HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Դատավորը հակասական փաստեր է արձանագրել միեւնույն տան գործով

27_07-tunԱննա Փամբուխչյանը եւ նրա երկու որդիները շուտով կարող են զրկվել այն տնից, որը փաստացի տիրապետել են տարիներ շարունակ: ԱՄՆ-ում բնակվող Սոնյա Թովմասյանը դիմել էր դատարան` «իր գույքն ապօրինի տնօրինող» եղբոր կնոջն ու որդիներին տանից վտարելու պահանջով:

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Սոնյա Թովմասյանի պահանջը: Աննան Փամբուխչյանը բողոքով դիմել է Վերաքննիչ դատարան, որն էլ հոկտեմբերի 2-ին ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Ըստ այդ վճռի` Աննա Փամբուխչյանը երկու որդիների հետ պետք է ազատեն Նոր-Արեշ 46 փողոց 37 հասցեում գտնվող տունը եւ այն վերադարձնեն սեփականատեր, հայցվոր Սոնյա Թովմասյանին: «Հետքի» խմբագրություն եկած Աննա Փամբուխչյանը ներկայացրեց իրենց տան վերաբերյալ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ կայացված երկու վճիռները, որոնցում միմյանց հակասող փաստեր էին արձանագրվել: 19_10-g_matinyan2007 թվականի դեկտեմբերի 26-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ քննվել է «Աննա Փամբուխչյանն ու նրա որդիները` ընդդեմ Սոնյա Թովմասյանի» գործով բողոքը: Մեջբերենք դատարանի կայացրած վճռից մի հատված. «Գործի փաստական տվյալներով չապացուցվեց, որ ժառանգական գույք հանդիսացող վիճելի բնակելի տունը գտնվում է հայցվորների փաստացի տիրապետման եւ օգտագործման ներքո...»: Իսկ 2009 թ. հոկտեմբերի 2-ին նույն Գոհար Մատինյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Սոնյա Թովմասյանի` ընդդեմ Աննա Փամբուխչյանի եւ նրա որդիների գործով ընդհանուր իրավասության դատարանի այն վճիռը, որի «Դատարանի իրավական վերլուծությունը» հատվածում գրված է. «1997 թ. վերադառնալով ԱՄՆ-ից` պատասխանողներ Աղասի, Վարդան Համբարձումյանները եւ Աննա Փամբուխչյանը 1998 թվականից ապօրինի տիրապետել են Մարգարիտա Քոչումյանի, իսկ 2006 թ. սեպտեմբերի 27-ից հայցվոր Սոնյա Թովմասյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը»: «Փաստորեն, նույն դատավորը մի դեպքում գտել է, որ չի ապացուցվում, թե մենք փաստացի տիրապետել ենք այդ գույքը, իսկ այս դեպքում համաձայնում է, որ 1997 թ. մինչ այսօր տիրապետում ենք այն: Ինչպե՞ս կարող է նույն դատավորը երկու` իրար հակասող փաստեր արձանագրել»,- հարցնում է Աննան: Բազմաթիվ դատական ատյաններով անցած քաղաքացին հիասթափված է Հայաստանի արդարադատության համակարգից. «Ես տարիներ շարունակ բարեխղճորեն հարկ եմ մուծել այս պետությանը, որպեսզի այն իմ իրավունքները պաշտպանի, ոչ թե ակնհայտ անարդար վճիռներ կայացնի իմ նկատմամբ»,- ասում է Աննան: Ի դեպ, վեճի առարկա դարձած կիսախարխուլ 90 քմ բնակելի տունն օրեցօր փլվում է: «Մենք հիմա այնտեղ չենք ապրում, որովհետեւ միջանցքի հատակը ներս է ընկնում, տունը փլվում է»,- ասում է տունը փաստացի տնօրինողը:

Տան վեճը հասել է Եվրոպական դատարան

Աննան եւ նրա որդիները դատական քաշքշուկների մեջ են հայտնվել 500 քմ հողատարածքի եւ դրա վրա կառուցված մոտ 90 քմ բնակելի տարածքի տնօրինման իրավունքը պաշտպանելու համար: Նոր-Արեշ 46 փողոց 37 հասցեում գտնվող տունը պատկանել է Աննա Փամբուխչյանի ամուսնու մորը` Մարգարիտ Քոչումյանին: Մարգարիտը երկու երեխա ուներ` Սոնյան եւ Աննայի ամուսինը` Հարությունը: Վերջինս կնոջ` Աննայի եւ որդիների հետ տեղափոխվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այնտեղ էր բնակվում նաեւ քույրը` Սոնյան: 1997 թվականին Աննան իր տղաների` Աղասիի եւ Վարդանի հետ վերադարձել է Հայաստան: 2005 թվականի մայիսի 27-ին ԱՄՆ-ում վախճանվում է Նոր Արեշ 46 հասցեի տան փաստացի տերը` Մարգարիտ Քոչումյանը: Նա մինչ այդ չի հասցրել կտակ գրել եւ հստակեցնել, թե ում պետք է պատկանի տունը: Մարգարիտի մահից հետո որդին եւ դուստրը վերադառնում են ԱՄՆ-ից, ամիսներ անց` սեպտեմբերի 9-ին, մահանում է նաեւ Հարությունը: Մոր եւ եղբոր մահից հետո` 2006 թվականին, Սոնյան դիմել է Կենտրոն նոտարական գրասենյակ եւ ստացել ժառանգության վկայական, որի օրինական լինելը վիճարկում է մահացած եղբոր կինը: Հարությունը եւս ժառանգորդ էր, սակայն նա չի հասցրել մոր մահից հետո 6 ամսվա ընթացքում ընդունել ժառանգությունը, իսկ նրա որդիները` Աղասի եւ Վարդան Համբարձումյանները, 2007 թվականին դիմել են դատարան եւ ճանաչվել ժառանգորդներ: «Թեեւ դատարանը մեզ ճանաչել էր որպես ժառանգորդ, սակայն նոտարը մեզ չգրանցեց, մինչեւ որ հորաքույրս դիմեց Վերաքննիչ դատարան: Վերաքննիչը բեկանեց մեր օգտին կայացված վճիռը, մենք դիմեցինք Վճռաբեկ դատարան,- պատմում է Վարդան Համբարձումյանը,- այստեղ մեր բողոքը մասնակի բավարարեցին եւ գործը կրկին ուղարկեցին Վերաքննիչ դատարան` այլ կազմով քննելու, եւ մեզ կրկին մերժեցին, իսկ Վճռաբեկ դատարանը 2-րդ անգամ մեր բողոքը չընդունեց»: Որպես տան մահացած ժառանգորդի այրի` Աննա Փամբուխչյանը դիմել էր դատարան իր ժառանգության մեկ-երկրորդ մասի իրավունքը ճանաչելու համար: Սակայն նրան մերժել են` պատճառաբանելով, թե ամուսնալուծված է եղել: «Ես փաստացի ամուսնալուծվել եմ, բայց ամուսնալուծությունը չենք գրանցել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, այսինքն` ես չեմ համարվում ամուսնալուծված»,- ասում է Աննան: Իսկապես, ըստ ՀՀ Ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքի 40 հոդվածի` «Ամուսնությունը դադարած է համարվում ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում գրանցվելու պահից»: Բացի այդ` Աննա Փամբուխչյանը դատարանին է ներկայացրել 1998 թվականին Էրեբունու տարածքի ժողդատարանի կայացրած վճիռը, որով ճանաչվել է վիճելի տան նկատմամբ Աննա Փամբուխչյանի եւ նրա որդիների բնակտարածության օգտագործման իրավունքը: «Թողնել նրանց բնակվելու նշված տանը պատասխանողի հետ համատեղությամբ»,- գրված է դատարանի վճռում: 2006 թվականին Սոնյա Թովմասյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականում նույնպես նշված է, որ դատարանի վճռով Աննա Փամբուխչյանին եւ նրա որդիներին տրվել է համատեղ բնակության իրավունք: Չնայած այս ամենին` Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճռել են, որ Աննա Փամբուխչյանն ու նրա որդիներն ապօրինի են տիրապետում վիճելի տունը եւ պետք է այն հանձնեն Սոնյա Թովմասյանին: Դատարանի վճռից հետո Աննա Փամբուխչյանը, ծանոթանալով գործի նյութերին, հայտնաբերել է, որ դատարանին ներկայացված սեփականության իրավունքից բացակայում է այն էջը, որտեղ նշված է, թե դատարանի վճռով Աննա Փամբուխչյանին եւ նրա որդիներին տրվել է համատեղ բնակության իրավունք: «Փաստորեն, իրենք ներկայացրել են միայն մի էջը, որտեղ նշված է, որ Սոնյա Թովմասյանը հանդիսանում է սեփականատեր, իսկ մեր մասին նշված տեղեկությունը չեն ներկայացրել»,- ասում է Աննա Փամբուխչյանը: Աննան եւ նրա որդիները դիմել են Եվրոպական դատարան` իրենց ժառանգական իրավունքը ճանաչելու համար: Վերջերս Աննան նամակ է ուղարկել Եվրոպական դատարանին` խնդրելով արագացնել գործի քննությունը. «Վիճակն այնպիսին է, որ մեզ կարող են վտարել բնակարանից, այդ պատճառով էլ մեզ համար չափազանց կարեւոր է, որ Եվրադատարանն արագ կայացնի այդ որոշումը»,- ասում է Ա. Փամբուխչյանը:

«Մհեր Սեդրակյանն է աջակցում Սոնյային»

Աննա Փամբուխչյանի կարծիքով` ժառանգական գործի ձեւակերպման, ինչպես նաեւ դատական քննությունների ամբողջ ընթացքում Սոնյա Թովմասյանին աջակցել է Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը. «Սոնյան ու Մհերը միշտ մտերիմներ են եղել: Այդ պատճառով էլ թե թաղապետարանի աշխատողները, թե մեր թաղային լիազորը աջակցում են Սոնյանին,- ասում է Աննան,- լիազորն ամեն օր գալիս էր, ինձ ասում, թե պետք է լքեմ բնակարանս, ինչ-որ հաստավիզ տղամարդիկ են մեզ անընդհատ հետեւում: Մեծ տղաս տաքարյուն է, որպեսզի վեճեր չլինեն, Հայաստանից գնացել է»: Աննա Փամբուխչյանը կարծում է, թե Մհեր Սեդրակյանի շնորհիվ է, որ դատարաններն իրենց պահանջները մերժում են, իսկ Սոնյայինը` բավարարում:

Հ.Գ. Սոնյա Թովմասյանի ժառանգական իրավունքը գրանցելիս կատարված կեղծիքների առիթով հարուցվել էր քրեական գործ, որը հետագայում կարճվեց: Աննա Փամբուխչյանը բողոքարկել է քրեական գործը կարճելու որոշումը: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քաղաքացու հայցը մերժել էր, Փամբուխչյանը դիմել է Վերաքննիչ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter