«Խնդիրը վճարվող գինն է»
«Հայելի» ակումբում այսօր գրողներ Հակոբ Մովսեսն ու Ռուբեն Հովսեփյանը իրենց տեսակետներն արտահայտեցին հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների վերաբերյալ:
Հակոբ Մովսեսի կարծիքով` դժվար թե գտնվի մի հայ մարդ` թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս, ով դեմ լինի հարևան երկրի հետ սահմանի բացմանը: Սակայն ողջ խնդիրն այն է, թե ինչ գին է վճարվում այդ սահմանի բացման դիմաց:
«Մենք վճարում ենք անհնարին գին, որը չի կարելի վճարել»,- ասաց նա:
Ռ. Հովսեփյանի կարծիքով էլ` սահմանի բացման դիմաց մենք ոչինչ չունենք տալու: «Հակառակը` եթե նախապայմանների խնդիր կար, մենք պիտի դնեինք նախապայմաններ, թե ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով են փակել այդ սահմանը: Ոչ մի գին Հայաստանը չպիտի տար` Թուրքիայի կողմից փակված սահմանը բացելու համար: Այստեղ խնդիրը սահմանի բացումը չէ»,- ասաց նա:
Հ. Մովսեսը գտնում է, որ Թուրքայի և մեր միջև առանձահատուկ հարաբերություններ գոյություն ունեն: Ու այդ հարաբերությունների ու իրար կողքի ապրելու պայմաններում մենք ունե՞նք բոլոր հոգեբանական նախապայմանները, որպեսզի իրար հետ շփվենք: Հ. Մովսեսի կարծիքով` չունենք:
«Համաշխարհային պատմության մեջ հազիվ թե գտնեք մի դեպք, որ երկու ժողվուրդների միջև, որոնցից մեկը մյուսին ոչնչացրած լինի` թե ֆիզիկապես, թե տարածքներով, այդ փաստը չքննարկելով` հարաբերություններ ստեղծվեն»,- ասաց նա:
Ռուբեն Հովսեփյանն էլ գտնում է, որ նախքան Հայաստանի հետ բարի-դրացիական հարաբերությունների ստեղծումը` Թուրքիան իր հայացքը պետք է դեպի իրենց հասարակությունն ուղղի: Եթե նրանք իրենց հասարակության մեջ կարողանան ինչ որ բան փոխել, այստեղ դա իսկույն կզգացվի, ու աստիճանաբար մեր մեջ էլ ինչ որ բաներ կփոխվեն:
«Ի՞նչ էր կատարվում այնտեղ, երբ հնչում էր Հայաստանի օրհներգը` սուլում էին, գոռում,- ասաց Հ. Մովսեսը: - Իհարկե, մյուս կողմից` ես կուզենայի, որ մեր գրականության մեջ մի ստեղծագործություն լիներ, որտեղ կլիներ թուրքի այն կերպարը , որը կոտորածների ժամանակ մի հայ մարդու օգնել է, իր տանը թաքցրել է: Ես վստահ եմ, որ Թուրքիայում կան հազարավոր հրաշալի մարդիկ: Խոսքը հիմա քաղաքականության մասին է, որտեղ թուրքը մեր նկատմամբ, կարծում եմ, իր դիրքորոշումը չի փոխել»,- ասաց նա:
Բնակա՞ն է արդյոք, որ նման բողոքների պարագայում Դաշնակցությունը չի պահանջում նախագահի հրաժարականը: Հարցին ի պատասխան` Հ. Մովսեսը նշեց, որ վաղ է այդ մասին խոսելը, պետք է մի քիչ սպասել:
«Եթե Դաշնակությունը մինչև վերջ չգնա, այդ դեպքում կարելի կլինի մտածել, որ ինքը ինչ որ մի խաղի մեջ է»,- ասաց նա:
Ռ. Հովսեփյանի կարծիքով էլ` քաղաքական գործընթացները առհասարակ շատ քիչ են լինում պոռթկուն և միանգամից:
«Դուք գործ ունեք քաղաքական կուսակցության հետ ի վերջո: Դաշնակցության բողոքի ակցիաների հիմնական նպատակը, ես կարծում եմ` ճիշտ նպատակը, իշխանության միջոցով թույլ չտալ, որ կատարվի այն, ինչ կատարվում է: Լավ, նախագահի հրաժարական որ առաջարկում եք, կամ որևէ մեկը պիտի առաջարկի, և անցեն այդ գործընթացին, ի՞նչ է կատարվելու այս երկրում: Եթե քաղաքական ուժ ես, բոլոր դրական ու բացասական կողմերը պետք է կարողանաս հաշել: Պետք է հասնի ծայրակետին: Բայց դեռ դրան չի հասել»,- գտնում է նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել