HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Եկեք մենք մուկ չդառնանք, այլ` կատվանանք»

Խորհուրդ են տալիս աշուղները 20_10-Razmar

Հոկտեմբերի 18-ին Ուջանի հիմնադրման 90-ամյակին մասնակցում էին նաեւ հայ աշուղները: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` նրանք ասացին, թե իրենց կարծիքը Հայաստանում ոչ ոք հաշվի չի առնում եւ իրենք չեն հրավիրվում այդ թեմայով քննարկումներին: «Այդ հարցերին ընդհանրապես չեմ խառնվում, որովհետեւ գիտեմ, որ մեր` աշուղներիս ասածը ոչ մեկին հետաքրքիր չի: Իսկ եթե դուք հարցնում եք, ասեմ, որ սասունցի լինելով հանդերձ` չէի ցանկանա, որ սերտ բարեկամություն սկսենք մեր ամենամեծ ոխերիմի հետ: Չեմ զբաղվում քաղաքականությամբ, բայց ինձ տանջող ցավեր շատ կան»,- «Հետքին» ասաց աշուղ Ռազմար Վարդումյանը:

Աշուղը պատմեց, որ 11 եղբայրներից կենդանի է մնացել միայն իր պապը, մնացածին թուրքերը կոտորել են: Պապի փոքր եղբայրը մնացել է Թուրքիայում, նրան դավանափոխ են արել: «Վերջերս գտանք ու Հայաստան բերեցինք նրա որդուն, բայց մեկ բառ անգամ հայերեն չէր խոսում: Դե ասեք` ես ո՞նց կարող եմ թուրքի հետ բարեկամություն անել: Սահման կբացեն, չեն բացի, ինչ ուզում է լինի, միեւնույն է` նրանք մնում են իմ ոխերիմ թշնամիները, եւ ես ամեն րոպե դուրս կգամ նրանց դեմ պայքարի: Իմ սերունդների մեջ էլ սերմանել եմ այդ ոխը, թուրքերի զզվելի արարքները: Իմ սերունդներին պատգամել եմ, որ ժառանգաբար փոխանցեն իրենց սերունդներին` ինչքան կա հայ ազգը` թուրքը մնում է իր ոխերիմ թշնամին»,- նշեց աշուղ Ռազմարը: Նրա ասելով` թեկուզ դարեր անցնեն, մինչեւ թուրքը վարձահատույց չլինի իր պապերի արյան համար, թուրքը մնալու է իր ոխերիմ թշնամին: «Իսկ վարձահատույց լինելուն մենք կպարտադրենք»,- ավելացրեց Ռազմարը: 20_10-AstghanushԱշուղ Աստղանուշի կարծիքով էլ աշուղին հաշվի առնել-չառնելը չի կապվում զուտ քաղաքականության հետ: «Սա պետք է կապել հանրապետությունում տիրող մշակութային քաղաքականության հետ: Եթե այսօր հանրապետությունում լուրջ մշակութային արժեքներն իրենց ռազմավարական նշանակությամբ գործածվեն, աշուղն էլ այդ ֆոնի վրա իր մեծ առաքելությունը կունենա: Պետականություն չենք ունեցել, բայց հայ աշուղն իր ուսերին տարել է մեծ հոգսեր: Անգամ իր երգով կարողացել է լուրջ ռազմավարական գործունեություն ծավալել»,- ասաց Աստղանուշը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա կին-աշուղի հույսը միշտ ազգային ոգու հաղթանակն է: «Եկեք ամեն ինչ չկապենք թուրք ազգի հետ: Եկեք փնտրենք մեր մեջ գոյություն ունեցող թուրքերին, որոնք բարձրագոչ արտահայտություններով մեծ ատյաններում գործունեություն ծավալելով ի շահ իրենց գրպանի` ավելի շատ են վնասում մեր ազգին: Գյուտ չպետք է անեմ, բայց մենք ծայրահեղական ազգ ենք ու այսօր ցավալիորեն Մասիսին նայում ենք այս կողմից, բայց չէ որ Մասիսը մերն է: Մենք Արագածի շուրջը չպետք է շուրջպար բռնեինք, այլ Արարատի: Անընդհատ սգալով ու ողբալով` չպետք է վերադարձնենք մեր պատմական հայրենիքը: Նախ` միաբան լինենք մեր ներսում, հետո միայն թուրքի հետ հարաբերվենք: Ուժեղ դիվանագիտությամբ կարող ենք հաղթել մեր միջի թուրքին, հետո իսկական թուրքին: Ինչու՞ ցեղասպանություն եղավ: Եղավ, որովհետեւ միաբան չէինք»,- կարծում է աշուղը: Աստղանուշը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, սակայն մեկ պայմանով. «Պետք է անձեռնմխելի լինեն Ցեղասպանության, Արցախի, մեր զոհերի արյան հարցերը: Չպետք է դրանց հաշվին բացվեն սահմանները: Թող հավետ փակ մնան այդ ճանապարհները, եթե պիտի բացվեն` շահարկելով մեր ազգի մեծ-մեծ խնդիրները: Եկեք մենք մուկ չդառնանք, այլ կատվանանք: Այսօրվա աշխարհը դա է պահանջում»: 20_10-AndranikԳուսան Անդրանիկն այլ կարծիք ունի: Նրա գտնում է, որ ինչքան էլ անցնի` թուրքը թուրք է մնալու: «Թուրքն ում տեսնի, նրան դոստ կասի, գնալ-գալ կունենա, գաղտնիք կլսի: Մենք շատ շուտ ենք հավատում: Եթե թուրքի մեջ մաքուր թուրքի արյուն է, հայերին երբեք եղբայր չի դառնա: Վտանգն այն է, որ հիմիկվանից հատկապես Երեւանի կեսը դարձել է ուրիշ արյուն: Մի 20 տարուց զտարյուն հայի արյուն չես գտնի, ազգը կխառնվի իրար: Ուրախ եմ նրա համար, որ գնալ-գալ կունենանք, մեր բիզնեսմենները, ժողովուրդը ազատ կգնան-կգան, բայց այդ ազատությունը թուրքը գիտի, թե ինչի համար է տալիս: Թանկ ենք վճարելու դրա համար: Դա ժամանակի ընթացքում կլինի 2-րդ, 3-րդ Եղեռնը: Արդեն առանց զենքի, առանց կոտորածի կգրավեն Հայաստանը: Չեմ ասում` ընդհանրապես փակենք սահմանը, բայց այս տեսակ բաց սահմանը մեզ հարկավոր չի: Ինչ գիտեք, որ էգուց մեր ժողովրդի կեսը կամավոր չի գնա Թուրքիա, իսկ դա մեր հայրենիքի, Հայաստանի համար մինուս է: Նրանք էլ կգան ստեղ, ու մեր սրբությունը կվարկաբեկվի, մեր աղջիկների ու կանանց պատիվը կընկնի: Առանց այդ էլ սոցիալական վիճակը ծանր դրության մեջ գցեց մեր հարգված հայ ազգին»,- համոզված է գուսանը: Նրա կարծիքով` մեր ազգը պետք է համախմբվի, միահամուռ արդար աշխատանքով ու քրտինքով իր երկիրը կառուցի: «Մի քիչ էլ թող բիզնեսմենները մտածեն, որ գործարաններ կառուցեն, աշխատատեղեր բացեն: Մենք պետք է մեր ուժերով մեր հայրենիքի մասին մտածենք: Վիզներս ծռած ինչքան պետք է նայենք թուրքին, այլ ազգերին, որ մեզ ողորման, կոպեկներ տան: Բայց այդ կոպեկների դիմաց էգուց միլիոններ կտանեն: Ամենակարեւորը` մեզանից հայի փառքն ու պատիվը կտանեն: Մեր չքնաղ աղջիկները գնում են Թուրքիա, դայակ են աշխատում, տուն են մաքրում, երեխա են պահում, ամոթ է»,- ավելացրեց գուսան Անդրանիկը: 20_10-EranԱշուղ Երանն էլ հայ-թուրքական սահմանի բացումը չցանկացավ կապել մեր տնտեսության առաջընթացի հետ: «Եթե մենք սահմանները չբացենք, հարաբերություններ չստեղծենք մեր հարեւան պետության հետ, իրենք երբեք մեզանից ներողություն չեն խնդրի Ցեղասպանության համար: Ինչպես մենք ենք թշնամաբար տրամադրված թուրքերի նկատմամբ, այնպես էլ իրենք: Պետք է հարաբերություններ հաստատել եւ դրական ֆոնի վրա կարգավորել մնացած հարցերը: Եթե մի մարդու հետ խռով էս, ինքը չի էլ ցանկանա քո հետ խոսի, էլ ուր մնաց` ներողություն խնդրի»: Աշուղը 21-րդ դարում վտանգ չի տեսնում Թուրքիայից, նրա կարծիքով` հիմա 1915 թվականը չէ: «Շատ են խոսում, որ թուրքերը կգան, կլցվեն Հայաստան, բայց խոսողները մոռանում են, որ մենք 9 միլիոն հայ ենք, որից 6 միլիոնը ուրիշ պետություններում են ապրում, այդ թվում` Թուրքիայում: Հայաստանի անկախացումից հետո մոտ 30 հազար հայ գնացել է Թուրքիայում մշտական բնակության, այդ դեպքում թուրքն ինչի՞ չպիտի գա Հայաստան»,- հարց է տալիս աշուղը: Նա համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Հայաստանը թույլ է եւ չի կարող ճկուն դիվանագիտություն վարել Թուրքիայի հետ: «Ես մեր պետությանը երբեք էլ թույլ չեմ համարում, մի պետություն Թուրքիան է, մեկն էլ` Հայաստանը: Իհարկե, տնտեսական առումով Թուրքիան մեզանից շատ առաջ է, բայց չեմ կարծում, որ մենք ավելի խեղճ պետք է երեւանք կամ թույլ համարենք մեզ»,- համոզված է աշուղ Երանը: Նրա տվյալներով` Թուրքիայում մոտ 450 հայ աշուղներ ենք ունեցել, որոնք թուրքերեն են ստեղծագործել: Հիմա էլ Թուրքիայում երգում են հայ աշուղների ստեղծագործությունները: «Ես շատ կուզենայի գնալ Թուրքիա, աշուղների հետ շփվեի, իրենք էլ ինձ հետ շփվեին: Ես այդ հարաբերությունների կողմնակիցն եմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter