Սեփական «մայլի» նման
Սև-մութ ամպեր են կուտակվում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխին: Գյումրու քաղաքապետարանում վերահսկիչ պալատի կատարած ստուգումները, ըստ թերթին հասած տեղեկությունների, ցույց են տվել, որ այս քաղաքը Վարդանիկը տնօրինել է սեփական «մալի» նման` տարածքներ է գրոշներով սեփականացրել, թանկ գնով մեքենա է գնել սեփական որդուց, վերանորոգել, ապա մի քանի անգամ էժան գնով նորից վաճառել նրան:

Ստուգումների արդյուքներն այնքան խայտառակ են, որ քաղաքապետարանի մի քանի վարչության պետեր հրաժարվում են ստորագրել այդ ակտերի տակ` ինչո՞ւ Վարդանիկի կերած բողկերն իրենց վրա վերցնեն:
Ի դեպ, նմանատիպ ստուգումներ են կատարվել նաև Լոռու մարզում, որտեղ պարզվել է, որ մարզպետարանն ավելի համեստ է եղել իր ախորժակի մեջ, քան Վանաձորի քաղաքապետարանը:
Խեղճ Էդիկ
Մինչ ՀՀ իշխանություններն ու պաշտոնական քարոզչությունը կրկնում են «հայ-թուրքական արձանագրություններն` առանց նախապայմանների» արտահայտությունը, երեկ Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը հանդես են եկել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացը ղարաբաղյան հակամարտության հետ պայմանավորելու մասին հերթական, սակայն ավելի «ջիգյարով» հայտարարություններով:
«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա,- ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` ավելացնելով,- Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նպատակ ունի կարգավորել իրավիճակը ողջ տարածաշրջանում: Քանի դեռ չի լուծվել հայ-ադրբեջանական հակամարտությունը, անհնար է Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատել»:
Շեշտելով, թե ԼՂ-ն և շրջակա յոթ տարածքները «18 տարի է` օկուպացված են», Գյուլն ասել է, որ այժմ` հայ-թուրքական բանակցությունների շնորհիվ այդ հարցը կրկին հայտնվել է միջազգային հանրության օրակարգում:
«Մեկ անգամ չէ, որ մենք հայտարարել ենք` Թուրքիան երբեք Ադրբեջանի շահերին հակառակ քայլեր չի կատարի: Արդբեջանը և Թուրքիան աշխարհում ամենամոտ երկրներն են, և, իհարկե, մենք նույնպես չենք հանդուրժում նրա տարածքների գրավման փաստը»,- հայտարարել է Գյուլը` գնահատելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները:
«Հիշենք` ինչպես մի քանի տարի առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան էին այցելում ինչպես զբոսաշրջիկներ, իսկ այժմ նրանք լրջորեն գործի են անցել: Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմամբ մենք հասել ենք նրան, որ ղարաբաղյան խնդրի լուծումն առաջնահերթ է դարձել գերտերությունների համար...Այնպես որ, առաջիկայում ղարաբաղյան հարցում մենք ականատես կլինենք լուրջ առաջընթացի. պարզապես հիմա այդ մասին խոսել վաղ է»,- ասել է Գյուլը, որը հայ-թուրքական հարաբերություններին նվիրված իր հարցազրույցում խոսել է ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ԼՂ հակամարտության կարգավորման մասին:
Այսինքն` Թուրքիան օրեցօր ավելի է ամրապնդում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդի իր դիրքերը: Եվ սա Հայաստանի համար ամենավտանգավոր զարգացումն է, նույնիսկ այն դեպքում, եթե այդ արձանագրություններն իսկապես կապ չունեն ԼՂ հարցի հետ: Իհարկե, կարելի է չկասկածել, որ, ասենք, Էդուարդ Շարմազանովը կամ իշխանական որևէ այլ գործիչ Գյուլի այս արտահայտությունները ներկայացնելու է որպես «հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու ակնհայտ վկայություն»: Ինչպես որ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի երեկվա հետևյալ հայտարարությունը.
«Ադրբեջանական հողը սուրբ է մեզ համար` ինչպես մեր սեփականը, և այդ հողը օկուպացումից ազատելը մեր առաջնային ազգային խնդիրներից է: Նույնիսկ, եթե երկինքը փուլ գա` Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվի»:
Հայ-թուրքական արձանագրությունների հարցը Թուրքիայի խորհրդարանում
Վաղը, հոկտեմբերի 21-ին, Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ կունենա արտգործնախարար Դավութօղլուն` տալու համար պարզաբանումներ Հայաստանի և Թուրքիայի միջև «դիվանագիտական հարաբերությունների հաստատման», «երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման» արձանագրությունների մասին:
Նրա ելույթից հետո արձանագրությունների առնչությամբ իրենց կուսակցությունների տեսակետները կարտահայտեն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:
Ըստ տարբեր կանխատեսումների` խորհրդարանը կարող է վավերացնել հայ-թուրքական արձանագրություններից միայն մեկը` դիվանագիտական հարաբերություններ նախատեսողը: Իսկ այսօր Թուրքիայի անվտանգության խորհրդում կքննարկվեն արձանագրությունները:
Սահմանի բացմանը հրաշքներ չեն հաջորդի
Կարծիքներ կան, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում թուրքական սահմանամերձ բնակավայրերը կարող են մեծապես շահել տնտեսության զարգացման և կենսամակարդակի առումով: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի ասելով.
«Կենսամակարդակի առումով` ՀՆԱ-ի արդյունքով, Թուրքիայի զարգացած շրջանների և այդ սահմանամերձ շրջանների միջև մոտ 5 անգամ տարբերություն կա: Մեր կենսամակարդակով մենք կարող ենք համեմատվել այդ սահմանամերձ շրջանների հետ, բայց չենք կարող և անիմաստ է համեմատվել Թուրքիայի զարգացած և հատկապես ծովամերձ շրջանների հետ: Բայց չի բացառվում, որ եթե սահմանը բացվի և Ղարսի երկաթուղին սկսի կատարել տարածաշրջանային ճանապարհային հանգույցի դերը` դա նպաստի նաև սահմանամերձ շրջանների զարգացմանը` ինչպես թուրքական, այնպես էլ հայկական կողմից»:
Ներքին դիմադրություն
Հայաստանում և Թուրքիայում անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դժվարություններ են լինելու, քանի որ երկու հասարակությունները դեռ պատրաստ չեն դրան:
«Ներքին դիմադրություն կա, և դա ակնհայտ է: Թուրքերը իրենց հիմնավորումներում հիմնականում նշում են Ղարաբաղի հարցը, ասելով, թե Հայաստանը մինչև զիջումների չգնա, հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումն անհնար է:
Մեր հանրության այն շերտերն էլ, որոնք դեմ են արտահայտվում, կարծում են, որ արձանագրությունները ստորագրելով, մենք թուրքական կողմին չարդարացված զիջումներ ենք անում: Նրանք ասում են, որ եթե թուրքերը 16 տարի առաջ փակել են սահմանները ու հիմա ցանկանում են բացել, թող բացեն»,- պատմեց երեկ Գևորգ Պողոսյանը:
Պլանայի՞ն է
Անցած շաբաթ բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններ տարածքային զինվորական կոմիսարիատներից գրություններ են ստացել` իրենց մոտ առկա տրանսպորտային և այլ կարգի տեխնիկայի մասին տեղեկատվություն տրամադրելու պահանջով:
Զինկոմների ստորագրությամբ այդ գրություններով հիմնարկներից պահանջվում է նաև ներկայացնել տեղեկություններ վառելիքաքսուքային պաշարների, մետաղյա տարաների մասին: Զինկոմները պահանջել են ներկայացնել նաև վարորդների անձնական տվյալները:
Ուշագրավ է, որ այդ տեղեկությունները զինկոմներին տրամադրելու ժամկետների մասին հատվածում ձեռագրով գրված է` «Շտապ»:
Այս գրությունները որոշակի իրարանցում են առաջացրել գործարարների մոտ: Վերջիններս չեն կարողանում պարզել` արդյո՞ք սա պլանային գործընթաց է, թե՞ արտառոց ինչ-որ բան է նախատեսվում:
Ոտքի ել, ժողովուրդ
«Հայաստանի տնտեսությունն ունի օլիգոպոլ կառուցվածք, և մենք էլ հենց խոսում ենք դրա մասին, որ պետք է ինչ-որ բան անել»,- կիրակի օրը Երևանում հայտարարել է Համաշխարհային բանկի կառավարիչ տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվալան:
Հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ՀՀ ղեկավարներից շատերը կանգնած են այդ օլիգոպոլ կառուցվածքի ետևում, շահ են ստանում դրանից` արդյո՞ք նրանք անհրաժեշտ կամք կդրսևորեն այդ համակարգի դեմ պայքարելու գործում` տիկին Օկոնջո-Իվալան բառացիորեն պատասխանել է. «Կարծում եմ` սա մի հարց է, որի ուղղությամբ հայ ժողովուրդը պետք է աշխատի և լուծումներ գտնի»:
Նշենք, որ մինչև հիմա համաշխարհային ֆինանսական այս գերկառույցի ղեկավարները բավարարվել են ընդամենը որոշ «թերությունների» ու «բացթողումների» մասին ակնարկելով ու ստանդարտ ձևակերպումներ տալով, ընդ որում` անպայմանորեն նշել են «ձեռքբերումներն» ու «անելիքները»: Բայց երբեք այս մակարդակի պաշտոնյան չի նշել մեր տնտեսության` օլիգոպոլ լինելու ու «ժողովրդով» այդ հարցը լուծելու անհրաժեշտության մասին:
Լավ էլ գիտեն իրենց շահը
«Ճգնաժամը զարգացման լավագույն ժամանակահատվածն է, և դա արդեն ապացուցված է բազմաթիվ ճգնաժամերի օրինակով»,- հայտարարել է հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը:
«ՉԻ» - Դե իհարկե: Հայաստանի տնտեսությունն այս ընթացքում 18,5 տոկոսանոց անկում է արձանագրել, գործազուրկների թիվն ավելանում է կատաստրոֆիկ տեմպերով, նույնիսկ բանակի բյուջեն է 25 տոկոսով կրճատվել, և սա, պարզվում է, «զարգացման լավագույն ժամանակահատվածն է»:
Միխայիլ Բաղդասարովը, հասկանալի է, նկատի ունի իր սեփական բիզնեսի զարգացումը. ցանկացած գործարար, իհարկե, առաջին հերթին հենց իր բիզնեսի մասին է մտածում: Բայց այս դեպքում ստացվում է, որ խոշոր գործարարները ամեն ինչ պիտի անեն, որպեսզի ճգնաժամը հանկարծ չհաղթահարվի: Հո հիմար չե՞ն, որ իրենց ձեռքով կարճացնեն «զարգացման լավագույն ժամանակահատվածը»:
Եվ պատկերացրեք` խոշոր գործարարները հենց այդպես էլ վարվում են: Ու քանի որ Հայաստանի իշխանությունները հենց իրենց խոշոր բիզնեսմեններ են, ճգնաժամն անընդհատ խորանում է: Իսկ իրենց բիզնեսները, հասկանալի է, «լավագույնս զարգանում են»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել