Մտածում են, թե ինչպես կարճեն Մարիամի մեղադրանքը
Այսօր, ժամը 12:00-ին երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, որպես մեղադրյալ, գնալու է Էրեբունու քննչական բաժին` հարցաքննության: Քննիչները դեռեւս չեն կարճել Մարիամի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքը` սուտ մատնության հոդվածով` չնայած Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի անառակաբարո գործողությունները հաստատող նորանոր վկաներ են ի հայտ եկել, որոնք կապ չունեն Մարիամ Սուխուդյանի հետ:

Իսկ քննիչները կարծում են, թե ակտիվիստն է նախկին սանին սովորեցրել զրպարտել հայերենի ուսուցչին: Հարց է առաջանում` իսկ մյուս սաների՞ն էլ է Մարիամը սովորեցրել, որ պատմեն, թե ինչպես է ուսուցիչն իրենց «ձեռ գցում»:
Քննիչները եւս սա հասկանում են եւ մեր տեղեկություններով` այժմ մտածում են, թե ինչպես Մարիամի մեղադրանքը կարճեն, որ եւ գայլերը կուշտ լինեն, եւ ոչխարները` կենդանի:
ԱՄՆ-ը պետք է լինի առաջամարտիկ
Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է աշխարհում լինի Հայոց ցեղասպանության ճանաչման առաջամարտիկ, ոչ թե աջակցի պատմությունը վերախմբագրելուն: Այս մասին նշել է ԱՄՆ կոնգրեսական Մարկ Քըրքը (Հանրապետական, Իլինոյս) ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին ուղղված քննադատական հայտարարության մեջ:
Մարկ Քըրքը իր անհամաձայնությունն է հայտնում այն փաստի առնչությամբ, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության «պաշտոնական հանձնաժողով» ստեղծելու թուրքական նախաձեռնությանը, որով այդ երկիրը երկար ժամանակ փորձում էր կասկածի տակ դնել պատմությունը եւ մարդկության դեմ ուղղված, փաստարկված այդ հանցագործությունը:
Անկումը` 18.3 %
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանի` 2009 թվականի առաջին 9 ամիսների սոցիալ-տնտեսական վիճակն արտացոլող նախնական տվյալները, ըստ որոնց` ՀՀ տնտեսական անկումը կազմել է 18.3 տոկոս:
Նկատենք, որ արդեն երրորդ ամիսն է, ինչ անկման ցուցանիշը չի կարողանում հատել գոնե 18 տոկոսի սահմանագիծը: Միևնույն ժամանակ, կան բոլոր հիմքերը` պնդելու, որ անկման նշված ցուցանիշը ստացվել է մեքենայությունների շնորհիվ, իսկ իրականում անկումը շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է պաշտոնապես:
Խնդիրն այն է, որ նախ` երեք ամիս շարունակ անկման տեմպի նվազումը կազմում է ամսական ուղիղ 0,1 տոկոս, և երկրորդ` մեծ, անբնական աճ է արձանագրվել տնտեսության հատկապես այն ճյուղերում, որտեղ ցուցանիշների հաշվառումը կատարվում է չափազանց մոտավոր: Խոսքը շինարարության և գյուղատնտեսության մասին է, որտեղ ցուցանիշները ստացվում են սուբյեկտիվ դիտարկումների հիման վրա:
Գյուլը, Էրդողանը եւ Դավութօղլուն անցանկալի անձ են Բաքվում
Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման» կազմակերպությունը (ՂԱԿ) բողոքի ակցիա է անելու` կապված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուի եւ Հայաստանի փոխարտգործնախարար Կիրակոսյանի Բաքու կատարելիք այցի հետ: Վերջիններս Ադրբեջանում պետք է մասնակցեն Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների հերթական նիստին:
Ինչպես տեղեկացրել է ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նագին` բողոքի ցույցը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին Բաքվի Hyatt Regency հյուրանոցի մոտ: Նագինի խոսքերով` ցույցի նպատակն է արգելել Հայաստանի` «ագրեսոր» պետության պատվիրակության մուտքը Ադրբեջան, ինչպես նաեւ Թուրքիայի պատվիրակության, քանի որ Թուրքիան արձանագրություններ է ստորագրել «ագրեսոր» պետության հետ:
ՂԱԿ-ը գտնում է նաեւ, որ Թուրքիան, ստորագրելով Հայաստանի հետ արձանագրությունները, դավաճանել է Ադրբեջանին. «Այս կապակցությամբ մեր կազմակերպությունը Թուրքիայի նախագահ Գյուլին, վարչապետ Էրդողանին եւ նախարար Դավութօղլուին հայտարարում է Ադրբեջանում անցանկալի անձեր ու զգուշացնում, որ նրանց յուրաքանչյուր այցը մեր երկիր կուղեկցվի բողոքի ակցիաներով»,- շեշտել է դավաճանված Ակիֆ Նագին:
Նոր ընտրություններ
Երեկ ԿԸՀ-ն որոշում է կայացրել նաև 2010-ի հունվարի 10-ին մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացնել թիվ 10 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից պատգամավոր դարձած Խաչատուր Սուքիասյանը, ընդհատակից դուրս գալով, հրաժարվեց պատգամավորական մանդատից:
Ու թեև դեռ հայտնի էլ չէր այս համայնքում ընտրությունների օրը, արդեն բազմաթիվ թեկնածուներ էին հայտնվել. Խոսրով Հարությունյան, Հմայակ Հովհաննիսյան, Վահան Բաբայան, Էդուարդ Մադաթյան` Խուճուճ Էդո և այլն: Այնպես որ, բավականին հետաքրքիր մրցապայքար է լինելու այս ընտրատարածքում:
Ահարոնը նեղացել է
«Պատկերացնո՞ւմ եք` ես հանրաքվե անեմ, թե կանացի բյուստգալտերներին կո՞ղմ եք, թե՞ դեմ եք»,- հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` փորձելով բացատրել, թե ինչու չի կարելի հանրաքվեի դնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը:
«ՉԻ» - Փաստորեն, ըստ Ահարոն Ադիբեկյանի` հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները մեր ժողովրդին ճիշտ այնքան են հետաքրքրում, որքան կանացի բյուստգալտերների օգտագործման նպատակահարմարությունը:
Չէ, մենք հասկանում ենք, որ Ահարոն Ադիբեկյանի մտքի թռիչքը բյուստգալտերներից այն կողմ չի անցնում, բայց այդ դեպքում հարց է ծագում` ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը «հանրային լայն քննարկումներ ծավալելու» կոչ անում, և ինչո՞ւ բանուգործ թողած` մի շաբաթ շարունակ թրև էր գալիս Սփյուռքի քառուղիներում: Գնացել էր բյուստգալտերների վերաբերյալ Սփյուռքի կարծի՞քը ճշտելու:
Ըստ երևույթին այս ամենը շատ պարզ բացատրություն ունի: Ահարոն Ադիբեկյանը մի թեթև նեղացել է, որ իշխանություններն այդ թեմայով իրեն հարցում չեն պատվիրել (բնականաբար, նախապես պատվիրելով նաև «հարցման» արդյունքները), և հիմա իր մասնագիտական պատիվը փրկելու համար ասում է, թե այդ հարցում հասարակության կարծիքն էական չէ:
Հայաստանն իր տեղն էլի զիջել է
Երեկ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության 2009 թվականի ցուցիչը, որի համաձայն` Հայաստանը անցյալ տարվա 101-րդ տեղը էլի զիջել է եւ հիմա զբաղեցնում է 111-րդ հորիզոնականը:
Զեկույցում ամփոփված է անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը ընկած ժամանակաշրջանը: Առաջին 5 հորիզոնականներն են զբաղեցրել Դանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նորվեգիան եւ Շվեդիան:
Հայաստանի հարեւաններից Վրաստանը 81-րդ տեղում է, Թուրքիան` 122-րդ, Ադրբեջանը` 146-րդ, իսկ Իրանը` 172-րդն է` ամենավատ կացության մեջ գտնվողների ցանկում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել