HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հայ ասպետը» պետական աջակցության կարիք ունի

19_10-Hay-aspet Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայ ասպետ» հաղորդաշարը ֆինանսական խնդիրներ ունի, թեեւ շուտով պետք է մեկնարկեն նկարահանումները: Ծրագրի հեղինակ եւ հաղորդավար Կարին Տոնոյանը «Հետքին» փոխանցեց, որ գովազդատուները չեն ցանկանում հովանավորել «Հայ ասպետին»: «Մենք տասնյակ նամակներ ենք ուղարկել մեր գործարարներին, բոլորն էլ գոհ են մեր ծրագրից, շատ ուրախ են, որ այս հաղորդումը կա, սակայն չեն ցանկանում հովանավորել այն: «Հայ ասպետը» հովանավոր չունի, որովհետեւ Հայաստանում չեն գործում գովազդային շուկայի բիզնես օրենքները, այլ գործում են ընկեր-քավոր-բարեկամ, «ասեմ` հովանավորեն» օրենքները,- ասում է Կարին Տոնոյան,- «Հասարակական կարծիք» կազմակերպության կողմից հայտարարված ենք լավագույն հաղորդաշար, սակայն Հանրային հեռուստաընկերությունը մեզ աջակցում է միայն նրանով, որ նկարահանում եւ եթեր է հեռարձակում, մինչդեռ օրենսդրությամբ նախատեսված է, որ Հանրայինը պետք է ապահովի հաղորդումների թեմատիկ բազմազանությունը, իսկ «Հայ ասպետը» Հ1-ի միակ կրթադաստիարակչական հաղորդաշարն է»: «Հայ ասպետ» հաղորդումը պատրաստվում է նույնանուն հիմնադրամի կողմից, որին հիմնականում ֆինանսավորում եւ աջակցում է Պաշտպանության նախարարությունը: Եթեր հեռարձակվող հաղորդումը «Հայ ասպետ» հիմնադրամի կատարած աշխատանքի միայն մի մասն է: 19-10_Karin-Tonoyan««Հայ ասպետը» պետական հարցեր լուծող ծրագիր է: Մրցույթի միջոցով մենք ցույց ենք տալիս, թե ինչն է թերի դպրոցում: Օրինակ` ծրագրի ընթացքում մենք բացահայտել ենք, որ աշխարհագրություն առարկան շատ ցածր մակարդակի վրա է: Մենք լուծում ենք կրթական խնդիրներ, երեխաները մեզ մոտ սովորում են նաեւ հայոց պատմություն, հայկական երգ ու պար, արվեստի պատմություն»,- հավելում է Կ. Տոնոյանը: «Հայ ասպետ» հիմնադրամը Գագիկ Գինոսյանի միջոցով կազմել եւ հրատարակել է հայկական պարերի պարուսույց, ձայնագրել է ազգային երգերի ժողովածու: «Մինչ օրս մենք չունեինք ազգային պարերի հավաքածու, ի՞նչն էր խանգարում Մշակույթի նախարարությանը անել դա: Փաստորեն, մենք նաեւ մշակութային խնդիր ենք լուծում, ճիշտ է` շատ փոքր տոկոսով, բայց  լուծում ենք»,- ասում է «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը: Նրա խոսքերով` իրենք նաեւ ռազմաքաղաքական խնդիր են լուծում. «Մենք ամեն մի հարցն այնպես ենք կազմում, որ դրա մեջ նաեւ ռազմաքաղաքականություն լինի: Մեր յուրաքանչյուր հարցում այդ մոտեցումը կա, որպեսզի մարդիկ ոչ միայն գիտելիք ստանան, այլեւ այդ հարցի միջոցով հասկանան այսօրվա իրադրությունը»: 19-10_Hay-aspet1 Հիմնադրամը աշակերտներին բազմազան արշավների է տանում պատմական եւ մշակութային նշանակություն ունեցող վայրեր, Հայոց բանակի զորամասեր: «Մեր երեխաներն անհամբերությամբ են սպասում, թե երբ են նորից գնալու արշավների: Մեզ մոտ այնպիսի մթնոլոտ է ձեւավորված, որ նույնիսկ շրջապատի վատ ազդեցության տակ ընկած երեխաներն այստեղից գնում են մաքրված, այստեղից մի բան իրենց հետ տանում են եւ երբ հաջորդ անգամ գալիս են, արդեն փոխված են լինում»,- ասում է հիմնադրամի տնօրենը: Չնայած առկա դժվարություններին` «Հայ ասպետ» հաղորդման նկարահանումները կվերսկվեն հոկտեմբերի վերջին: «Մենք ունենք Պաշտպանության նախարարության օժանդակությունը եւ մեզ հովանավորում է «Բիլայնը», որոշել ենք հաղորդումը սկսել: Դեռեւս այլ աջակցություն չունենք, փոխարենն ունենք բազմաթիվ խոստումներ պետական մարմիններից` նախագահականից, Ազգային ժողովից, նախարարություններից»,- ասում է Կարին Տոնոյանը: Նա այնպիսի տպավորություն է ստացել, թե պետական մարմինները մեկը մյուսի վրա է գցում, թե ով պետք է աջակցի «Հայ ասպետին»: Մի քանի հարյուր երեխաներին կրթող հիմնադրամը ընթարձակ տարածքի կարիք ունի, որի համար վերջերս դիմել էր Երեւանի քաղաքապետարան: «Քաղաքապետարանից խնդրել էինք մեզ տրամադրել պետական վճարով տարածք, որի համար մենք պիտի վճարեինք, սակայն ավելի մատչելի կլիներ: Մեզ պատասխանեցին, որ նման տարածք չունեն, իսկ մասնավոր տարածք վարձակալելու համար մենք բավարար գումար չունենք»,- ասում է Կարին Տոնոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter