HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Երեւանում ընթանում է «Ոչ»-ի հանրահավաքը

16-10_Hanrahavaq

«Չզիջել արյամբ ազատագրվածը», «Թուրքիան է մեզ պարտք»,«Հայոց ոգին չի նահանջելու», «Հայաստանն ամեն ինչից վեր է»: Այսպիսի գրություններով պաստառները ձեռքներին մի քանի հազար քաղաքացիներ հավաքվել են Շառլ Ազնավուրի անվան հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, որտեղ ընթանում է հայ-թուրքական արձանագրությունների ընդունմանը «Ոչ» ասող հանրահավաքը:

«Ովքեր թույլ չեն տալիս ազգային հարցերին վերաբերող հանրահավաքը, նրանք փորձում են ձեռքերը լվանալ»,- այսօրվա հանրահավաքը բացեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը եւ խոսքը փոխանցեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանին:

«Ես ցավակցում եմ մեր բոլոր հայրենակիցներին, որովհետեւ մեզ չհաջողվեց կանխել այդ չարաբաստիկ ստորագրությունը. այն դրվեց փաստաթղթի տակ: Իմ մյուս ցավակցությունը ուղղված է մեր իշխանություններին, որոնց ճզմել են, ցավակցում եմ մեր արտգործնախարարին, որին ինչ-որ միջազգային չինովնիկ թույլ է տալիս թշերին խփել, ինչպես փոքրիկ երեխայի»,- իր ելույթն այսպես սկսեց Վահան Հովհաննիսյանը:

16-10-Hanrahavaq1Նա քաղաքացիների ակտիվ պայքարի արդյունքն է համարում նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համայն հայությանը եւ կոչ է անում Ազգային ժողովի պատգամավորներին հաշվի նստել ուղերձում հնչեցված մտահոգությունների հետ` նախքան արձանագրությունները վավերացնելը:

«Դուք մեր աչքի առջեւ եք քվեարկելու, աստված մի արասցե, որ չարտահայտեք ժողովրդի կամքը, այստեղ մի ալիք է հավաքվել, որը կսրբի արձանագրությունները, իսկ եթե իշխանությունը չլսի ժողովրդի ձայնը, կսրբի նաեւ արձանագրությունները ստորագրողներին»,- դիմելով Աժ պատգամավորներին` հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Այսօրվա հանրահավաքին մասնակցում են տասնյակից ավելի կուսակցությունների ներկայացուցիչներ, որոն եւս ելույթ են ունենում ընդդեմ արձանագրությունների ընդունման: «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը, դիմելով ժողովրդին, ասաց, թե թուրքերը մեր ոխերիմ թշնամիներն են. «Նրանց չի կարելի թողնել Հայաստան: Գերմանիայում 4 միլիոն թուրք է ապրում, գերմանացիք ուզում են լքել իրենց երկիրը, հիմա եվրոպացիներն ուզում են այդ ալիքը թեքել դեպի Հայաստան»,- հայտարարեց Տիգրան Կարապետյանը:

Վահան Հովհաննիսյանն էլ նշեց, որ նախագահը սկսել է հասկանալ ժողովրդի մտահոգությունները. «Ուրեմն մենք պիտի ավելի սեղմենք»:

Իսկ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Ստեփան Սաֆարյանը պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ ասաց, որ հենց այսպիսի հանրահավաքներ է պետք պայքարել արձանագրությունների ընդունման դեմ:

Ի դեպ, Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ այսօր Թիֆլիսում բնակվող հայերը եւս «Ոչ»-ի հանրահավաք են անցկացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter