HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մահացած ճանաչվածի իրավունքները ոտնահարվում են նաեւ դատարանում

Մեր նախորդ համարներում անդրադարձել էինք Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ Բաղդասար Հակոբյանի գործով դատավարությանը: Հիշեցնենք, որ Բ. Հակոբյանը գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 02.04.2004 թ. վճռով ճանաչվել էր մահացած: Վերադառնալով Հայաստան նա դիմել է դատարան եւ 19.09.2008 թ. վերացվել է այդ վճիռը:

Ակնաշեն գյուղում գտնվող բնակելի տան եւ տնամերձ հողամասի համասեփականատերեր են հանդիսացել Բ. Հակոբյանը եւ նրա մայրը` ներկայումս հանգուցյալ Ռայա Հակոբյանը: Վաղարշապատ տարածքի նոտարական գրասենյակի կողմից տրված, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Բ. Հակոբյանի մայրն ընդունելով ժառանգություն` 05.05.2004 թ. կնքված առուվաճառքի պայմանագրով տունը եւ տնամերձ հողամասը վաճառել է նույն գյուղի բնակիչ Սամսոն Հակոբյանին: Նա էլ 01.11.2004 թ-ին վերավաճառել է Վահան Խաչատուրյանին: Բաղդասար Հակոբյանը հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Սամսոն Հակոբյանի, Վահան Խաչատուրյանի եւ Վաղարշապատի տարածքի նոտար Վ. Ղարիբյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն ու առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու եւ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին: Հոկտեմբերի 12-ին դատավոր Նաիրա Գրիգորյանը մերժեց Բ. Հակոբյանի հայցը` այն համերով անհիմն: Բ. Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ Սամսոն Հակոբյանը հաստատ գիտեր իր գտնվելու վայրի մասին: Բացի այդ, Ս. Հակոբյանն իրեն մահացած է ճանաչել եւ առուվաճառքի պայմանագիր է կնքել մորը խաբելով, քանի որ Ռայա Հակոբյանն անգրագետ եւ կույր է եղել եւ չի հասկացել, որ իրեն խաբում են: «Իրականում նա ոչինչ տեղյակ չի եղել»,- հայտարարեց Բ. Հակոբյանը: Ներկայումս վիճելի տունը տիրապետում է Սամսոն Հակոբյանը: Նշենք, որ նա է ստացել Բաղդասարի մահվան վկայականը եւ կեղծ հայտարարություն արել, որ նա երբեք ամուսնացած չի եղել` նպատակ ունենալով տիրանալ նրա տանը: Բաղդասարի ասելով, ինքը մշտապես կապի մեջ է եղել մոր ու հարազատների հետ եւ նրանք գիտեին իր կենդանի լինելու մասին, սակայն, Հայաստան չի կարողացել գալ` անձնագրի ժամկետը լրանալու կապակցությամբ: Նա մոր մահվան մասին իմացել է, սակայն, վիճելի տունը եւ տնամերձ հողամասը վաճառելու վերաբերյալ չի իմացել: Սամսոն Հակոբյանն էլ հայցի դեմ առարկեց, ասելով, որ Ռայա Հակոբյանը օրինական կարգով դիմել է դատարան եւ որդուն մահացած է ճանաչել, որի հիման վրա հայցվորի մայրն ընդունել է նրա ժառանգությունը, այնուհետեւ` տունն ու հողամասը վաճառել է 6500 ԱՄՆ դոլարով: Այդ մասին իմացել են նաեւ հայցվորի քույրը եւ նրա հարազատները: «Հանգուցյալ Ռայա Հակոբյանն անգրագետ չի եղել: Ժամանակին աշխատել է համայնքի փոստում, գիտակցել է, թե ինչ է կատարել: Ինչ վերաբերում է, որ ես տեղյակ եմ եղել Բաղդասար Հակոբյանի կենդանի լինելու մասին, անհիմն է, քանի որ հայցվորը մինչեւ գործարքները` 15 տարուց  ավելի, բացակայել է Հայաստանից, եւ ես որեւէ անգամ նրանից տեղեկություն չեմ ունեցել»,- դատարանում ասել է Ս. Հակոբյանը: Վահան Խաչատուրյանի ներկայացուցիչ Էդուարդ Ափոյանն էլ հայտնեց, որ Բաղդասար Հակոբյանի հայցն անհիմն է եւ պետք է մերժվի: Նրա պնդմամբ, Վահան Խաչատուրյանը վիճելի տունը գնելուց հետո, այն հիմնովին վերանորոգել է, որի համար ծախսել է 60-70 հազար դոլար եւ արդյունքում բարձրացել է գույքի ինքնարժեքը: Դատաքննությանը չէր մասնակցում Վաղարշապատի տարածքային գրասենյակի նոտար Վ. Ղարիբյանը` խնդրելով, որ գործը քննեն իր բացակայությամբ: Դատարանը հիմնավորված է համարել, որ Բաղդասար Հակոբյանն իր բնակության վայրից բացակայել է 15 տարուց ավելի եւ իր գործողություններով հրաժարվել է իր սեփականության իրավունքից եւ մինչեւ վիճելի գործարքները կնքելը` նա լքելով հեռացել է: Դատարանը հաստատված է համարել նաեւ այն հանգամանքը, որ Բ. Հակոբյանն իմացել է կամ պետք է իմանար, որ իր մայրն օտարել է համատեղ սեփականություն հանդիսացող գույքը: Բացի դա, օրենքով սահմանված կարգով, համասեփականատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի տնօրինելու համատեղ գույքը, եթե համասեփականատերերից որեւէ մեկը չի առարկում նրա նման գործողությունների դեմ: «Դատաքննությամբ հաստատվեց այն փաստական հանգամանքները, որ պատասխանողները գույքը ձեռք բերելիս չեն իմացել, որ մահացած քաղաքացին կենդանի է եւ համատեղ սեփականատերերից Ռայա Հակոբյանի համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինելու` օրենսգրքով սահմանված իրավունքը որեւէ կերպ սահմանափակված չի եղել, որը սույն գործով որեւէ որեւէ կերպ չհաստատվեց, որ պատասխանողներն իմացել են կամ ակնհայտորեն պետք է իմանային, որ մահացած ճանաչված հայցվորը կենդանի է եղել»,- նշված է վճռում; Այստեղ դատավոր Նաիրա Գրիգորյանը ցույց է տվել ակնհայտ կողմնակալ դիրքորոշում, քանի որ առանց լուրջ փաստարկների` հիմնավոր է համարել, որ տան ու հողամասի առուվաճառքի մասին տեղեկությունը Բ. Հակոբյանն իմացել է, եւ արդարացրել է պատասխանողներին, «նրանք չեն իմացել» բնորոշմամբ: Հակասությունն ակնհայտ է: Եթե Սամսոն Հակոբյանը գիտեր, որ Բաղդասար Հակոբյանն իմացել է առուվաճառքի մասին, ապա ինչպե՞ս էր նրան մահացած ճանաչում: Իսկ եթե իրոք չի իմաել, ապա դատարանն ինչպե՞ս է հիմնավոր համարել, որ Բաղդասար Հակոբյանը գիտեր այդ մասին: Դատավորը նաեւ վճռով չի անդրադարձել, որ Սամսոն Հակոբյանը մասնակցել է Բաղդասար Հակոբյանին մահացած ճանաչելու համար գյուղապետարանից կեղծ տեղեկանք վերցնելու գործին: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գ. Մազմանյան նախագահությամբ 30.01.2009 թ. դատավճռով հիմնավորված էր համարել, որ 22.03.2004 թ. Ռայա Հակոբյանն իր որդու` Սիմոն Հակոբյանի եւ հարեւան Սամսոն Հակոբյանի հետ գնացել է Ակնաշենի գյուղապետարան, որտեղ զրուցել է Ակնաշենի այն ժամանակվա գործող գյուղապետ Կամո Մարտիրոսյանի հետ եւ խնդրել է իրեն տալ տեղեկանք այն մասին, որ իր որդի Բաղդասար Հակոբյանը  շուրջ 15 տարի բացակայում է Ակնաշեն գյուղից: Այնուհետեւ Ռայա Հակոբյանը ցանկացել է ժառանգել տան` Բաղդասար Հակոբյանին պատկանող  մասնաբաժինը եւ այդ նպատակով 23.04.2004 թ. Սիմոն Հակոբյանի եւ Սամսոն Հակոբյանի հետ նորից գնացել է Ակնաշենի գյուղապետարան եւ այս անգամ արդեն Կամո Մարտիրոսյանից խնդրել է տալ կեղծ տեղեկություններ պարունակող մեկ այլ տեղեկանք, թե իբր իր որդի Բաղդասար Հակոբյանը մինչեւ մահը մշտապես բնակվել է Ակնաշեն գյուղում իր հետ նույն տանը եւ նրա մահից հետո գույքը փաստացի տիրապետում է ինքը: Գյուղապետը տվել է կեղծ տեղեկանքը, որի արդյունքում էլ քրեական գործ է հարուցվել եւ նա դատապարտվել է մեկ տարի ազատազրկման, սակայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Փաստորեն, Նաիրա Գրիգորյանը հաշվի չառնելով այս հանգամանքը, վճռում հանգել է «հիմնավորման », թե «պատասխանողները գույքը ձեռք բերելիս չեն իմացել, որ մահացած քաղաքացին կենդանի է»: Կամո Մարտիրոսյանի քրեական գործով եւ դատավճռով նշված է, որ Սամսոն Հակոբյանը նույնպես մասնակից է եղել կեղծ տեղեկանքներ վերցնելու գործին, ինչն էլ ենթադրում է, որ նա գիտեր Բաղդասար Հակոբյանի կենդանի լինելու մասին: Բացի դա, Սամսոն Հակոբյանը Վաղարշապատի տարածքային ՔԿԱԳ բաժնի նախկին պետ Գայանե Խուբեսերյանին կեղծ տեղեկություն է տվել, թե իբր Բ. Հակոբյանը երբեք ամուսնացաց չի եղել: Ամուսնացած չլինելու մասին գրառումը արվել է 21.04.2004 թ. տրված Բ. Հակոբյանի մահվան վերաբերյալ ակտում: Նաիրա Գրիգորյանն այս հանգամանքը նույնպես միտումնավոր հաշվի չի առել: Բաղդասար Հակոբյանը «Հետքին» է փոխանցել Վահան Խաչատրյանի լիազորագիրը` տրված Էդվարդ Ափոյանին, որով էլ վերջինիս լիազորել է իր անունից հանդես գալ դատարանում: Ուշագրավն այն է, որ լիազորագրով Վահան Խաչատուրյանը Է. Ափոյանին լիազորել է իր իրավունքներն ու օրինական շահերը ներկայացնել ք. Էջմիածին, Պատկանյան փողոց տ. 38 հասցեում գտնվող անշարժ գույքի հետ կապված: Այսինքն` լիազորագիրը կապ չունի Ակնաշեն գյուղում գտնվող վիճարկելի տան հետ, սակայն Էդուարդ Ափոյանը դատարանում Վ. Խաչատուրյանի շահերը պաշտպանում է հենց Ակնաշենի տան խնդրով: Այստեղ էլ դատավոր Ն. Գրիգորյանը միտումնավոր անտեսել է այս հանգամանքը: Բաղդասար Հակոբյանը եւս մեկ անգամ ասաց, որ իր տեղեկություններով` Վահան Խաչատուրյանը մի քանի ամիս առաջ մահացել է եւ նա չէր կարող լիազորագիր տալ: Բ. Հակոբյանը «Հետքին» փոխանցեց, որ դատավոր Նաիրա Գրիգորյանը կողմնակալ վճիռ է կայացրել եւ պատրաստվում է այն բողոքարկել Վերաքննիչ դատարանում: «Ես բազմաթիվ միջնորդություններ եմ ներկայացրել դատարան, սակայն, դատավորը դիտմամբ դրանք չի ընդունել եւ միշտ ընդունել է պատասխանողների անհեթեթ միջնորդությունները»,- ավելացրեց Բաղդասար Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter