HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտումներ` առանց հետեւանքների

Վարչապետի վերահսկողական ծառայության բացահայտումները «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում

«Հետքը» մի քանի հրապարակումներով անդրադարձել է Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ գործող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանի չարաշահումներին:

Մեր հրապարակումներից հետո ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը նշված ՊՈԱԿ-ում կատարել է ստուգումներ: Արդյունքում հայտնաբերվել են այն չարաշահումները, որոնց մասին գրել էինք: Այսպես` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը (ԱՎՕ) ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: ՊՈԱԿ-ը լիազոր մարմին` Արտակարգ իրավիճակների նախարարություն է ուղարկում տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցած արտադրական վտանգավոր օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը: Նույն օրենքի համաձայն` փորձաքննություն չանցած ԱՎՕ շահագործող անձի նկատմամբ նախատեսվում է պատասխանատվություն` տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով (1 միլիոն դրամ): Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի 25.09.2008 թ. թիվ 83-Ա հրամանով ստեղծվել է վարչական վարույթ իրականացնող հանձնաժողով, որին էլ լիազորված է տուգանքների կիրառումը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաեւ ՊՈԱԿ-ի 2 աշխատակիցներ, իսկ նախագահ է նշանակվել նախարարի գլխավոր խորհրդական Ռ. Տերտերյանը: Վարչապետի վերահսկողական ծառայության ուսումնասիրություններից պարզվել է, որ ՊՈԱԿ-ի ստեղծումից հետո` 2007-2008 թթ., տեխնիկական անվտանգության փորձաքննություն չեն անցել թվով 2678 արտադրական վտանգավոր օբյեկտներ: Դրանք շահագործողների նկատմամբ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից վարչական տուգանքներ կիրառելու դեպքում պետբյուջե կմուտքագրվեր շուրջ 2.7 մլրդ դրամ:

«Նշված հանձնաժողովի կողմից բացարձակապես որեւէ իրավական գործողություն չի իրականացվել»,- փաստում է վարչապետի վերահսկողական ծառայությունը: Չարաշահումներ են հայտնաբերվել նաեւ Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման աշխատանքներում: Նշենք, որ ռեեստրի վարման նպատակը ՀՀ-ում ԱՎՕ-ները հաշվառելը, դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները գրառելը, վերլուծելը եւ լիազոր մարմնին ամփոփ տեղեկատվություն ներկայացնելն է: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռեեստրի վարումը սկսվել է 2006 թ. մայիսից: Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ` ԱՎՕ ռեեստրում գրանցվել է 3143 կազմակերպություն, որոնց թվում եղել են թվով 12236 արտադրական վտանգավոր օբյեկտներ: Գրանցվել են նաեւ թվով 6006 վտանգի օբյեկտ հանդիսացող մեքենաներ եւ սարքավորումներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՊՈԱԿ-ի կողմից ԱՎՕ ռեեստրում հաշվառվել են հանրապետությունում առկա ոչ բոլոր արտադրական վտանգավոր օբյեկտները: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն` հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության տարածքում գործում են հարկ վճարող 801 բենզալիցքավորման եւ 274 գազալիցքավորման կայաններ: ՊՈԱԿ-ի ռեեստրում գրանցված են 462 բենզալիցքավորման եւ 258 գազալիցքավորման կայաններ: Այսինքն` հաշվառված չեն թվով 339 բենզալիցքավորման եւ 16 գազալիցքավորման կայաններ: Վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է նաեւ լեռնահանքային ոլորտի թվով 100 հանքօգտագործողներ, որոնք նույնպես ռեեստրում գրանցված չեն: Կան նաեւ չգրանցված մեծ թվով այլ արտադրական վտանգավոր օբյեկտներ:

«2007-2009 թթ. ԱՎՕ ռեեստրում չգրանցվելու համար որեւէ ԱՎՕ շահագործողի նկատմամբ վարչական վարույթ չի հարուցվել: Դա այն դեպքում, երբ օրենքի պահանջով գրանցման ենթակա, մեր ուսումնասիրություններով պարզված մոտ 455 չգրանցված ԱՎՕ-ներից լիազոր մարմնի վարչական վարույթի հանձնաժողովների որոշմամբ կարող էր շուրջ 455 մլն դրամի տուգանք գանձվել»,- փաստում է վերահսկողական ծառայությունը:

Հատկապես Երեւան քաղաքում մեծ է խախտումներով կառուցված եւ ռեեստրում չգրանցված ու փորձաքննություն չանցած բենզալցակայանների տեսակարար կշիռը, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում բնակչության եւ շրջակա միջավայրի համար: Դրանք ներկայումս էլ շարունակում են անարգել շահագործվել եւ դրանց նկատմամբ չեն կիրառվում նույնիսկ չգրանցվելու համար նախատեսված պատասխանատվության միջոցներ: Օրենքի համաձայն` ԱՎՕ շահագործող անձը տարեկան մեկ անգամ` մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը, ՊՈԱԿ-ին ներկայացնում է տեղեկատվություն նախորդ տարվա ընթացքում ԱՎՕ-ում տեխանվտանգության պահանջների պահպանման եւ կատարման վերաբերյալ: Այդ տեղեկատվությունը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով (200 հազար դրամ): Ըստ ՊՈԱԿ-ի տվյալների` 2008 թ. նման տեղեկատվություն չներկայացնող ԱՎՕ շահագործողների թիվը եղել է 6813, որից 4984-ը միայն համատիրությունների վերելակներ են: ՊՈԱԿ-ը այդ տեղեկատվությունը ներկայացրել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն: 2009 թ. ՊՈԱԿ-ը Արտակարգ իրավիճակների նախարարություն է ներկայացրել թվով 6878 ԱՎՕ շահագործողների ցուցակ, որից 3798-ը` համատիրությունների վերելակներ: Նախարարությունում ստեղծված վարչական հանձնաժողովների կողմից ոչ մի ԱՎՕ շահագործողի նկատմամբ վարույթ չի հարուցվել: «Եթե նշված բոլոր գործերով վարչական վարույթների արդյունքում տուգանք նշանակվեր, ապա տեղեկատվություն չներկայացրած շահագործողներից (առանց համատիրությունների վերելակների) պետք է գանձվեր շուրջ 1 միլիարդ դրամ, իսկ վերելակների գծով` 1.6 միլիարդ դրամ»,- գրված է վերահսկողական ծառայության` «Հետքին» տրամադրված տեղեկանքում:

Ի՞նչ է պարզվել ՊՈԱԿ-ի ներսում

Վերը նշված չարաշահումներն ավելի շատ վերաբերում էին Արտակարգ իրավիճակների նախարարությանը, քան ՊՈԱԿ-ին, սակայն Աշոտ Պետրոսյանն էլ բավականին կեղծիքներ ու պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տվել: Ճիշտ է, վարչապետի վերահսկողական ծառայությունը դրանց մեղմ գնահատական է տվել, սակայն եղածն էլ բավական է ՊՈԱԿ-ի տնօրենին պատասխանատվության ենթարկելու համար: Ասենք` ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագները մշակվել ու հաստատվել են սեփական մեթոդաբանության կիրառմամբ: Քանի որ լիազոր մարմինը ՊՈԱԿ-ի այս գործառույթի նկատմամբ որեւէ վերահսկողություն չի իրականացրել, Աշոտ Պետրոսյանն էլ, օգտվելով իրեն տրված հնարավորությունից, վարվել է այնպես, ինչպես իր սիրտն է ուզել: Վերահսկողական ծառայության ուսումնասիրություններից պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կողմից, ինչպես սակագների արժեհաշվարկները, այնպես էլ կատարված փոփոխությունները (թեեւ սակագները տարեցտարի նվազեցման միտում են ունեցել) բավարար հիմնավորված չեն: Բացի այդ, նույնատիպ ԱՎՕ շահագործողների մոտ կատարված փորձաքննությունների համար կիրառվել են տարբեր սակագներ, այսինքն` ցուցաբերվել է խտրական վերաբերմունք: Բազմաթիվ են դեպքերը հատկապես բենզալցակայանների դեպքում: Սակայն նշենք, որ «Հետքը» անդրադարձել էր նաեւ կաթսայատների, վերելակների փորձաքննությունների ոչ միարժեք սակագներին, ինչի մասին ուսումնասիրության արդյունքների տեղեկանքում որեւէ տող չկա: Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք նաեւ ՊՈԱԿ-ի փորձագետների ոչ մասնագետ լինելուն եւ կեղծ փորձաքննություններ իրականացնելու դեպքերին: Վերահսկողական ծառայությունը նույնպես հաստատել է, որ առանձին դեպքերում փորձագետի տված եզրակացությունը հավաստի չի եղել: Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ դրական եզրակացություն ստացած օբյեկտը շահագործվում է լուրջ խախտումներով: Փորձաքննության ընթացքում փորձագետների կողմից չեն զննվել եւ ուսումնասիրվել ԱՎՕ-ում տեղակայած շենքերն ու շինությունները: Չի ստուգվել դրանց համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով գործողության մեջ դրված քաղաքաշինական եւ անվտանգության նորմերին: Փորձագետների եզրակացություններում չկան նշումներ փորձաքննության կատարման ընթացքում տեխնոլոգիական սարքավորումների ու միջոցների հետազոտման, դրանց փորձարկման ձեւերի, մեթոդների, ինչպես նաեւ ստուգիչ սարքավորումների օգտագործման մասին: Փորձագետների կողմից տրված եզրակացություններում բացակայում են փորձաքննության կատարման ուսումնասիրության եւ հետազոտման մասերը: «Դրանք հիշատակված են մեկ տողով` «համապատասխանում է», իսկ թե արտադրական վտանգավոր օբյեկտը ի՞նչ չափորոշիչներով է համապատասխանում անվտանգության նորմերին` եզրակացություններում այդ մասին ոչինչ նշված չէ»,-ասվում է վերահսկողական ծառայության տեղեկանքում: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների անձնական գործերի ուսումնասիրությունից պարզվել է, որ փորձագետները հետբուհական կրթություն չեն ստացել, իսկ ոմանց բուհական կրթությունը չի համապատասխանում իրենց կողմից փորձաքննության ենթարկվող ոլորտներին: Թեեւ Վարչապետի վերահսկողական ծառայությունը տեղեկանքում չի գրել, սակայն հարկ ենք համարում եւս մեկ անգամ նշել, որ փորձագետների, բաժնի պետերի եւ այլ աշխատողների զգալի մասը ՊՈԱԿ-ում աշխատանքի է անցել Աշոտ Պետրոսյանի օգնությամբ: Շատերը հենց Աշոտ Պետրոսյանի հարազատներն ու ազգականներն են: Փաստորեն, վտանգավոր օբյեկտների փորձաքննությունը վստահված է փորձագետների, որոնք իրականում փորձագետներ չեն, եւ նրանց տված դրական եզրակացությունները կարող են մարդկային կյանքեր արժենալ: Ըստ վերահսկողական ծառայության տեղեկանքի` ՊՈԱԿ-ի կողմից 2007-09 թթ. մշակվել եւ սահմանված կարգով ընթացք է տրվել թվով 17 ոլորտների կանոնակարգերին, որոնցից կառավարության որոշումներով հաստատվել ու գործողության մեջ են դրվել 6-ը: Մնացած 11 կանոնակարգերը վերամշակման, վերախմբագրման ու համաձայնեցումների գործընթացում են: Դրանցից 6-ը ներկայացված են եղել դեռեւս 2007-ին: Վերահսկողական ծառայությունը փաստում է, որ հիշյալ տեխնիկական կանոնակարգերի մշակումը կատարվել է պետական բյուջեից ստացված միջոցների հաշվին: Փաստորեն, կանոնակարգերի մշակման հետեւանքով ՊՈԱԿ-ի կողմից բյուջետային միջոցներն ամբողջությամբ օգտագործվել են, սակայն կանոնակարգերի մի զգալի մասը դեռեւս հաստատված չէ: «Անկախ կանոնակարգերի չհաստատվելու պատճառներից` դրանց համար նախատեսված բյուջետային միջոցներն օգտագործվել են անարդյունավետ»,- նշված է տեղեկանքում: Վերահսկողական ծառայության տեղեկանքում տեղ չեն գտել նաեւ աշխատավարձի մասին ուսումնասիրությունները: Մենք նշել էինք, որ Աշոտ Պետրոսյանը ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեության եւ այլ աղբյուրների հաշվին ամսական ստացել է 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ, թեեւ տնօրենը հայտարարում է ամսական 240 հազար դրամի մասին: Ու այս ամենի համար ՊՈԱԿ-ը պարտադիր կանոնադրային գործառույթների համար պետական բյուջեից ստացել է պետական աջակցություն. 2007 թ.-ին` 52 մլն դրամ, 2008-ին` դարձյալ 52 մլն, իսկ այս տարվա համար նախատեսված է 41 միլիոն դրամ: Ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ՊՈԱԿ-ը 2007-ին ստացել է 361.5 մլն դրամ, 2008 թ.` 438.2 մլն, իսկ 2009-ի առաջին կիսամյակում` 47.9 մլն դրամ: Վերահսկողական ծառայության կողմից ՊՈԱԿ-ի չբացահայտված այլ չարաշահումներին կանդրադառնանք առաջիկայում: Իսկ բացահայտված չարաշահումների վերաբերյալ օրերս նամակ ենք ուղարկել Վարչապետ Տիգրան Սարգսյանին` պարզելու, թե ինչու որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել չարաշահումների համար: Նամակին պատասխանել է կառավառության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը. ««Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը. 1. առաջին հարցի վերաբերյալ կից Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 30.09.2009 թ.-ի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հասեցեագրված 02/17644-09 ՀՀ վարչապետի հանձնարարականի պետճենը, 2. երկրորդ հարցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն»: 19_10-varch Հ

ետեւելով աշխատակազմի ղեկավարի խորհրդին` հրապարակավ դիմում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը` ակնկալելով մեր 2-րդ հարցի պատասխանը: Այն ձեւակերպված էր այսպես. «Ստուգումներից հետո ինչու՞ որեւէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter