HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանի խոսքը դատարանում

Միանալով իմ պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի` դատավոր Մնացական Մարտիրոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը, կարծում եմ` տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի անաչառությունը ողջամիտ կասկածներ է հարուցում նաեւ հետեւյալ հիմքերով. 1. Մնացական Մարտիրոսյանը առաջին ատյանի դատավոր է նշանակվել 1999 թ. դեկտեմբերին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով: 2006 թվականին Տարածաշրջանային զարգացման կենտրոն/ Թանսպարենսի Ինթերնեյշլ Հայաստան հասարակական կազմակերպության անցկացրած Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում հարցման  մասնակիցների 37.3 տոկոսը ՀՀ նախագաh համարվող անձին համարել է կոռումպացված, 18 տոկոսը չկոռումպացված, 44.5 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցման որոշակի պատասխան տվածների 67.4 տոկոսը Հայաստանի նախագահին, այսինքն` Ռոբերտ Քոչարյանին համարել է կոռումպացված: 2. Մնացական Մարտիրոսյանը դատավոր է նշանակվել ՀՀ Արդարադատության խորհրդի ներկայացմամբ: 2006 թվականին ՙՏարածաշրջանային զարգացման կենտրոն/ Թրանսպարենսի Ինթերնեյշնլ Հայաստան՚ հասարակական կազմակերպության անցկացրած ՙԿոռուպցիայի ընկալումը Հայաստանում՚ հարցման մասնակիցների 43.2 տոկոսը Արդարադատության խորհրդին համարել է կոռումպացված, 21.7 տոկոսը չկոռումպացված պետական կառույց, 35.1 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցմանը որոշակի պատասխան տվածների 66.4 տոկոսը արդարադատության խորհուրդը համարել է կոռումպացված պետական մարմին: 3. Մնացական Մարտիրոսյանը հանդիսանում է առաջին ատյանի դատավոր: 2006 թվականին Տարածաշրջանային զարգացման կենտրոն/ Թրանսպարեսի Ինթերնեյշնլ Հայաստան հասարակական կազմակերպության անցկացրած կոռուպցիայի ընկալումը Հայաստանում հարցման մասնակիցների 30.5 տոկոսը ՀՀ առաջին ատյանի դատարանները համարել են կոռումպացված պետական կառույց, 24.5 տոկոսը չկոռումպացված պետական կառույց, 44.9 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցմանը որոշակի պատասխան տված ՀՀ քաղաքացիների 55.2 տոկոսը ՀՀ 1-ին ատյանի դատարանները համարել է կոռումպացված կառույց: Հարցումը անցկացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում, Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում: Նույն հարցման` Մեթոդաբանություն բաժնից տեղեկանում ենք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրությունները եւ ընկալման համաթվերը ստացել են համաշխարհային ճանաչում որպես կոռուպցիայի մակարդակը չափելու վստահելի քանակական միջոցներ: Ասել է, թե հիշատակված թվերը արտահայտում են վերը նշված պետական ինստիտուտներում կոռուպցիայի տարածման մակարդակը: Այսպիսով, Մնացական Մարտիրոսյանը կոռումպացված պետական կառույցի նեկայացմամբ, կոռումպացված անձ-իստիտուտի կողմից, կոռումպացված դատական ատյանի պաշտոնատար սուբյեկտի կարգավիճակ ստացած անձ է եւ հաջողությամբ գործում է կոռումպացված ատյանի ներսում, ինչը ողջամիտ կասկածներ է հարուցում, որ նա իր համար հարազատ կոռուպցիոն բուրգի շահերը ավելի բարձր է դասում, քան Հայաստանի Հանրապետության օրենքն ու Սահմանադրությունը, քանի որ կոռուպցիայի հիմնական բնորոշումը անձնական, խմբակային եւ մաֆիոզ շահերի, օգուտի գերակայությունն է օրենքի, Սահմանադրության, արդարության նկատմամբ: 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունները, մասնավորապես, որ ընկած են սույն վարույթի հիմքում, Հայաստանում գործող համակարգված կոռուպցիոն բուրգի արգասիք են եւ հետեւանքը այն բանի, որ պետական ինստիտուտների կոռումպացվածության պատճառով Քաղաքացիների օրինական շահերի եւ իրավունքների պատշաճ, իրավական պաշտպանությունը դառնում է անհնար: ԵԽԽՎ 2008 թվականի ապրիլի 17-ին ընդունված 1609 բանաձեւում նշվում է, որ 2008 թվականի Մարտի 1-ի ճգնաժամի հիմնարար եւ խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է` իրենց գործառույթները կատարելիս լիովին պահպանելու ժողովրդավարական չափանիշները, իրավունքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները: Մասնավորապես, մեջբերում եմ. «դատարանները դեռ չունեն անկախության անհրաժեշտ մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն իրենց` որպես անկողմնակալ դատական մարմինների նկատմամբ, այդ թվում նաեւ ընտրական գործընթացում»: Տարածաշրջանային զարգացման կենտրոն/ Թրանսպարեսի  Ինթերնեյշնլ Հայաստան հասարակական կազմակերպության Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում-2006 հարցման մասնակիցների մեծ մասը որպես ամենակոռումպացված նշել է ընտրական համակարգը, եւ ասել, որ կոռուպցիայի ներկա իրավիճակի համար պատասխանատվություն են կրում երկրի նախագահը, կառավարությունը, ԱԺ-ն, իրավապահ մարմինները, դատարանները: Տվյալ դատարանի կողմից վարույթ ընդունված 62204709 քրեական գործի օբյեկտիվ հանգամանքներն առաջացել են կոռումպացված ընտրական համակարգի, կոռումպացված նախագահի, կոռումպացված կառավարության, կոռումպացված Աժ-ի, կոռումպացված իրավապահ մարմինների, կոռումպացված դատարնների գործունեության հետեւանքով: Մարտիմեկյան սպանդը իրակնացվել է կոռումպացված նախագահի հրամանով, կոռումպացված կառավարության  կողմից ձեւավորված օրինական եւ ապօրինի զինված խմբավորումների միջոցով, կոռումպացված ԱԺ-ն արտակարգ դրություն մտցնելու համաձայնությամբ քաղաքական հետապնդումների, հալածանքների ֆոն է ստեղծել, կոռումպացված իրավապահ մարմինները իմ ընկերներին եւ ինձ շինծու եւ ապօրինի մեղադրանքներ է առաջադրել, եւ հիմա կրկին եկել է կոռումպացված դատարանի գոծելու հերթը, որի հիմնական գործառույթը 2008թ. Մարտի 1-ի ողբերգության պատասխանատվությունը իրեն ծնած կոռումպացված նախագահի ուսերից վերցնելն է եւ ուիշների վրա բարդելը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը սույն գործի վարույթի ընթացքում արդեն իսկ հասցրել է ապացուցել իր հավատարմությունը վերը նկարագրված կոռուպցիոն բուրգին եւ ողջամիտ կասկածներ է հարուցել իր անկողմնակալության նկատմամբ: Այդ մասին իմ պաշտպանը արդեն նշեց, բայց ես նույնպես կուզենայի հպանցիկ անդրադառնալ մի քանի նրբությունների: Մասնավորապես. 1. Սույն քրեական գործի դատական քննություն նշանակելու մասին 12.10.09-ին կայացրած որոշման մեջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է իմ նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, պատճառաբնելով, թե ազատության մեջ մնալու դեպքում` մեջբերում եմ.«վարույթ իրականցնող մարմնից Նիկոլ Փաշինյանի թաքնվելու հավանականությունը բարձր է»: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը չնկատելու է տվել այն հանգամանքը, որ 1.3 տարի ընդհատակում գտնվելուց հետո իմ անձնական որոշմամբ այցելել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, եւ միայն իմ այդ որոշման արդյունքում է հնարավոր դարձել տվյալ վարույթի դատական քննությունը: Այսինքն տրամաբանությունը եւ փաստերը հուշում են, որ եթե այս դատական վարույթը տեղի է ունենում, ապա տեղի է ունենում միայն իմ ցանկության շնորհիվ: Եթե ես չցանկանայի եւ դա ապացուցվեց 1.3 տարվա ընթացքում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, բոլոր հնարավոր եւ անհնար օպերատիվ մարմինները, այդ թվում եւ նրանց օգնող օլիգարխների սափրագլուխները, ի վիճակի չէին հայտնաբերել ինչ եւ ձերբակալել, որովհետեւ չունեին դրա համար անհրաժեշտ ինտելեկտուալ պաշարները:  Մարդկային տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, որ 1.3 տարի հաջողությամբ ընդհատակում գտնված, այսինքն ՀՀ կոռումպացված իրավապահ մարմինների համար անհասանելի անձը ինքնակամ բանտ է տեղափոխվում` վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու չարամիտ դիտավորությամբ: Ճշմարտությունն այն է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որպես կոռումպացված դատական համակարգի ներկայացուցիչ իրավասու չէ լուծել իմ խափանման միջոցի հարցը, եւ կայացրել է այնպիսի որոշում, որ իրեն հանձնարարվել է: 2. Նույն որոշման մեջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատակոչի ենթակա անձանց ցանկը թողել է անփոփոխ, չնկատելու տալով այն հանգամանքը, որ տվյալ գործում առանցքային նշանակություն ունեցող մի քանի վկաներ դատակոչված չեն: 3. Դատավոր Մնացական Մարտիրոսյանը իմ դեմ հարուցված մեղադրանքներ պարունակող այս գործը վարույթ է ընդունել ի հեճուկս այն բանի, որ մեղադրական եզրակացության մեջ ինձ մեղսագրվում են արարքներ, որոնց մասին ապացույցներ քրեական գորժի նյութերում առկա չեն: Այս ամենը ողջամիտ կասկածներ է հարուցում տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի անկողմնակալության մեջ, ինչպես նաեւ` ներքին համոզմունք, որ տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը ի վիճակի չէ իրականացնել արդարադատություն: Վերը նշված գործողությունները վկայում են, որ իմ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը արդեն իսկ ունի ձեւավորված ներքին համոզմունք: Այսինքն` պարտադրված ներքին համոզմունք:  Սրա մասին է վկայում նաեւ այն համգամանքը, որ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դեմ 22.06.09-ին կայացրած դատավճռում դատավոր Մնացական Մարտիրոսյանը ավելի քան տասնյակ անգամ հիշատակել է իմ անունը` մեղադրական ենթատեքստով, ասել է, թե արդեն իսկ նաեւ իմ մկատմամբ է դատավճիռ կայացրել: Այսպիսով` դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի կարող տվյալ գործով լինել անկողմնակալ, ապահովել դատավարության կողմերի հավասարությունը դատարանի եւ օրենքի առջեւ, ինչպես նաեւ դատարանի անկախությունը: Ելնելով վերը նշվածից, ես միանում եմ իմ պաշտպանների միջնորությանը եւ միջնորդում եմ դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնել: Ուզում եմ նաեւ հույս հայտնել, որ իմ այս ելույթը դատախազության ներկայացուցիչներին եւ դատավորին հոգեխանգարմունքի մեջ չի գցի: Շնորհակալություն: Նիկոլ Փաշինյան քաղբանտարկյալ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter