HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ճամբարակում դժվար լուծելի է նաեւ աղբահանությունը

17_10-Chambarak Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչների գործազրկությունը, եկամուտ չունենալը եւ աղքատությունն այնքան զգալի են, որ նրանք չեն կարողանում նույնիսկ աղբի հեռացման համար ամսական 100 դրամ վճարել: Հատկապես սեփական տների թաղամասում աղբահանություն ընդհանրապես չի կատարվում: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը մի կողմից սրանում մեղադրեց բնակիչներին, որ 100-ական դրամները չեն վճարում, մյուս կողմից էլ արդարացրեց` «ի վիճակի չեն վճարելու»: «Հետքի» հետ զրույցում Յու. Ավալյանն ասաց, որ Ճամբարակի ֆոնդային բյուջեն տարեկան կազմում է 3-4 միլիոն դրամ: «Համեմատած մնացած համայնքների հետ` շատ քիչ գումար է: Օրինակ` անցյալ տարի 3 միլիոն դրամ ֆոնդային բյուջե ունենք, որը տրամադրեցինք աղբատար մեքենա ձեռք բերելու համար: Փաստորեն, մեր բյուջեով կարողանում ենք միայն պահպանման հարցեր լուծել, այլ աշխատանքներ չենք կարող կատարել»: Քաղաքապետի ներկայացմամբ` աղբատար մեքենա ձեռք բերելուց հետո, քաղաքում աղբահանությունը բավականին լավացել է, սակայն, սեփական տների բնակիչները ցանկություն չեն ունենում աղբահանության աշխատանքներին մասնակցել: «Բնակիչները մեկ հոգու համար ամսական պետք է 100 դրամ վճարեն, որպեսզի շաբաթական 2 անգամ աղբատար մեքենան իրենց աղբը տանի: Նրանք էլ ասում են` մեր աղբը մեր բակում հողով ծածկում ենք ու դրա համար փող չենք տա: Բայց մի կողմից էլ բնակիչներին չեմ մեղադրում, որովհետեւ շատերը նույնիսկ այդ 100 դրամը չունեն: Ասենք, 5 շնչից բաղկացած ընտանիքի համար դժվար է ամսական 500 դրամ տալը»,- ավելացրեց քաղաքապետը: Նշենք, որ սեփական տների թաղամասերում աղբը ոչ միայն հակահիգիենիկ պայմաններ է ստեղծում, այլ սպառնում է նաեւ անասուններին: Բնակիչները պատմում էին, որ միայն այս տարի 3 հորթ է աղբ կերել ու սատկելուց փրկվել: «Աչքիս առաջ հորթս սատկում էր` զիբիլի մեջից ցելոֆան կերավ: Տեսա, որ արդեն բերանից ջուր ա էթում` ձեռքս մտցրի հորթի բերանը, ցելոֆանը հանեցի»,- պատմում էր Հայկ պապը: 17_10-Chambarak1 Բնակելի շենքերի բնակիչներն էլ դժգոհում էին, որ իրենք են բանվորություն անում եւ ծանր դույլերը դատարկում աղբատար մեքենայի մեջ, քանի որ բանվորը «լայաղ չի անում ավտոմեքենայից իջնել»: Ճամբարակ քաղաքում, թե ինչպես կլուծվի աղբի հեռացման հարցը, չգիտեն ո’չ քաղաքապետը, ո’չ էլ բնակիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter