
Հայ Մադրասի 300-ամյակին ընդառաջ
Հայերի ժառանգությունը Մադրասին
Հայ ժողովրդի տարեգրության պատմության փառապանծ էջերից մեկը կապված է Հնդկաստանի հարավում գտնվող Թամիլ Նադու նահանգի մայրաքաղաք Մադրասի հետ (Այժմ` Չեննայ):
2012 թ. լրանում է հայ Մադրասի 300-ամյակը: Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Հնդկաստանի հայ համայնքը նախապատրաստվում է այդ տարեդարձը շուքով նշելու: Մադրասը Հնդկաստանի ամենավաղ եվրոպականացված քաղաքն է: Հայերը ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքի ձեւավորման մեջ: Թե ե՞րբ են առաջին անգամ հայերը հաստատվել Մադրասում, կան տարբեր կարծիքներ, որոնց կանդրադառնանք հետագայում, նշենք միայն, որ դեռեւս 4-րդ դարում Անտիոքից եպիսկոպոսներ, քահանաներ եւ քրիստոնյա գաղթականներ են տեղափոխվել եւ հաստատվել Մադրասում, նրանք իշխանությունների հատուկ թույլտվությամբ իրավունք են ստացել եկեղեցիներ եւ դպրոցներ հիմնելու: Հնդկաստանում ձեւավորված այս ասորական եկեղեցու առաջին քարոզիչների մեջ հիշատակվում են հայեր: Վերը նշված եկեղեցին հայտնի է «Ս. Թովմասի քրիստոնեաներ» անունով:
Ընդհանրապես Մադրասի պատմության մեջ հայերի` առաջինը լինելու հանգամանքը չգերազանցված է: Որպես ապացույց բերենք մի քանի փաստեր: Պատմական աղբյուրներում Մադրասի առեւտրականների շարքում առաջինը նշվում է հայերի եւ հրեաների մասին: Մադրասի առաջին առեւտրական կազմակերպությունը հայտնի է John Company`s Madraspatnam անվանումով, որի հիմնադիրները համարվում են հայերը եւ հրեաները: Քաղաքի ամենահին գերեզմանը հայկական է` 1663 թ., պատկանում է Խոջա Դավթին: Հնդկաստանում առաջին հայկական աղոթատեղին կառուցվել է Մադրասում` Ս. Թովմասի լեռան վրա, 1547թ.-ին: 18-դ դարի Մադրասի ամենահարուստ մարդը հայազգի Պետրոս Ոսկան էր, մեծահարուստ էր նաեւ Շահամիրյանների ընտանիքը: Մադրասահայերի մեծ մասը եղել են վաճառականներ եւ ունեցել են մեծ հեղինակություն: Նրանք հիմնականում զբաղվել են գործվածքեղենի, թանկարժեք քարերի, մետաքսի, համեմունքների արտահանմամբ դեպի Եվրոպա, Իրան եւ Մանիլիա: Անգլիացի պատմաբան Ջ. Հանվեյը, անդրադառնալով 18-րդ դարի Մադրասի հայ վաճառականների փառքին եւ հարստությանը, նշում է. «Հայերը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բրիտանիայի հետ հաջող առեւտուր են անում, նրանք իրենց կապիտալով մրցակցում են բրիտանացիների, ռուսների եւ հոլանդացիների հետ»: Այսպիսով, ունենալով մեծ հնարավորություններ` հայերն իրենց ներդրումն են կատարել Մադրասի եվրոպականացման գործում, որն առավել արտահայտվել է կառուցապատմամբ: Հայտնի է, որ 17-18-րդ դարերում Մադրասի հայկական բնակավայրերի թիվը հասել է 40-ի: Հին Մադրասի սիրտը համարվող Ս. Թովմասի բարձունքն այսօր կարեւոր քրիստոնեական ուխտատեղի է, այն համարվում է պորտուգալական ժառանգություն, մինչդեռ նույն վայրում գտնվող եկեղեցու պատին առկա է հետեւյալ արձանագրությունը. «Gregorio Parao /Gregory Sarkies of Erevan, a pearl merchant/, Armenio, 1707»: Վերջինս համարվում է քաղաքի ամենահին արձանագրությունը, իսկ եկեղեցին զարդարող խորանը կրկին կրում է հայկական կնիք: Հայերի կողմից կառուցված լինելու հանգամանքը ապացուցում է նաեւ 14 սրբերի պատկերների առկայությունը եկեղեցու պատին` հայերեն մակագրություններով: 1707 թ. Ս. Թովմասի եկեղեցին վերանորոգվում է «Սաֆարյան Մահտեսի Զաքարեյի» միջոցներով: Բլրի գագաթը տանող 135 աստիճան ունեցող սանդուղքը (ի սկզբանե` 160 աստիճան), որն իր օգտակարությունը պահպանում է առ այսօր, կառուցել է հայազգի խոջա Պետրոս Ոսկանը: Հնդիկ հեղինակ Ս. Մութահը Մադրասին նվիրված աշխատության մեջ ներկայացնելով Ս. Թովմասի բարձունքի պատմությունը` նշում է. «Տարածքի քառորդ մասը պատկանել է հայերին, որոնց կապն այս եկեղեցու հետ շատ սերտ է եղելգ»: Օրեցօր հզորացող հայ համայնքը, զգալով բրիտանական մրցակցության վտանգը, գիտակցում էր ազգային նկարագիրը եւ արժեքները պահպանելու կարեւորությունը: Այս գաղափարների անմիջական արդյունքը 1712 թ. Ս. Գեորգեւյան կոչված բերդի մոտ` «Fort», Հայ առաքելական առաջին եկեղեցու հիմնադրումն էր: Ցավոք սրտի, հետագայում այն քանդվեց անգլիացիների կողմից, միայն 1772 թ. Շահամիր Շահամիրյանի միջոցներով նշված տարածքում կառուցվեց Ս. Աստվածածնի անունը կրող հայկական եկեղեցի, որն իր վեհաշուք տեսքով այսօր էլ խորհրդանշում է ժամանակի հայ համայնքի նվիրվածությունը իր ազգին եւ եկեղեցուն: Հայկական եկեղեցի կա նաեւ Մադրասի մերձակա Մայլաբուր գյուղի մոտ` Սան Թոմեյում, որի արեւելյան որմի վրա արձանագրված է «ՅԻՇԱՏԱԿ Է ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ, ԹԻՒՆ ՓՐԿՉԻՆ 1729»: Մադրասի նշանավոր քրիստոնեական ուխտատեղիներից մեկն էլ Ս. Մաթիասի եկեղեցին է, որը 1752 թ. անցնում է դանիացի միաբանների հսկողության տակ, թեեւ մադրասահայերը բողոքի ձայն են բարձրացնում այս դեպքի կապակցությամբ, սակայն անարդյունք: Վերոնշյալ եկեղեցին եւս կառուցվել է մեզ արդեն հայտնի Պետրոս Ոսկանի միջոցներով: Ժամանակակից քաղաքի կարեւորագույն պատմական կառույցներից մեկն էլ համարվում է Ադյար գետի վրա ձգվող բազմակամար կամուրջը` կառուցված 1725 թ.-ին, այն գործող կամուրջ է առ այսօր: 18-րդ դ. Մադրասի ամենահայտնի մարդկանցից էր մեծահարուստ Շահամիր Շահամիրյանը: Վերջինիս է պատկանել քաղաքի համար պատմական մի բնակարան` «Great House in Charles Street», որը կառուցվել է 1687 թ.-ին եւ պաշտոնական անվանումն էր «Admiralty House»: Այն հետագայում դարձավ գեներալ նահանգապետի նստավայրը, իսկ այսօր Հնդկաստանի ճարտարապետական նախագծման ինստիտուտի շենքն է: Մեկ այլ հայ մեծահարուստ` Էդուարդ Սամուել Մուրադը, իր անունով Մադրասում հիմնում է պարտեզ` «Moorat Gardens», որը 1827 թ.-ին վաճառում է նահանգապետարանին, իսկ մինչ այդ` 1821 թ.-ին, գնում է մի կառույց, որը հայտնի է «The Pantheon» անվամբ: 22 ակրա հողատարածքով` այն իր մեջ պարունակում էր երաժշտական համալիր, գրադարան, արվեստի սրահ եւ այլն: Համալիրը 1830 թ.-ին կրկին վաճառում է նահանգապետարանին 28.000 ռուփիով: Հայերի մասին Մադրասում, բացի այս կառույցներից, հիշեցնում են նաեւ «Armenian Street» եւ «Shamirian street» անվանումները կրող փողոցները: 21-րդ դարում Մադրաս քաղաքում այլեւս հայ չի ապրում, դրա պատճառների մասին կխոսենք հաջորդ հրապարակումներում: Մադրասի հայկական համայնքի ժառանգություն համարվող Ս. Աստվածածին եկեղեցին իր հարակից տարածքով գտնվում է Կալկաթայի Ս. Նազարեթ Մայր եկեղեցու հոգատարության ներքո: Եկեղեցին բարվոք վիճակում է եւ մշտապես գտնվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հնդկահայոց հոգեւոր հովվի, Կալկաթայի եկեղեցական վարչության եւ Հնդկաստանում բնակվող հայ համայնքի ուշադրության կենտրոնում: Ս. Աստվածածինը վերաօծվեց 2008 թ. նոյեմբերի 9-ին` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ: Տաճարը` իր գեղեցկությամբ եւ պատմական արժեքով, զարդարում է ժամանակակից Մադրասը: Այն հավերժ հիշողություն է հայ ժողովրդի անցյալի մասին:
Հերմինե Ադամյան
Մեկնաբանել