HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեթըլ Փրինս»-ը կգործարկի եւս մեկ պոչամբար

Եթե ուշադիր հետեւենք Լոռու մարզի Ախթալա քաղաքում «Մեթըլ Փրինս» ընկերության գործունեությանը, ապա ակնհայտ կդառնա, որ ընկերության գործերը վատ չեն: Այդ մասին նաեւ պարբերաբար խոսում է «Մեթըլ Փրինս» կորպորացիայի նախագահ եւ համասեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը:

«Մեթըլ Փրինս»-ը միաժամանակ օգտագործում է երկու` Ախթալայի «Սվինեց» թաղամաս գնացող ճանապարհաեզրին տեղակայված եւ Փոքր Այրում գյուղի հարեւանությամբ գտնվող պոչամբարները: Պոչամբարներից իսկ զգացվում է, որ արտադրությունն աշխատում է: Պոչամբարների միաժամանակ շահագործման անհրաժեշտությունը փաստում է, որ 2007 թ.-ից ի վեր ընկերությունում արտադրության ծավալների աճ է արձանագրվել, որն արդյունք է ընկերության զարգացման ծրագրով 2007 թ.-ից իրականացված 7 մլն դոլար ներդրումների: Ըստ ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` հենց դրա հետեւանքով էլ ընկերությունում արտադրության ծավալն ամսական 250 տ-ից հասել է մինչեւ 1000 տ: Հոկտեմբերի 7-ին Ճոճկանի համայնքապետ Սամվել Գիգոլյանը հայտնեց, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ին պատկանող Ճոճկան գյուղի տարածքում գտնվող պոչամբարի շուրջ «Մեթըլ Փրինս» ընկերության հետ բանակցություններ են ընթանում: «Հին պայմանագրի համաձայն` 19 հա նոր հողատարածք ենք հատկացնելու ընկերությանը: «Մեթըլ Փրինս» ընկերության պոչամբարի զբաղեցրած հողի հարկի նախկին պարտքը համայնքի բյուջեին կազմել է 670 հազար դրամ, որը երկու ամիս առաջ ընկերությունը վճարել է»,-ասաց Ճոճկանի համայնքապետը: Սամվել Գիգոլյանն իր մտահոգությունը հայտնեց պոչամբարի անվտանգության կապակցությամբ: «Եթե խվոստը փախչի, ի՞նչ կարող ենք անել, մենք անհրաժեշտ միջոցներ չունենք դրա անվտանգությունն ապահովելու համար, ֆաբրիկան շատ հարուստ է, նա կապահովի անվտանգությունը»,- ասաց համայնքապետը: Շամլուղի բաց հանքի կառուցման արագ տեմպերը փաստում են, որ «Մեթըլ Փրինս»-ն այսուհետ արտադրության ծավալների նոր ընդլայնում է նախատեսում, որի համար էլ նախապատրաստում է Ճոճկան գյուղի տարածքում գտնվող պոչամբարը: Թումանյանի տարածաշրջանի մի փոքր` Ախթալա-Մեծ Այրում-Ճոճկան հատվածում «Մեթըլ Փրինս»-ը կունենա երեք գործող մեծ պոչամբարներ, իսկ այս բնակավայրերից ոչ հեռու` Շամլուղում, պղնձի բաց հանքավայր: Զավեշտականն այն է, որ Փոքր Այրում գյուղի մոտ գտնվող գործող պոչամբարը տեղավորված է «Մեթըլ Փրինս» կորպորացիայի նախագահ եւ համասեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի սեփականությունը դարձած Ախթալայի Արամյանցի հանգստյան տան հարեւանությամբ: Սերոբ Տեր-Պողոսյանն այժմ վերանորոգում է իր սեփական հանգստյան տունը` բնավ չանհանգստանալով այնտեղ ապագա հանգստացողների անվտանգության մասին: Նշենք, որ թեեւ «Մեթըլ Փրինս» ընկերությունն իր բազմաթիվ պոչամբարներով տարածաշրջանի բնակչությանը, ինչպես նաեւ բուսական ու կենդանական աշխարհին լուրջ վնասներ է հասցնում, սակայն պետբյուջեին ընկերության վճարած բնապահպանական վճարներից շրջակա համայնքների բյուջեներին մասհանումներ չեն կատարվում: Ընդհանուր առմամբ, բացի մի քանի սպորտային միջոցառումներ ֆինանսավորելուց, «Մեթըլ Փրինս»-ը համայնքների մշակութային կյանքի աշխուժացման, մանկապարտեզների երեխաների նորմալ սննդի ապահովման, բնակչության առողջության պահպանման նպատակով առայժմ ֆինանսական լուրջ հատկացումներ չի կատարում: Դրա վկայությունն են Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Շամլուղի մշակույթի պալատի, մանկապարտեզի եւ հիվանդանոցի շենքերի տեխնիկական անմխիթար վիճակն ու դրանք իրենց նպատակին չծառայեցնելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter