Համայնքը ետ ստացավ 30 հա վարելահողերը
Հոկտեմբերի 16-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում դատավոր Սուրեն Բաղդասարյանը հրապարակեց Էրիկ և Էդուարդ Հովհաննեսի Քոչինյանների դեմ Լոռու մարզի Մեծ Այրումի համայնքապետարանի քաղաքացիական գործով վճիռը: Իր 19.05.09թ.-ի հայցով Մեծ Այրումի համայնքապետ Սաշիկ Առուշանյանը ընդհանուր իրավասության դատարանից պահանջել էր հողի վարձակալության վճարները Էրիկ և Էդուարդ Քոչինյանների կողմից Մեծ Այրումի համայնքի բյուջեին սահմանված ժամկետներում չվճարելու պատճառով` լուծել 2002թ.-ին նրանց հետ կնքած հողի վարձակալության պայմանագրերը և բռնագանձել վարձավճարների պարտք գումարները:
Քննելով հայցը դատարանը պարզել է. «Այրումի գյուղապետարանը 2002թ.-ին պատասխանող Էրիկ Քոչինյանի հետ կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որը վավերացվել է նոտարական կարգով: Համաձայն պայմանագրի վարձակալի համապատասխան վարձավճարի դիմաց Էրիկ Քոչինյանին Մեծ Այրումի գյուղապետարանը 25 տարի ժամանակով վարձակալության է տվել 30հա վարելահող գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով` տարեկան 330 հազար դրամ վարձավճարով: Սակայն 2005-09թ.թ. վարձակալը բարեխղճորեն չի վճարել պայմանագրով սահմանված հողամասի վարձավճարը , որի հետևանքով առաջացել է պարտք` 845 հազար դրամ : Էրիկ Քոչինյանին բազմիցս ծանուցվել է վարձավճարի ժամանակին մուծման մասին, սակայն ձեռնարկված միջոցառումները արդյունք չեն տվել: Համաձայն պայմանագրի 6-րդ մասի 21 կետի վարձակալի կողմից վարձավճարի մուծումը 3 ամիս ուշացնելը հիմք է պայմանագիրը դադարեցնելու համար»:
Դատարանը Էրիկ Քոչինյանի շահերի պաշտպան Ռուբիկ Նիազյանի հակափաստարկները հիմնավոր չհամարեց եւ վճռեց` պատասխանող Էրիկ Հովհ. Քոչինյանի և Մեծ Այրումի գյուղապետարանի միջև 25. 08.2002թ-ի կնքած վարձակալության պայմանագիրը լուծել:
Պատասխանող Էրիկ Քոչինյանից բռնագանձել 831 հազար դրամ`հօգուտ Մեծ Այրումի գյուղապետարանի, որպես հողի վարձավճարի պարտք:
Եվ այսպես փախստականներով բնակեցված Մեծ Այրում համայնքը դատավոր Սուրեն Բաղդասարյանի վճռի արդյունքում ետ ստացավ Քոչինյանների կողմից իրենց պաշտոնական դիրքի չարաշահմամբ փախստականներից զավթած 30հա վարելահողերը և 831 հազար դրամ հողի վարձակալության վճարների պարտքը:
Իր մյուս` Էդվարդ Քոչինյանի դեմ ուղղված հայցի մասով, դատական վճռով դատավոր Սուրեն Բաղդասարյանը մերժեց Մեծ Այրումի գյուղապետարանի հայցը: Էդվարդ Քոչինյանի հետ 2002թ.-ին Մեծ Այրումի գյուղապետարանը նույնպես կնքել է հողի վարձակալության պայմանագիր, որը վավերացվել է նոտարական կարգով:
Ըստ պայմանագրի Էդվարդ Քոչինյանին համապատասխան վարձավճարի դիմաց օգտագործման է տրամադրել 20 հա մակերեսով հողամաս, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2005-09թ.թ. վարձակալը չի վճարել պայմանագրով սահմանված հողամասի վարձավճարները, որի հետևանքով առաջացել է 1մլն. 144 հազար դրամ պարտք: Էդվարդ Քոչինյանը դատարանին ներկայացրել է կադաստրի Ալավերդու ստորաբաժանման կողմից 30.09.09թ.-ին տրված տեղեկանք,ըստ որի Մեծ Այրումի նախկին համայնքապետի կողմից Էդվարդ Քոչինյանին 25 տարի ժամանակով վարձակալության է տրվել համայնքի 85 փախստական բնակիչներին պատկանող և պետական գրանցում ստացած շուրջ 10հա վարելահողեր: Սրան Քոչինյանները չէին կարող նախապես տեղյակ չլինել, քանի որ անցած այդ տարիներին Մեծ Այրումի շատ փախստականներ Քոչինյանների կողմից իրենց հողերի անօրինական օգտագործելու համար գյուղ մտնող ցանկացած լրագրողի դժգոհել են, որն էլ հրապարակվել է մամուլում:
Պատասխանող Էդուրդ Քոչինյանը դատարանին հայտնել է, որ թեև իրեն պայմանագրով վարձակալական կարգով հատկացրել են 21,3 հա հող, սակայն գյուղապետարանի իրավասության տակ գտնվող հողերից փաստացի ինքը օգտագործել է 10,4, հա վարելահող, քանի որ իր կողմից օգտագործած մնացած հողամասը պատկանել է Մեծ Այրումի համայնքի տարբեր քաղաքացիների և նրանց սեփականության իրավունքները ստացել են պետական գրանցումներ և տրվել սեփականության իրավունքի վկայականներ:
Այդ ընթացքում Էդվարդ Քոչինյանը այս քաղաքացիներին ոչ միայն վարձավճարներ չի վճարել, այլ փաստորեն 2005-09թ.թ. փախստականների վրա կուտակվել է իրենց պատկանող այդ հողերի հարկերի պարտքերը: Դատական վճիռը փաստեց, որ կադաստրի Ալավերդու ստորաբաժանման տեղեկանքի համաձայն Էդուարդ Քոչինյանը Մեծ Այրումի գյուղապետարանի նկատմամբ պարտավորություն չէր կարող ունենալ, որի հիման վրա էլ, նա խուսափեց դատական պատասխանատվությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել