HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ձնծաղիկի գենով կարտոֆիլից մինչեւ կապույտ վարդ

Ըստ «Wikipedia» հանրագիտարանի` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմը (ԳՁՕ) մյուս կենդանի օրգանիզմներից տարբերվում է նրանով, որ արհեստական ճանապարհով (գենային ինժեներայի միջոցով) փոխվել է դրա բնական գենետիկական համակարգը:

Գենային ձեւափոխումը կամ մոդիֆիկացիան տեղի է ունենում մի օրգանիզմի գենը կամ գենային խումբը մեկ ուրիշ օրգանիզմի մեջ ներարկելով:

1970-ականների սկզբին ԳՁՕ-ների ստացման տեխնոլոգիաների ի հայտ գալը մեծ աղմուկ բարձրացրեց:

ԱՄՆ-ում բավականին բուռն սկսեցին քննարկել դրանց անվտանգությունը: Մշակվեցին մի շարք կանոններ, որոնք հետագայում փոքր-ինչ մեղմացվեցին: Սակայն մինչ օրս էլ գիտնականները վիճում են ԳՁՕ-ների դրական ու բացասական կողմերի մասին:

Բանավեճերի մեծ մասը վերաբերում է սննդի մեջ ԳՁՕ-ի կիրառման անվտանգությանը: Կողմ հանդես եկողները նշում են, որ բույսերի մոդիֆիկացված տեսակները ավանդականների համեմատ առավել մանրակրկիտ են ուսումնասիրվում շուկա մտնելուց առաջ, որպեսզի ռիսկերը հասցվեն նվազագույնի:

Իսկ ահա գյուղատնտեսության մեջ կիրառվում են բազմաթիվ քիմիական պարարտանյութեր ու պրեպարատներ, որոնք ահռելի վնաս են հասցնում մարդկանց, այնինչ վնասատուների ու բնական վատ պայմանների հանդեպ դիմացկուն մոդիֆիկացված տեսակներն այլընտրանքային միջոց են գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու եւ քիմիկատների օգտագործումը նվազեցնելու համար:

Մոդիֆիկացիայի կողմնակիցները շեշտում են նաեւ, որ մոլորակի այսօրվա քանակի բնակչությանը սովից կարող են փրկել միայն ԳՁՕ-ները, քանի որ գենային ձեւափոխմամբ կարելի է բարձրացնել բերքատվությունն ու սննդի որակը:

Այս տեսակետի հակառակորդներն էլ պնդում են, որ ժամանակակից ագրոտեխնիկայի ու գյուղատնտեսական մեխանիզացիայի պայմաններում բնական ճանապարհով ստացված կենդանիների ու բույսերի տեսակները լիովին կարող են բավարարել մոլորակի բնակչության կարիքները, իսկ հնարավոր համաշխարհային սովի պատճառը բացառապես սոցիալ-քաղաքական է:

Վերջիններս զգուշացնում են նաեւ, որ դեռ վաղ է վերջնականապես խոսել ԳՁՕ-ների անվտանգության մասին, եւ չի բացառվում, որ ապագա սերունդները իրենց վրա զգան ձեւափոխված սննդի բացասական հետեւանքները: ԳՁՕ պարունակող սննդի ուսումնասիրությունների մի մասը բացասական արդյունքներ է ցույց տվել:

Մեծ արձագանքներ ունեցավ 2006-ին ռուս գիտնական Իրինա Երմակովայի ուսումնասիրությունը, երբ գենետիկորեն ձեւափոխված սոյայով կերակրված առնետների ձագերի մի մասը սատկել էր, մի մասի մոտ էլ առաջացել էին տարբեր խնդիրներ:

Գիտական շրջանակները, սակայն, մեղադրեցին Երմակովային հետազոտության սխալ տվյալներ ներկայացնելու մեջ: Մինչ այդ էլ նման քննադատության էր ենթարկվել բրիտանացի գիտնական Արպադ Պուստայը:

Վերջինս ձնծաղիկի հատուկ գեն էր ներարկել կարտոֆիլին` վնասատուների դեմ դիմացկուն դարձնելու համար, սակայն այդ կարտոֆիլով սնված առնետների մոտ ի հայտ էին եկել աճի շեղում, օրգանների ֆունկցիաների եւ իմունային համակարգի խախտում:

Պուստային քննադատեցին թերի հետազոտության ու փաստերի խեղաթյուրման պատճառով:

Հատկանշական է, որ 2007-ի հունիսի դրությամբ հրապարկվել է ԳՁՕ-ների անվտանգությունը հավաստող շուրջ 300 հետազոտություն:

 

ԳՁՕ-ների հարցը քննարկվում է նաեւ բնապահպանական տեսանկյունից: Ներկայումս մշակվում են գենետիկորեն ձեւափոխված բակտերիաներ, որոնք ունակ են արտադրել էկոլոգիապես մաքուր վառելիք:

Որոշ մասնագետներ նշում են, որ ձեւափոխված բույսերի ու կենդանիների միջոցով կպահպանվի կենսաբանական բազմազանությունը:

2003-ին շուկայում հայտնվեց ակվարիումային դարիո ռերիո ձկնիկի «GloFish» ձեւափոխված տեսակը, որն առաջին տնային գենամոդիֆիկացված կենդանին է: 2009-ին էլ աշխարհ եկավ «Applause» վարդի ձեւափոխված կապույտ տեսակը:

Սակայն այս ամենի քննադատները պնդում են, որ նման տեսակները, տարածվելով ու բազմանալով վայրի բնության մեջ, իրենց դիմացկունությամբ կհաղթեն սովորական տեսակներին` խախտելով բնական հավասարակշռությունը:

Այս տեսակետին է նաեւ միջազգային բնապահպանական «Գրինփիս» կազմակերպությունը: Այժմ վայրի բնության մեջ մոդիֆիկացված տեսակների տարածումը սահմանափակելու փորձեր են արվում:

ԳՁՕ-ներն այսօր լայնորեն կիրառվում են գիտական հետազոտություններում: Դրանց միջոցով ուսումնասիրվում են որոշ հիվանդությունների (Ալցգեյմերի հիվանդություն, քաղցկեղ) զարգացման օրինաչափությունները, ծերացման ու վերականգնման պրոցեսները, նյարդային համակարգի աշխատանքը:

1982-ից ի վեր ԳՁՕ-ները կիրառվում են բժշկության մեջ: Ձեւափոխված բակտերիաների միջոցով գիտնականները ստացել են մարդու ինսուլին, որը գրանցվել է որպես դեղորայք:

Աշխատանքներ են կատարվում այնպիսի ձեւափոխված բույսեր ստանալու համար, որոնցից հնարավոր կլինի պատրաստել ժանտախտի ու ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջոցներ: Որոշ հիվանդությունների ու ծերության դեմ պայքարում էլ բժիշկները դիմում են գենաթերապիայի օգնությանը:

Հատկանշական է, որ գենետիկական ձեւափոխման վերաբերյալ ոչ միասնական դիրքորոշում են հայտնել կրոնական աշխարհի ներկայացուցիչները: ԳՁՕ-ների կիրառմանը դեմ չեն արտահայտվել հուդաիզմի, իսլամի ու կաթոլիկ եկեղեցու բարձրագույն ներկայացուցիչները, ըստ որոնց` նման տեսակները կարող են լուծել համաշխարհային սովի ու աղքատության խնդիրները: Սակայն շատ կրոնական կազմակերպություններ, մասնավորապես կաթոլիկ աշխարհում, դեմ են գիտական այս նորարարությանը:

ԳՁՕ-ների նշանակությունը աղքատ տարածաշրջանների համար կարեւորել է նաեւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը: 2005-ին ԳՁՕ-ներին կողմ է արտահայտվել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ԳՁՕ-ներին տարբեր երկրներ յուրովի են մոտենում: Օրինակ` 2000 թ.-ի տվյալներով` ԱՄՆ-ում հացահատիկի 50-60 տոկոսը գենամոդիֆիկացված է:

Այդ երկրում թույլատրվում է նաեւ ձեւափոխված կենդանիների օգտագործումը, այդ թվում` բժշկության մեջ:

ԱՄՆ-ում եւ Կանադայում սննդամթերքի ձեւափոխված լինելու մասին մակնշումը պարտադիր չէ: Եվրամիության երկրներում էլ թույլատրվում է այդ տեսակի կենդանիների մսի ու կաթի օգտագործումը սննդի մեջ:

Այդուհանդերձ, Ավստրիայում, Հունաստանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Վենեսուելայում, Ալժիրում, Թայլանդում, Բենինում, ինչպես նաեւ Իսպանիայի, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի մի շարք նահանգներում արգելվում է ԳՁՕ-ների կիրառումը: Հայաստանում գենամոդիֆիկացված սնունդը թույլատրվում է, սակայն օրենքի համաձայն` դրա վրա պետք է լինի «գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք» մակնշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter