HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Էդգար Հելհելյան. «Ամեն դեպքում մենք անպայման այդ մարդկանց տեսնելու ենք պատժված»

19_10-E-Helhelyan«Շուտով Հյուսիսային պողոտայի վրա գնվող Սուլթան Համիդի թանգարանում կկայանա Էնվեր և Թալեաթ փաշաների ողբերգական մահվան տարելիցին նվիրված հուշ-երեկո: Մուտքն ազատ է»,- գրված է Ազգային նոր պահպանողական շարժման (ԱՆՊՇ) պաստառներից մեկում: «Թույլ չտանք, որ սա տեղի ունենա»,- գրված է թռուցիկին:
Հոկտեմբերի 17-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության քաղաքային բաժանմունքի մոտ 10-15 աշխատակից ոստիկանության բաժին է տարել ԱՆՊՇ-ի Լոռու մարզային կոմիտեի ղեկավար Մանվել Կոստանդյանին և Լոռու մարզային կազմակերպության ուսանողական միության անդամ Արմեն Յոլչինյանին: Նրանք, ԱՆՊՇ-ի այլ անդամների հետ, նմանատիպ թռուցիկներ էին փակցնում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Արցախի պուրակի հատվածում:

«Այդ հատվածում ամբողջովին թռուցիկներ և պլակատներ են փակցված, և որևէ խնդիր չկա: Ոստիկանները մոտեցել են, տղաներին ասել են. «Ի՞նչ եք անում», և առաջարկել են գնալ ոստիկանություն` ճշտելու, որ եթե կարելի է` շարունակեն, եթե չէ` չէ»,- «Հետքի» հետ զրույցի ժամանակ ասաց ԱՆՊՇ-ի գաղափարական հարցերով փոխնախագահ, մասնագիտությամբ քաղաքագետ Էդգար Հելհելյանը:

Նա հավելեց, որ մինչ այժմ Մանվել Կոստանդյանին և Արմեն Յոլինչյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, և քրեական գործ չի հարուցվել:

Ոստիկանությունում Մանվել Կոստանդյանից և Արմեն Յոլչինյանից վերցրել են անձնագրերը, կատարել են անձնական զննություն, առգրավել, փաթեթավորել ու կնքել են իրերը, այդ թվում` կազմակերպության Վանաձորի գրասենյակի բանալին, և քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել: Կազմակերպության այլ անդամներ ևս տարվել են ոստիկանություն, սակայն նրանց ոստիկաններն ասել են, որ դրսում սպասեն մոտ 5 րոպե, մինչ իրենք հարցերը կճշտեն:

Մանվել Կոստանդյանն ու Արմեն Յոլչինյանը ոստիկանությունից դուրս են եկել 6 ժամ անց` առավոտյան մոտ ժամը 5-ին:

Էդգար Հելհելյանի խոսքերով` ոստիկանությունում երիտասարդները պահանջել են ապահովել զանգելու և ընտանիքի անդամներին իրենց գտնվելու վայրի մասին տեղյակ պահելու իրավունքը, նաև փաստաբան են պահանջել:

«Ոստիկանները թույլ չեն տվել: Այսինքն` իրավական առումով, սկսած բերման ենթարկելու պահից մինչև քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն վերցնելը, կատարվել է օրենքի խախտումներով: Մասնավորապես, խախտվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ, 21-րդ, 25, 27, 42-րդ հոդվածները, «Ձերբակալվածներին պահելու» մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը և մարդու ազատ տեղաշարժի, ազատ արտահայտվելու, սեփական կարծիք ունենալու և տարածելու իրավունքները»,- ասաց Էդգար Հելհելյանը:

Այնուամենայնիվ, մինչ հեռախոսների առգրավումը Մանվել Կոստանդյանը գիշերը զանգել է Էդգարին և մի անգամից անջատել զանգը:

«Դե, գիշերը 2:30 էր. պարզ է, որ ինչ-որ մի բան այն չէր: Ես զանգեցի Մանվելին, ու ինքն ինձ ասաց, որ ոստիկանությունում է: Ասացի. «Հեռախոսը տուր ինչ-որ մեկին, որ խոսեմ և իմանամ` ինչի համար է»: Բոլոր ոստիկանները հրաժարվեցին խոսելուց»,- ասաց էդգար Հելհելյանը:

Վեց ժամ պահելուց հետո, առանց որևէ միջամտության, Մանվել Կոստանդյանին և Արմեն Յոլչինյանին ազատ են արձակել: Էդգար Հելհելյանը ենթադրում է, որ ոստիկանները ցանկացել են խուսափել աղմուկից, քանի որ ինքն առավոտյան հայտարարել է, որ Վանաձոր է գնում:

«Երբ ես գնացի, արդեն տղաները դրսում էին: Հետո ես բացել եմ տվել այդ փաթեթը, գրասենյակի բանալին են տվել: Եվ ասել են, որ երկուշաբթի տղաները կարող են գալ, վերցնել մնացած իրերը: Իսկ անձնագրերի հետ կապված` ուղղակի ասացին, որ կիրակի է, այսօր մարդիկ չկա, երկուշաբթի կգնաք, անձնագրերը կստանաք: Ես հիմա պատասխանի եմ սպասում: Վանաձորում մեր կազմակերպության անդամները անձնագրերը վերցնելու գործով են զբաղվում»,- ասաց Էդգար Հելհելյանը:

Նա նշեց, որ ոստիկանությունում երիտասարդների նկատմամբ բռնություն` ուժի կիրառման իմաստով, չի եղել, սակայն, նրա խոսքերով, ոստիկանները երիտասարդներին հեգնանքով են վերաբերվել:

«Ծաղրանքի ոճն է եղել հիմնականում: Փորձել են տղաներին ծաղրել, թե «ինչ են անում»` երևի չհասկանալով, որ այն, ինչ անում են տղաները, անում են նաև իրենց զավակների համար»,- ասաց էդգար Հելհելյանը:

Նրա խոսքերով` ոստիկանները բաժանմունքում քաղաքական թեմայով խոսակցություն են սկսել և փորձել են Մանվել Կոստանդյանին ու Արմեն Յոլչինյանին համոզել, որ վերջինները «սխալ բան են անում, որ չարժի փակցնել» և այլն:

«Եթե անգամ մի կողմ թողնենք քաղաքական հայացքները, թե լա՞վն են արձանագրությունները, վա՞տն են, ճի՞շտ են, սխա՞լ են, իրավական առումով ոստիկանը դրան խառնվելու իրավունք չունի: Մանվելը կամ նրա հետ եղած տղաները իրացրել են իրենց կարծիքը ունենալու, իրենց կարծիքը գրավոր և բանավոր ձևով տարածելու իրավունքը: Այսինքն` իրենք օրինախախտում չեն արել»,- ասաց Էդգար Հելհելյանը:

Ոստիկանությունում տղաներին ասել են, թե իրենք ազգային թշնամանք են հրահրում: Օրինակ` Մանվել Կոստանդյանին ասել են. «Այ, դու, թուրքերի դեմ թշնամանք ես քարոզում: Բա որ մեկը փողոցում բռնի մյուսին սպանի, դու պատախա՞ն ես տալու»:

Էդգար Հելհելյանի համոզմամբ` ոստիկանի ասածն իմաստ չունի: «Այսինքն` ի՞նչ կապ ունեին, նախ, կպցված թռուցիկները թշնամանք հրահրելու հետ, և 2-րդ` ասենք, թուրքերի դեմ թշնամանքի հրահրումը ի՞նչ կապ ուներ փողոցում սպանության հետ: Հետո ասել են. «Սահմանը կբացվի, լավ կլինի», ոստիկանի մակարդակով տնտեսագիտություն են քարոզել»,- ասաց էդգար Հելհելյանը:

Նա հավելեց, որ իրավական տեսանկյունից ևս իրենց թռուցիկները որևէ առնչություն չունեն ազգային թշնամանքի հրահրում հոդվածի հետ, քանի որ թռուցիկի մեջ ներկայացվում է երևակայական տեսլական: Օրինակ` թռուցիկներից մեկում նշվում է, թե թուրք Գյուլմուշ Կարակոյունլուն իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, և հստակ նշվում է. «Թույլ չտանք, որ սա տեղի ունենա», ինչպես նաև թռուցիկը փակցրած կազմակերպության անունը:

«Ոչ մեկ չի ասում, որ «վեր կացեք, թուրքերի սպանեք, թուրքերը մեր թշնամիներն են»,- ասաց Էդգար Հելհելյանը:

Մինչդեռ, Թուրքիայում և Ադրբեջանում հայատյացությունը քարոզվում է պետական մակարդակով, և այդ երկրների իշխանությունները հստակ տանաջատում են արտաքին քաղաքականությունը ներքինից:

«Այսինքն` այն, ինչ Էրդողանը կարող է անել միջազգային ասպարեզում` ժպտալ, ուրախանալ, չի խանգարում, որ ինքը երկրի ներսում` իր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ, ասի. «Ես ձեզանից պակաս չեմ ատում հայերին»: Եվ 2-րդ` հայ-թուրքական թշնամանքը պատմական իրողություն է, գենետիկ հիշողություն է: Ու քանի դեռ Թուրքիայի վարչապետը, Թուրքիայի նախագահը Ծիծեռնակաբերդում` հայկական լացի պատի տակ, ծնկաչոք ներողություն չեն խնդրել ամբողջ հայ ժողովրդից, ինչպես Գերմանիայի Կանցլերն արեց հրեական լացի պատի տակ, այդ թշնամանքը լինելու է: Այդ թշնամանքը այնքան ժամանակ է լինելու, քանի դեռ կան Արևելյան ու Արևմտյան Հայաստաններ»,- ասաց Էդգար Հելհելյանը:

Նա երեկ առավոտյան մեկնել է Վանաձոր և հանդիպել ոստիկանության ներկայացուցիչների հետ:

«Այն հարցին, թե «ի՞նչ թշնամանքի մասին են խոսում», ասացին, որ «այդպիսի բան չկա. դա թյուրիմացություն է»: Ոստիկանության պետի տեղակալն էր, փոխգնդապետ Այվազյան (ազգանունը հիշում եմ, բայց անունը չեմ հիշում): Ասաց, որ «սա թյուրիմացություն է» »,- նշեց էդգար Հելհելյանը:

Այնուհետև ոստիկանության պաշտոնյան էդգար Հելհելյանին ասել է, թե երիտասարդները բերման են ենթարկվել ոչ թե թռուցիկի բովանդակության, այլ չթույլատրված վայրում թռուցիկ փակցնելու, այսինքն` վարչական իրավախախտում անելու համար: Էդգար Հելհելյանն այս հիմնավորումը ևս համարում է իրենց իրավունքների ոտնահարում, քանի որ «ինչ օրենքով արգելված չէ, դա թույլատրելի է: Իսկ օրենքում ոչ մի տեղ նշված չէ, թե թռուցիկը որտեղ պիտի փակցնես»:

«Ես պահանջեցի, որ արձանագրություն ցույց տան, և ասացի, որ պատրաստ եմ վարչական տուգանքը հենց հիմա մուծել, բայց արձանագրություն չկար: Այսինքն` տղաների նկատմամբ որևէ մեղադրանք, գործ, պատճառ չի եղել»,- նշեց Էդգար Հելհելյանը:

Նրա կարծքով` իրենց հետ փորձում են իրավական ճանապարհով լուծել քաղաքական խնդիրներ, և ԱՆՊՇ-ն պատրաստ է դրան:

ԱՆՊՇ-ն այսօր բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որով պահանջում է «քրեական գործ հարուցել կամ ծառայողական հետաքննություն սկսել» ոստիկանների նկատմանբ:

«Մենք պաշտոնապես հայտարարել ենք, և ես նաև պաշտոնապես Ձեզ ասում եմ, որ դատական գործընթացը ձգվելու է շատ երկար, ընդհուպ մինչև ամենաբարձր ատյաններով մենք գնալու ենք. կոնկրետ մարդիկ պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն` մարդիկ, ովքեր վերցրել են մատնահետքեր, մարդիկ, ովքեր իրականացրել են խուզարկություն, մարդիկ, ովքեր թույլ չեն տվել` օգտվի զանգի իրավունքից, մարդիկ, ովքեր թույլ չեն տվել, որ ինքը իր ընտանիքի կամ կազմակերպության անդամներին տեղյակ պահի իր գտնվելու վայրի մասին: Ամեն դեպքում մենք անպայման այդ մարդկանց տեսնելու ենք պատժված»,- ասաց էդգար Հելհելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter