2004թ. ապրիլի 12, 2008թ. փետրվարի 19, ապա մարտի 1:
Սակայն այս յուրաքանչյուր իրադարձությանը հաջորդող արհավիրքի ընթացքում ժողովրդի պահվածքը եւս մեկ անգամ ապացուցում էր, որ երիցս ճիշտ էր գերմանացի հայտնի փիլիսոփան, երբ ասում էր, թե ոգու վերքերը ապաքինվում են՝ չթողնելով սպիներ:
Պահանջատիրության դիվանագիտական նպատակները
Իհարկե, Թուրքիան առանց պատերազմի ոչ մեկի չի զիջի ոչ միայն Սեւրի պայմանագրով Հայաստանին դե-յուրե պատկանող տարածքները, այլեւ անգամ Հյուսիսային Կիպրոսը, որը ընդամենը 35 տարի առաջ է օկուպացրել:
Եվ արժե՞, արդյոք, այս պայմաններում խոսել, թվում է՝ անդառնալիորեն կորցրած հայրենիքի մասին:
Մի հետաքրքիր անալոգիա է առաջ գալիս Հին Աթենքի պատմությունից: Մինչեւ մ.թ.ա. 604թ. Աթենքի Սալամին կղզին գրավված էր Մեգարայի կողմից: Աթենացիները բազմիցս փորձել էին ազատագրել կղզին, սակայն ապարդյուն, եւ, ի վերջո, հավանաբար, սեփական կյանքը «անիմաստ երազանքներով» եւ «տխուր մտքերով» չփչացնելու նպատակով օրենք էին ընդունել, համաձայն որի՝ մահապատժի կենթարկվեր ցանկացած ոք, ով կհամարձակվեր ժողովրդական խորհրդին (կառավարման բարձրագույն մարմնին) ներկայացնել բանավոր կամ գրավոր առաջարկ Սալամինը վերանվաճելու մասին:
Սակայն տարիներ անց երբ նոր սերունդ աճեց, Աթենքում ներքին դժգոհություններ սկսվեցին իրերի նման վիճակի համար եւ հայտնի օրենսդիր, իսկ այն ժամանակ դեռ երիտասարդ Սոլոնեսը մի օր, ի հեճուկս խիստ օրենքի, գնում է հրապարակ եւ բոցաշունչ ելույթ ունենում՝ դիմելով աթենացիներին՝ ետ բերել կորցրած կղզին: Եվ ի՞նչ: Նա կարողանում է բոցավառել աթենացիների ոգին եւ նրան ոչ թե մահապատժի են ենթարկում, այլ նշանակում զորագնդի հրամանատար, որին նա առաջնորդում է դեպի Սալամին եւ ազատագրում է կղզին:
Ո՞նց չհիշես այստեղ Նժդեհին, որը ասում էր.
«Կրքերն ու կարիքները ծառաներ պիտ լինեն եւ ոչ թէ տէր ու բռնակալ: Եղի՛ր սպարտացի, եւ բնաւորութեամբ անձնադիւր ու մեղկ երիտասարդներին համարիր անգոյ...:
Երբ երիտասարդները, սանձարձակ կեանքից յոգնած՝ քնքշօրէն կը քնանան փափուկ բարձերի վրայ՝ հաւատո՞ւմ էք, որ եթէ երթանք արթնացնելու, որ ելնեն ու քշեն թշնամուն, հաւատո՞ւմ էք, թէ նրանք վեր կը թռչեն տեղերից եւ իրենց մէջ կը զգան ոյժն ու կորովը այն դասական աթենացիների, որոնք սովոր էին պառկել իրենց զէնքերի կողքին, մերկ գետնի վրայ, եւ գիտէին արհամարհել զգայական հաճոյքները:
Եթէ վաղը, վերստին, արտաքին վտանգը պայթեց հայ ժողովրդի գլխին-դու վստա՞հ ես, որ հազարաւորները քո շարքերից իրենց վահանն ու դրօշակը չեն խոնարհի թշնամու ոտների առջեւ:
Ես ազատ եմ խոստովանելու, թէ հայ երիտասարդութիւնը եթէ չհոգեփոխւեց, մեր Եռագոյնի առջեւ ծունկի չի բերի թրքութեանը»:
Այնպես որ, եթե մեր այսօրվա ոգին լիներ սպարտացիների ոգու գոնե 10%-ի չափ, աթենացիների ոգու գոնե 30%-ի չափ, 88-ի հայության ոգու գոնե կեսի չափ, կմնար միայն ասել՝ լռենք եւ պատրաստվենք:
Սակայն այսօր, երբ արցախյան հերոսամարտում մեր ժողովրդի փառապանծ հաղթանակից անմիջապես հետո գործող իշխանությունները սկսեցին եւ մինչ օրս էլ շարունակում են անել ամեն ինչ, որպեսզի կրքերն ու կարիքները ծառաներից վերածվեն տիրոջ ու բռնակալի եւ նույն ոգով սկսեցին «դաստիարակել» նոր սերնդին՝ երիտասարդությանը, մեզ չի՞ մնում արդյոք առժամանակ ապավինել գոնե դիվանագետների հնարամտությանը եւ իրավական ու քաղաքական բոլոր հնարավոր գործիքների կիրառման արդյունավետությանը:
Բայց տեսեք, որ այդ գործիքները օգտագործելու փոխարեն հոգնած տգետների պես հանձնում են հակառակորդին:
Այնպես որ, Սեւրի պայմանագրի եւ հայ-թուրքական սահմանի վերաբերյալ Ուիլսոնյան իրավարար վճռի արծարծումը, այն հայ-թուրքական բանակցությունների օրակարգում պահելը եւ ոչ թե թուրքերին զիջել-հանձնելը այսօրվա պայմաններում չի նշանակում, որ Հայաստանը ցանկանում է պատերազմել Թուրքիայի հետ:
Սակայն նշանակում է, որ չի վախենում թուրքական սպառնալիքից եւ այդ սպառնալիքի ներքո չի պատրաստվում զոհաբերել սեփական կենսական ազգային-պետական շահերը, այսինքն՝ պատրաստ է ցանկացած զարգացմանը, այդ թվում պատերազմի: Սա է պատերազմը կանխելու միակ ձեւը: Թուրքիայի վրա ճնշումը բոլոր կողմերից, բոլոր չափումներով եւ բոլոր գործիքների կիրառմամբ միայն կարող է զսպել այդ երկրում էքսպանսիոնիստների ախորժակները, օժանդակել ժողովրդավարական հոսանքին, որը միտված է վերափոխել Թուրքիան իրապես եվրոպական երկրի:
Դա եղավ ԽՍՀՄ-ին եւ Հարավսլավիային վերափոխելու եւ ժողովրդավարեցնելու միակ ճանապարհը:
Ուժեղ պետությունը նախեւառաջ ուժեղ իշխանությունն է
Անկախ այն բանից, թե այսօր ԿԱՊԿ, վաղը՝ միգուցե ՆԱՏՕ, սակայն Հայաստանը որեւէ ուժի, դաշինքի համար կարող է հետաքրքրություն ներկայացնել միայն որպես ռազմական եւ տնտեսական առումներով ուժեղ պետություն: Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ չափսերն այստեղ կապ չունեն: Իսկ դրա համար մեր պետությունը պետք է դառնա նախ ժողովրդավարական:
Ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձեւավորումը նախեւառաջ ազգային անվտանգության խնդիր է: Իշխանություն, որում տեղ չեն ունենա ոչ նախկին եւ ոչ էլ գործող կոռուպցիոներներն ու ընտրակեղծարարները, այլապես սրանք կրկին կտանեն հասարակությունը դեպի Նժդեհի մատնանշած «ճոխութեան եւ քնքշանքի», մանր վայելքների եւ հաճույքների գիրկը, ինչպես որ այսօր է (տեսեք, թե Եվրոպայում շրջագայող հայաստանյան մանր ու խոշոր իշխանավորները ինչ «օբյեկտներում» են իրենց ժամանակն անցկացնում եւ պարզ կլինի, ինչի մասին է խոսքը):
Անհրաժեշտ է իշխանություն, որը Հայաստանի Հանրապետության բոլոր ազատ քաղաքացիների հետ միասին կկազմի մեկ ամբողջություն: Որը կապահովի արդյունավետ տնտեսություն եւ սոցիալական արդարություն: Կլինի ժողովրդավար, հաշվետու, օրինավոր եւ աչքի լույսի պես կպահպանի յուրաքանչյուր քաղաքացու ազատություններն ու իրավունքները, անկախ նրանց ազգային, կրոնական պատկանելությունից, քաղաքական հայացքներից եւ սոցիալական դիրքից:
Վերջապես, կլինի ազգային, եթե կուզեք՝ ազգայնական, բայց ո՛չ թե այն պարզունակ, գավառական ավանդական-պահպանողական կամ էթնիկ-քսենոֆոբիկ իմաստով, որով հասկանում են ազգայնականությունը մեր շատ հայրենակիցներ, այլ մի պետական ազգայնականության գաղափարաբանության շրջանակներում, որում ազգայինը ազատական է եւ հենց պետականն է, որի դեպքում Հայաստանում ապրող եւ իր զավակին ՀՀ զինված ուժերում ծառայության ուղարկած եզդին նույնքան է արժեւորված, որքան յուրաքանչյուր հայաստանցի եւ ավելի գնահատված, քան թոռոմած տերեւի պես Հայաստանը՝ հայրենի կենաց ծառը լքած եւ նրա հետ իր կապերը խզած, «նեղացած» հայը:
Նույնը վերաբերում է, դիցուք, Հայ առաքելական եկեղեցուց տարբերվող այն կրոնական համայնքների ներկայացուցիչներին, որոնք տոտալիտար չեն, իրենց համայնքների այլ ներկայացուցիչների քաղաքացիական իրավունքները չեն ոտնահարում, միաժամանակ աշխատելով, ստեղծագործելով Հայաստանում՝ իրենց թեկուզ փոքր ներդրումն ունեն մեր ընդհանուր հայրենիքի հզորացման, մեր պետության բյուջեի, այդ թվում՝ ռազմական համալրման գործում:
Միացյալ Նահանգները աշխարհի ամենաազատական եւ ամենաժողովրդավարական երկրներից մեկն է, բայց տեսեք, որ դա չի խանգարում, որպեսզի այնտեղ ազգային-պետական խորհրդանիշները հարգվեն եւ պատվեն ֆետիշացման աստիճան՝ իր բոլոր քաղաքացիների կողմից:
Իսկ սոցիալիստ կլինի այդ իշխանությունը, թե ազատական, թե դրանց միակցումը՝ բացարձակապես էական չէ: Էական է, որ այն լինի գաղափարական: Ի վերջո, մեզանում ներքաղաքական իրավիճակը այնքան աղավաղված է, որ հայաստանյան սոցիալիստները պետք է երազեն այնքան մտահոգ լինել սոցիալական արդարության համար, որքան, ասենք, Գերմանիայի լիբերալները, իսկ հայաստանյան ազատականները՝ այնքան հետեւողական՝ մարդկանց եւ ձեռներեցության ազատության եւ իրավունքների պաշտպանության հարցում, որքան, ասենք, ֆրանսիական սոցիալիստները:
Հովսեփ Խուրշուդյան, «Ժառանգություն» կուսակցություն
Հ. Գ. Այն, որ այսօր ամբողջ հայությունը մեկ մարդու պես ոտքի չի կանգնել ընդդեմ այս խայտառակ արձանագրությունների եւ դրանցում ներառված թուրքական նախապայմանների, նաեւ ապացուցում է, որքան դեռ թույլ ենք մենք եւ որքան անպատրաստ Թուրքիայի հետ արժանապատիվ հաշտության եւ հարաբերությունների համար:
Չեմ կարծում, որ հանձինս Հայաստանի եւ հայության՝ այսպիսի գործընկեր եւ դաշնակից է պետք առաջադեմ աշխարհին այս տարածաշրջանում: Հիրավի, երիցս ճիշտ էր Նժդեհը. դեռ պետք է կարողանանք Հայաստանը վերածել նոր Սպարտայի՝ Արեւելքի սրտում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել