HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հասարակ թուրքի համար այդ ամենը միևնույնն է»

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվել է վերլուծություն` նվիրված հայ և թուրք ԶԼՄ-ների կողմնապահությանը հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման ընթացքում: Հոկտեմբերի 14-ին Թուրքիա` Բուրսա էին մեկնել Հայաստանի և Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ` վերլուծության արդյունքները քննարկելու:«Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսօր «Ազգ» օրաթերթի մեկնաբան Հակոբ Չաքրյանը, թուրքագետ Արտակ Շաքարյանը և «Կենտրոն»  հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Պետրոս Ղազարյանը պատմեցին իրենց այցելության մասին: Արտակ Շաքարյանը նշեց, որ վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ հիմնականում թե’ հայ, թե’ թուրք ԶԼՄ-ների մոտ նույն խնդիրն է` հայկական աղբյուրները չեն աշխատում թուրքական լրատվամիջոցների հետ և հակառակը: «Հիմնադրամը Հայաստանից տարավ 15 առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ և թուրքական գործընկերները նույնպես 15 հոգու Բուրսա էին բերել: Նրանք այնտեղ քննարկեցին այդ վերլուծությունը` փորձելով գտնել ուղիներ, թե ինչպես կարելի է բարելավել վիճակը: Եղան մի շարք առաջարկներ»,- ասաց նա: Պետրոս Ղազարյանի կարծիքով էլ` շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի լրատվամիջոցներն ուղղակի կապ ունենան: Նրա խոսքով` իրենք թուրք լրագրողների հետ շատ խնդիրներ են քննարկել: Բացի այդ` թուրք լրագրողները բավական ազատ են եղել, նրանցից մի քանիսը նույնիսկ ընդգծել են Ցեղասպանություն բառը: «Խաղի ժամանակ հայկական դրոշակ էինք տարել մեզ հետ: Մի թուրք հարձակվեց մեզ վրա, և թուրք լրագրողները սաստեցին այդ թուրքին: Մեզ մոտեցավ նաև Դավութօղլուն, մոտ 20 րոպե զրուցեցինք: Հետո միացան Շվեյցարիայի արտգործնախարարը և Էդվարդ Նալբանդյանը»,- ասաց նա: Հակոբ Չաքրյանն էլ նշեց, որ քննարկումների ընթացքում, անդրադառնալով զիջումներին, իրենք ասել են, որ սահմանի բացումը զիջում չէ, որովհետև երկու հարևան երկրների միջև երբ կողմերից մեկը փակում է սահմանը միակողմանիորեն, դա միջազգային նորմերի խախտում է, և թուրքական կողմը, բացելով սահմանը, որևէ զիջում հայկական կողմին չի անում: «Ընդհանուր առմամբ, բավական մեղմ էր մթնոլորտը: Ամեն ինչ անում էին, որ մեզ հետ հարաբերությունները բարձր պահեին»,- ասաց նա Պ. Ղազարյանի տպավորությամբ` թուրքական կողմը սփյուռքից շատ է վախենում: Թուրքական բոլոր թերթերը տպագրել են Շվեյցարայի հայկական համայնքի ղեկավարի կոչը, որ իբրև նա ասել էր, թե արձանագրություններից հետո իրենք Հայաստանին այլևս փող չեն տա: «Իրենց մոտ բոլորը քննարկում էին, թե հիմա Հայաստանի տնտեսության վիճակը ո՞նց է լինելու, եթե Շվեյցարիայի հայ համայնքի ղեակավարը գումար չի տալու: Մենք նրանց ասացինք, որ սփյուռքի և Հայաստանի միջև փողային հարցերը երրորդական-չորրորդական են: Նրանց մոտ սփյուռքի նկատմամբ վախ կա, որովհետև նրանք վստահ են, որ սփյուռքը որևէ կոմպրոմիսի նրանց հետ  երբևէ չի գնա»,- ասաց նա` նշելով, որ թուրքական կողմը սփյուռքը պատկերացնում է իբրև մի շատ հզոր ուժ: «Մեզ համար շատ կարևոր էր պարզել` նրանք անկե՞ղծ են, թե՞ ոչ, ցանկանո՞ւմ են խնդիրները լուծել: Իմ տպավորությամբ` թուրքերը, առկա բոլոր խնդիրներով հանդերձ, իրոք ցանկանում են խնդիրները լուծել»,- ասաց Պ.Ղազարյանը: Ինչպիսի՞ն էր հասարակության տրամադրվածությունը: Հ. Չաքրյանի խոսքով` այն լրագրողների տրամադրվածությունը, որոնց հետ իրենք հանդիպել են, շատ նորմալ էր, բայց այ ստադիոնում լարված իրավիճակ էր: Իսկ Արտակ Շաքարյանը նշեց, որ հասարակ թուրքի համար այս ամենը միևնույնն է, նրանք նշում են, որ սահմանի բացվելու դեպքում` իրենց կյանքում ոչինչ չի փոխվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter