HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր պայմաններ Ղարաբաղյան հակամարտության համար

Հայ-թուրքական գոծընթացն էական ազդեցություն արդեն գործել է Հայաստանի քաղաքական օրակարգի վրա, փոփոխելով ինչպես նախկին առաջնահերթություններն, այնպես էլ ամրագրելով նոր խնդիրներ: Ադրբեջանի եւ Վրաստանի վրա ունեցած ազդեցություններն անհամեմատելի են թվում, սակայն սա` առաջին հայացքից:

Քանի որ մինչ այդ Հարավային Կովկասում ցանկացած երկկողմանի հարաբերություններ կառուցվում էին ոչ միայն սեփական, այլեւ ռազմավարական գործընկերների համար ընդունելի տրամաբանությամբ, իսկ այսօր շատ բան կարծես դեմ է գնում այդ տրամաբանությանը, շատացնելով խնդիրների քանակը մոլեկուլների տրոհման սկզբունքով: Իհարկե, «Հայ- թուրքական գործընթացի տարածաշրջանային ասպեկտները եւ ազդեցությունը ադրբեջանա-թուրքական եւ վրաց-թուրքական հարաբերությունների վրա» թեմայով ինտերնետային կոնֆերանսի ընթացքում (հոկտեմբերի 12-14) տարածաշրջանի երեք երկրներից հրավիրված փորձագետները անդրադարձան բազմաթիվ հարցերի, սակայն ինչպես եւ սպասում էինք, հիմնականը ադրբեջանցի եւ հայ փորձագետների  միջեւ ընթացող քննարկումն էր Ղարաբաղյան հակամարտության վրա արդեն ունեցած եւ ունենալիք ազդեցությունների շուրջ: Ստորեւ բերված հատվածում պատկերված են քննարկման մասնակիցների տեսանկյունից հայ-թուրքական եւ ադրբեջանա-թուրքական զարգացումների հնարավոր սցենարները տեսանելի ապագայում: Կոնֆերանսի նյութերին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ «Կովկասի լրագրողների ցանցում» (www.caucasusjournalists.net): «Ռեգիոն» հետազոտական կենտրոն 20_10-Shahin-Abbasov

Շահին Աբբասով (վերլուծաբան, "Eurasianet" կայքի թղթակից Ադրբեջանում)- Ադրբեջանի համար կարճաժամկետ հեռանկարում կարեւոր է պահպանել հայ-թուրքական հաշտեցման եւ ղարաբաղյան կարգավորման շաղկապվածությունը, այսինքն՝ հասնել Հայաստանի համաձայնությանը՝ սկզբնական փուլում ազատելու գրավյալ շրջաններից մի քանիսը:  Բայց եթե նույնիսկ դա տեղի չունենա, ես չեմ կարծում, թե Բաքուն լրջորեն կբողոքի հայ-թուրքական հաշտեցման դեմ, քանի որ ամեն դեպքում երկարաժամկետ հեռանկարում դա ձեռնտու է Ադրբեջանին: 20_10-Zafar-Guliev

Զաֆար Գուլիեւ (քաղաքագետ, Թուրան գործակալության վերլուծական բաժնի ղեկավար) -Ենթադրում եմ, որ ցյուրիխյան արձանագրության ստորագրումն ընդամենը ավանսային քայլ է, որը չի ենթադրում արձանագրության մեջ առկա բոլոր հարցերի ավտոմատ կատարումը: Հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման ճակատագիրը եւ հետեւաբար` Հարավային Կովկասի վերաբերյալ ամերիկյան պլանի իրականացումն այժմ ուղղակիորեն կախված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ տեղի ունեցող իրական տեղաշարժերից: Կարծում եմ՝ այդ բանը հասկանում են եւ Անկարայում, եւ Երեւանում, եւ Բրյուսելում, եւ Մոսկվայում, եւ Բաքվում: Այս հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի բացակայությունն անխուսափելիորեն կհանգեցնի հայ-թուրքական նորմալացման գործընթացի դանդաղեցմանը կամ ընդհատմանը: Ինչ էլ որ ասեն այս երկու գործընթացների ձեւական անկախության մասին, բոլորն էլ հասկանում են, որ նրանք ուղղակի ազդեցություն ունեն իրար վրա:

Շահին Աբբասով - Անկախ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման արդյունքներից, ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» շրջանակում այսպես թե այնպես կավարտվեն մինչեւ 2009 թվականի վերջը: Չէ՞ որ բանակցային գերծընթացի ակտիվացումը տեղի ունեցավ հենց 2008 թվականի օգոստոսից հետո տարածաշրջանում կատարված վերջին զարգացումների եւ հայ-թուրքական մերձեցման շնորհիվ: Այլ հարց է, որ «Մադրիդյան գործընթացը» կարող է ավարտվել թե դրական արդյունքով, այսինքն՝ «շրջանակային համաձայնագրի» ստորագրմամբ, թե բացասական, այսինքն՝ ձախողմամբ: Եւ վերջին դեպքում, ցավոք, ռազմական ճանապարհը նորից կդառնա հրատապ: 20_10-S-Grigoryan

Ստեփան Գրիգորյան (Գլոբալացման եւ տարածաշրջանայի համագորակցության կենտրոնի ղեկավար) - Պարոն Գուլիեւին - Ինչո՞ւ ենք մենք կարծում, որ անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերություններն անջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից: Սա շատ կարեւոր պահ է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլեւ տարածաշրջանի ընդհանուր կայունության համատեքստում: Բանն այն է, որ չնայած ղարաբաղյան հակամարտության լուծման սկզբունքների մշակման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի կատարած մեծ աշխատանքին եւ որոշակի առաջընթացին բանակցային գործընթացում, այսօր Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստ չեն ստորագրելու նույնիսկ շրջանակային համաձայնագիրը: Պատճառները շատ են, նշեմ դրանցից գլխավորները. 1. լուրջ խզում կա պաշտոնական Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումների միջեւ, 2. կամայական են մեկնաբանվում Մադրիդյան սկզբունքները, դրանցից առանձնացվում են կողմերից մեկի շահերից բխող կետեր, 3. մեր երկրների ժողովուրդները ամենեւին պատրաստ չեն փոխադարձ զիջումների: Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագետների եւ քաղաքացիական հասարակությունների դիրքորոշումները հաճախ ավելի անհաշտ են, քան այդ երկրների իշխանություններինը: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են միմյանց նկատմամբ այդքան մեծ անհանդուրժողականություն եւ անվստահություն ունեցող երկու ժողովուրդներ դիմել զիջումների եւ գոյակցել մոտակա հեռանկարում: 4. Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների գործողությունների նկատմամբ քաղաքացիների վստահությունը ցածր մակարդակի է (դա նկատելի է հայ-թուրքական երկխոսության մեջ, Հայաստանի քաղաքացիները լուրջ կասկածներ են արտահայտում, թե իշխանություններն ընդունակ են պաշտպանել իրենց շահերը): Այս պայմաններում շատ դժվար է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությոններից սպասել համարձակ քայլերի եւ փոխզիջումային լուծումների պատրաստակամության: Թվում է, թե հայկական կողմը կարող էր Թուրքիային առաջարկել գործողությունների հետեւյալ փոխզիջումային տարբերակը: Թուրքիան վավերացնում է Արձանագրություններն՝ առանց դրանք ղարաբաղյան հակամարտության լուծման հետ կապելու, իսկ հայկական կողմը դրա փոխարեն կարող է համաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ղարաբաղյան բանակցային գործընթացում Թուրքիայի դերի բարձրացման հետ: Այդ դեպքում Ադրբեջանի շատ մտավախություններ կարող էին մեղմվել: 20_10-SergeySargsyan

Սերգեյ Սարգսյան (Spectrum - ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ) -Պարոն Գրիգորյանին -  Հիանալի է... Թուրքիան ինչ-որ բան է վավերացնում՝ «առանց հակամարտության հետ շաղկապման», փոխարենը մեծացնում է սեփական դերն այդ հակամարտությանը վերաբերող բանակցություններում: Այո, այստեղ ոչ մի տեսակի նախապայմաններ եւ շաղկապումներ պետք էլ չեն…

Զաֆար Գուլիեւ - Կասկած չկա, որ Հարավային Կովկասում նոր հարաբերություններ ստեղծելու ամերիկյան (ամերիկաթուրքական) պլանը հաջողության շանս չունի, եթե հաշվի չառնվեն տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի շահերը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումն առանց հայ-ադրբեջական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության լուծման լուրջ ապագա չունի եւ Արեւմուտքին (ԱՄՆ-ին) քիչ բան է տալիս տարածաշրջանի համար նրա պայքարում: «Ամերիկյան պլանի» իրականացման ոչ լիարժեք ձեւը միարժեքորեն կհակասեր Թուրքիայի պետական-ազգային, ինչպես նաեւ զուտ պրագմատիկ շահերին: Ուստի ավելի համոզիչ են թվում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների զուգահեռ եւ համաձայնեցված կարգավորման տարբերակները: Իմիջիայլոց, ապրիլի վերջից սկսած՝ պաշտոնական հայտարարություններում շարունակ խոսվում էր այս երկու գործընթացների զուգահեռության եւ փոխկապվածության մասին եւ միայն արձանագրության ստորագրման օրվան ավելի մոտ, մարտավարական եւ դիվանագիտական նպատակով, սկսեցին տարանջատել այդ երկու գործընթացները: Բայց իրական քաղաքականության մեջ չի հաջողվի դրանք առանձնացնել. կտապալվի ողջ նախագիծը:

Ստեփան Գրիգորյան - Կարծում եմ, որ Ռուսաստանը չունի պատրաստի ծրագրեր, այդ թվում՝ ղարաբաղյան հարցում: Ռուսաստանը գործում է ըստ իրավիճակի: Օրինակ՝ եթե Ադրբեջանը կարողանա նրան հետաքրքրել Եվրոպա նավթ եւ գազ հասցնելու կամ Կասպից ծովի բաժանման հարցում, ապա Ղարաբաղի հարցում Ռուսաստանը կունենա մի դիրքորոշում, եթե՝ չկարողանա, ուրեմն Ռուսաստանը  կլինի ղարաբաղյան հակամարտության սառեցման կողմնակից: Բանն այն է, որ աշխարհը շատ արագ փոխվում է, այդ թվում եւ` Հարավային Կովկասի շուրջ ընթացող իրադարձությունները: Ուստի՝ անիմաստ է գործել այսպես կոչված «տնային աշխատանքների» համապատասխան. անհրաժեշտ է արագ եւ ադեկվատ արձագանքել նոր իրողություններին: Եւ այսօր, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրումից հետո, Ռուսաստանը կգործի ոչ թե նախապես պատրաստված սցենարով, այլ օպերատիվ ձեւով, համաձայն առաջ եկած նոր իրողությունների:

Զաֆար Գուլիեւ - …Պետք է հաշվի նստել Թուրքիայի սրընթաց աճող հնարավորությունների հետ: Դա Ադրբեջանը կամ Հայաստանը չէ, դա արդեն ակտիվ եւ ազդեցիկ տարածաշրջանային խաղացող է: Սխալ կլիներ ենթադրել, թե Թուրքիան այս անսովոր քայլերին դիմեց միայն ԱՄՆ-ի, ԵՄ-ի ճնշման տակ կամ ցեղասպանության հետ կապված ինչ-որ սպառնալիքի պատճառով: Եթե նույնիսկ այս ամենի մեջ կա բացասական մոտիվացիա (սպառնալիքից խուսափելու դրդապատճառ), այդուհանդերձ տիրապետում է դրական մոտիվացիան (սեփական նպատակներին հասնելու դրդապատճառը):

Սերգեյ Սարգսյան - Արձանագրությունները պետք է. ա) ըստ Հայաստանի մտահղացման՝ տարանջատեն հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական գործընթացները, բ) ըստ Թուրքիայի մտահղացման՝ տարանջատեն Հայաստանը, հայկական սփյուռքը եւ Ղարաբաղի հայերին: Այս խաղում կողմերից յուրաքանչյուրն ունի իր հնարավորությունները: Կհաղթի նա, ով կկարողանա ավելի լիարժեք իրականացնել դրանք: Ով չի կարողանա՝ կպարտվի: Ոչ հաղթանակը, ոչ էլ պարտությունը բացարձակ չէ. բոլոր դեպքերում կլինեն որոշակի դրական դիվիդենտներ: Ադրբեջանը շատ կարեւոր է Թուրքիայի համար թե տարածաշրջանային, թե այսպես կոչված անդրկասպյան քաղաքականության մեջ:  Անկարան կարող է իրապես ոտնահարել Ադրբեջանի շահերը միայն ելնելով մարտավարական խնդիրներից՝ նախապես անցկացնելով համապատասխան քաղաքական խորհրդատվություններ եւ բացատրություններ: Թվում է, թե հայ-թուրքական նորմալացման գործընթացի կապակցությամբ Բաքվի դժգոհությունն ավելի շատ ցուցադրական է: Եւ ահա այս տեսանկյունից՝ չարժե որ Հայաստանն ուրախանա տարածաշրջանում Թուրքիայի «փոխզիջումային» հզորացմամբ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նավթին ու գազին, ապա նրա համար Վրաստանով, (պատկերավոր ասած՝  «դեպի Արեւմուտք») արտահանումը ռազմավարական նպատակ ունի, որից Բաքուն հազիվ թե հրաժարվի: 500 միլիոն խորանարդ մետրը աննշան ծավալ է, ավելի շուտ՝ խորհրդանշական: Nabucco -ի իրականացման դեպքում (իսկ ես կարծում եմ, որ բացի Ադրբեջանից, Մերձկասպյան շրջանում գազ կարելի է վերցնել միայն Իրանից), Ադրբեջանի գազը կարտահանվի՝ շրջանցելով Ռուսաստանը:

Շահին Աբբասով - Ինձ համար շատ հետաքրքիր է այն հարցը, թե Թուրքիան ինչքան ժամանակ կկարողանա համատեղել իր «գրավչությունը» բոլոր աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային խաղացողների համար: Առայժմ ամեն բան դասավորվում է շատ հաջող, բայց գործընթացը դեռեւս նոր է սկսվել, եւ ռիսկերը շատ են: Իմիջիայլոց, վերջին իրադարձությունները բաժանել են հասարակական կարծիքը ոչ միայն Թուրքիայում եւ Հայաստանում, այլեւ Ադրբեջանում: Որքան հիշում եմ, Ադրբեջանի հասարակական կարծիքի այսպիսի բաժանում չէր եղել որեւէ արտաքին քաղաքական հարցի առնչությամբ: Թուրքիայի կարեւոր դերը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ հայ-թուրքական հաշտության եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները տեղի են ունենում զուգահեռ: Այսինքն, առնվազն մինչեւ տարվա վերջը: Բայց եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները առանց ղարաբաղյան հարցում կատարված ճեղքման, Բաքուն կբախվի Անկարայի հետ իր հարաբերությունները վերանայելու անհրաժեշտությանը: Այդ ժամանակ կարելի է սպասել թե ապակայունացման ղարաբաղյան հակամարտության գոտում, թե Թուրքիայի նկատմամբ Ադրբեջանի կառավարության կտրուկ դեմարշների:

Ստեփան Գրիգորյան - Վերջին շրջանում Թուրքիան հետաքրքիր քայլեր է կատարում անջատողական հակամարտությունների լուծման կապակցությամբ: Այսպես, սույն թվականի հուլիսին Թուրքիայի նախագահ Ա. Գյուլը հայտարարեց, թե Հյուսիսային Կիպրոսի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը հանրաքվեի միջոցով: Ավելի վաղ, առաջիններից մեկը, Թուրքիան ճանաչեց Կոսովոյի անկախությունը (բոլորն են հասկանում, որ Թուրքիան անհրաժեշտություն չուներ շտապ նման քայլի դիմելու): Հայտնի էր, որ Թուրքիան հումանիտար օգնություն էր ցույց տալիս Աբխազիային, իսկ հիմա արդեն այս երկրի փոխնախարարն է այցելում Վրաստանի այս «ապստամբ» շրջանը: Այս ամենից երեւում է, որ Թուրքիան բավական անսովոր քայլեր է անում, այդ թվում՝ ի նպաստ իրենց իրավունքների համար պայքարող ժողովուրդներին: Իհարկե, Թուրքիան կարող է եւ համակրանք չցուցաբերել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, բայց որ նա այս դեպքում պետք է ավելի հավասարակշռված մոտեցում ցույց տա, արդեն ակնհայտ է: Այս ամենը խոսում է այն մասին, որ Թուրքիան ունի ղարաբաղյան հակամարտության  լուծման բավական օբյեկտիվ մասնակից դառնալու շանս:

Շահին Աբբասով -Միամտություն է Հյուսիսային Կիպրոսի եւ Կոսովոյի, մի կողմից, եւ մյուս կողմից` ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի վարած  քաղաքականության մեջ կապը լուրջ դիտարկելը: Դա նույնն է, թե զարմանաս՝ ինչո՞ւ ԱՄՆ-ը ճանաչեց Կոսովոն եւ չճանաչեց Աբխազիան, իսկ Ռուսաստանն արեց հակառակը: Այս կամ այն տերության յուրաքանչյուր քայլ պայմանավորված է նրա շահերով, որոնք, ցավոք, ոչ միշտ են համընկնում միջազգային իրավունքի սկզբունքների հետ: Ես չեմ կարծում, թե Հայաստանը երբեւէ տեսանելի ապագայում կհամարի Թուրքիան ղարաբաղյան հակամարտության լուծման օբյեկտիվ մասնակից: Մյուս կողմից, իհարկե, անվիճելի է, որ այս տարվա սկզբից Թուրքիան այդ հակամարտության մեջ ավելի շոշափելի դեր է խաղում:

Ստեփան Գրիգորյան - Հարավային Կովկասի անվտանգության ապագա համակարգում շատ բան կախված է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումներից: Շատ բան կախված է նաեւ նրանից, թե ինչ սցենարով կզարգանա արձանագրությունների վավերացման հարցը: Առաջին՝ եթե վավերացումը տապալվի, ապա շատ հավանական է տարածաշրջանի ներկա իրավիճակի սառեցումը, այդ դեպում հիմնականում կընթանա «դիրքային» պատերազմ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Երկար ժամանակով կհետաձգվի ղարաբաղյան հակամարտության լուծումը: Երկրորդ՝ եթե արձանագրությունները վավերացվեն, բացվի հայ-թուրքական սահմանը (ինչն ավելի հավանական եմ համարում), ապա իրավիճակը տարածաշրջանում ակտիվորեն կզարգանա: Այս դեպքում երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է Հարավային Կովկասի երկրների ինտեգրումը ՆԱՏՕ: Կարճաժամկետ հեռանկարում հնարավոր են անսպասելի իրադարձություններ. որոշ սառեցում կլինի թուրք-ադրբեջանական հարաբերություններում, կմեծանա Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության վրա, կնվազի Վրաստանի տրանզիտային դերը, Հայաստանի տարածքում կիրականանան Nabucco-ի նման մի շարք նախագծեր, դրական դինամիկա կլինի ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ Ռուսաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման հաշվին եւ այլն:

Սերգեյ Սարգսյան - Իսկ կարո՞ղ են իրապես փչանալ հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կամ թեկուզ` կարո՞ղ է իջնել նրանց միջեւ ռազմավարական գործընկերության մակարդակը: Նեղ դիտարկենք եւ նրանց միջեւ հարաբերությունների ողջ բազմազանությունից վերցնենք  «արձանագրային քաղաքականության» հարցը: Եթե Թուրքիան շարունակի ղարաբաղյան հակամարտության հետ կապված իր «փափուկ» ճնշումները, ապա ձգձգված բանակցությունների պատճառով Ադրբեջանի ներքաղաքական գործընթացները ներկա իշխանության համար սպառնալի տեսք կընդունեն, Թուրքիայի դանդաղկոտությունը եւ աստիճանականությունը Բաքվի համար հաստատ կդառնան իրապես վտանգավոր: Նույնիսկ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարը զգալիորեն կախված է նրանից, թե դրանք որքանով ընդունելի կլինեն Անկարայի համար: Բաքվին անհանգստացնում է հենց այս իրավիճակը` Թուրքիայի ներգրավումը տարածաշրջանային բազմապլան գործընթացների մեջ, երբ նա ռուս-թուրքական կամ, ասենք, թուրք-իրանական հարաբերությունների պատճառով, կարող է զսպվածություն ցուցաբերել, փոխանակ անհապաղ կամ նույնիսկ կոպիտ ձեւով գործընթացներին միանալուն (գուցե կենսական Ադրբեջանի, բայց ոչ՝ Թուրքիայի համար գործընթացներին): Որպես օրինակ դիտարկենք Ադրբեջանի ներկա վերնախավի փոփոխության սպառնալիքը այս կամ այն պատճառով: Իրավիճակից դուրս գալու տարբերակներից մեկը, թեկուզ արմատական եւ առանց հաջողության երաշխիքների, հետեւյալն է. մարտերի վերսկսումը, ռազմական դրություն հայտարարելը, դժգոհությունների ճնշման ավտորիտար մեթոդների ուժեղացումը, դրանց ուղղորդումը դեպի դուրս, դեպի ռազմական հակառակորդը: Սա վնաս կպատճառի Թուրքիայի շահերին՝ արտաքին քաղաքական, տնտեսական եւ այլն: Այսպիսով, Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական շահերի անջատումը քիչ հավանական է, Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխող վերնախավերի (ոչ անպայման՝ ներկա) շահերի մեջ հակասությունը՝ միանգամայն հավանական:

Զաֆար Գուլիեւ - Վաղը «ֆուտբոլային դիվանագիտությունն» ավարտվում է: Այնուհետեւ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր է պաուզա՝  նույն մակարդակին հասցնելու ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ արձանագրությունների վավերացումը Թուրքիայում ձախողման չդատապարտելու համար: Չպետք է բացառել անակնկալները  հայ-ադրբեջանական  կարգավորման «ճանապարհային քարտեզի» անսպասելի հայտնության, շրջանակային համաձայնագրի ստորագրման կամ էլ գրավյալ տարածքների ազատման գործընթացի սկսման տեսքով: Այնպիսի զգացողություն կա, որ համանախագահները եւ երկրների նախագահներն արդեն ինչ-որ բանի հանգել են, ուստի Թուրքիան էլ համարձակորեն դիմեց արձանագրությունների ստորագրման քայլին: Ճիշտ է, որ իրադարձությունների այդպիսի զարգացման հեռանկարը Հայաստանում շատերի կողմից ընդունվում է սվիններով, եւ դա կարող է բարդացնել պլանների իրականացումը: Բայց այդ գործընթացների զուգահեռությունից խուսափելն անհնար է: Հակառակ դեպքում, երկուսն էլ դատապարտված են ֆիասկոյի:

Սերգեյ Սարգսյան - Խոսենք դեպի ՆԱՏՕ Հայաստանի վերակողմնորոշման մասին: Այնուամենայնիվ, Ռուսաստանն ավելի շատ իրեն ձեռնտու ձեւով օգտագործում է իրավիճակը (քանի որ հիմա խոսում ենք Հայաստանի մասին, ուրեմն եւ՝ Հայաստանի շուրջ), քան մոդելավորում այն: Եւ մեր հարաբերությունները հարեւանների հետ, եւ աշխարհագրական դիրքը, եւ ռեսուրսային բազան, եւ Խորհրդային Միության տնտեսական ժառանգությունը… Իսկ ո՞վ, տարածաշրջանում տնտեսապես եւ կամ քաղաքականապես ներկա ո՞ր երկիրը չի օգտագործում դա իր օգտին: Մոսկվան հիմնվել եւ հիմնվում է շատ թե քիչ կայուն գործոնների վրա. վատ հարաբերություններ Թուրքիայի հետ, ՌԴ ռազմակայանների ներկայություն, կիսաշրջափակում, հետեւաբար Հայաստանի տնտեսության գրավչության նվազում, լայն մրցակցության բացակայություն սակավաթիվ տնտեսական ձեռնարկությունների մասնավորեցման հարցում. Ռուսաստանի կողմից դրանց գնում պարտքի դիմաց£ Ակնհայտ է, որ եթե լիներ ուրիշ եւ ավելի շռայլ գնորդ, մենք կվաճառեինք նրան, կտայինք Ռուսաստանի պարտքը եւ շահույթ էլ կունենայինք: Իսկ եթե այդ կայուն թվացող գործոնները փոխվեն, Ռուսաստանը կանցնի իր մշակած մյուս պլանին՝ առաջ մղելով ձեռնտու փաթեթների մյուս խումբը: Օրինակ, կմեծանան բեռնափոխադրումները ռուսական երկաթուղով եւ, բացի այդ, կնվազի տրանզիտը Վրաստանով: Եթե նույնիսկ ենթադրենք, թե Հայաստանի համար համագործակցությունը Ռուսաստանի հետ կդառնա բացարձակապես անընդունելի, Մոսկվան հեղաշրջում չի անի, ինչպես ԱՄՆ-ը արեց Հոնդուրասում. ոչ ուժերն են նույնը, ոչ էլ տարածաշրջանի իրադրությունը, իսկ ակնկալվող օգուտը՝ աննշան եւ ոչ ակնհայտ:

Ստեփան Գրիգորյան - Օգոստոսի 31-ին արձանագրությունների հրապարակումից, իսկ հոկտեմբերի 10-ին ստորագրումից հետո Սերժ Սարգսյանի այցելությունը Թուրքիա դարձավ քաղաքականապես պատճառաբանված եւ արդարացված: Կարծում եմ, որ իրադարձությունների զարգացման այսպիսի դրական դինամիկայի պայմաններում արձանագրությունները կվավերացվեն Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարանների կողմից: Իհարկե, այս գործընթացում հնարավոր են անհարթություններ եւ ձգձգումներ: Օրինակ՝ քննարկումները Թուրքիայի խորհրդարանում կարող են արձանագրությունների վավերացումը հետաձգել մի քանի շաբաթով: Բայց արձանագրությունները կվավերացվեն, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ունի օբյեկտիվ բնույթ, բխում է Թուրքիայի եւ Հայաստանի շահերից, ինչպես նաեւ այն պատճառով, որ արտաքին խաղացողների մոտ (ԱՄՆ, ԵՄ եւ Ռուսաստան) այս հարցում կա համաձայնություն: Իհարկե, այստեղ տեղին է հետեւյալ հարցը. իսկ ի±նչ անել Թուրքիայի վարչապետի հայտարարության հետ այն մասին, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ չկա առաջընթաց ղարաբաղյան խնդրի լուծման մեջ: Թվում է, թե հայ-ադրբեջանական հարաբերություններում եւս կնկատվի որոշակի առաջընթաց (թեեւ բանը չի հասնի ԼՂ-ի շուրջը գտնվող տարածքների վերադարձին), եւ, որ շատ կարեւոր է, առկա առաջընթացի մասին կհայտարարի հենց ադրբեջանական կողմը: Դրանից հետո Թուրքիան «հանգիստ սրտով» կվավերացնի արձանագրությունները: Իրադարձությունների այդպիսի զարգացման պատճառը պարզ է. այսօր տարածաշրջանում եւ «նրա շուրջը» լուծվում են ոչ թե միջին կարեւորության հարցեր (որպիսին ԼՂ-ի հարցն է), այլ Թուրքիայի անվտանգության հարցը, ողջ Հարավային Կովկասի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական ներկայության, Հարավային Կովկասի դեպի Արեւմուտք վերակողմնորոշման հարցը եւ այլն: Այսինքն, լուծվում են գլոբալ նշանակության խնդիրներ: Ով այսօր չի հասկանա այս բանը, նա, կառչելով մանր հարցերից եւ հին սխեմաներից, տանուլ կտա շատ բան:

Շահին Աբբասով - Ես համաձայն չեմ, որ ադրբեջանական կողմի մի հայտարարությունը ղարաբաղյան բանակցություններում արձանագրված առաջընթացի վերաբերյալ կլինի բավարար: Վստահ եմ, որ մինչեւ տարեվերջ «Մադրիդյան գործընթացն» այսպես թե այնպես կավարտվի՝ կամ դրական արդյունքով (ինչը նշանակելու է կամ շրջանակային համաձայնագրի ստորագրում, կամ էլ առնվազն հայտարարություն մոտ ապագայում այն ստորագրելու մասին), կամ բացասական, այսինքն կավարտվեն այդ սկզբունքների հիման վրա ընթացող բանակցությունները: Դժվար է կանխատեսել, թե երկրորդ դեպքում իրեն ինչպես կպահի Թուրքիան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա վրա կգործադրվի ուժեղ ճնշում արձանագրությունների վավերացման նպատակով: Բայց Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ ավելի արմատական կդառնա:

Սերգեյ Սարգսյան - Վավերացումը դեռ կատարում չէ: Հենց այդ պատճառով էլ արձանագրությունների վավերացման, այլ ոչ թե ողջ բանակցային գործընթացի, շուրջ քաղաքական բանավեճերը կլինեն բուռն (ինչպե՞ս կարող է մեր բոլոր երկրներում ընդդիմությունը ձեռքից բաց թողնել այդպիսի լավ հնարավորությունը), բայց ոչ՝ «ճակատագրական»: Ցուցադրական քայլը (եւ ֆուտբոլը, եւ արձանագրությունները) արված է: Ակնհայտ հակադիր մեկնաբանությունների պայմաններում իրականացումը խիստ խնդրահարույց է: Ավելի շուտ ականատեսը կլինենք երկար-բարակ խոսակցությունների: Նապոլեոնի ռազմավարությունը` «գլխավորը մարտի մեջ մտնելն է, հետո` կերեւա» ավելի շուտ կհանգեցնի նահանջի: Պատահական չէ, որ վերջին փուլում կողմերն ավելի շատ հոգ էին տանում նահանջի ուղիներ պատրաստելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter