Վերադարձի դասական երաժշտության երրորդ Փառատոնը կավարտվի երկու օրից
Վերադարձի Դասական Երաժշտության Երրորդ Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին և կշարունակի իր ընթացքը մինչև հոկտեմբերի 24-ը: Ինչպես տեղեկացնում է փառատոնի մամուլի ծառայությունը, «Արվեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամը` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Բացառիկ հովանավորությամբ է ներկայացնում Վերադարձի Դասական Երաժշտության Երրորդ Փառատոնը:
Հոկտեմբերի 23-ին, ժ.12.00-ին, «Գոլդեն Տուլիպ» Հյուրանոցի նիստերի Միակցված դահլիճում տեղի կունենա Վերադարձի Դասական Երաժշտության Երրորդ Փառատոնի փակման համերգին նվիրված մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսին կմասնակցեն դաշնակահար Վահագն Պապյանը /Իսրայել/, Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Վերադարձի Փառատոնի հիմնադիրներ «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը:
Հանրահռչակ դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի և Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժ.19.00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:
Վահագն Պապյանն ավարտել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիան /պրոֆ. Մ.Վոսկրեսենսկու դաս/: 1982-ին տեղափոխվել է Լենինգրադի կոնսերվատորիա` դիրիժորություն ուսանելու: Նա այն երջանիկներից է, ում դասավանդել է լեգենդար պրոֆեսոր Իլյա Մուսինը: 1984-ին Վալերի Գերգիևը նրան հրավիրում է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբ, որտեղ 3 տարի անց ստանձնեց գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը:
Հանդես է եկել բազմաթիվ նվագախմբերի հետ որպես դիրիժոր և որպես դաշնակահար: Այնուհետև տեղափոխվել է Իսրայել, որտեղ ստանձնել է Բիր Շևա Սիմֆոնի նվագախմբի դիրիժորի պաշտոնը: Որպես դաշնակահար նրա միջազգային համերգաշրջանները ներառում են ելույթներ Բազելում, Բարսելոնում, Ժնևում, Տորոնտոյում, Օտտավայում, Նյու Յորքում, ինչպես նաև համերգներ Հարավային Ամերիկայում և Հեռավոր Արևելքում:
2003-ի հունիսին Պապյանը ղեկավարեց «Նոր Ռուսաստան» նվագախումբը հատուկ 100-ամյա հոբելյանական ծրագրով` նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան տարելիցին:
Վահագն Պապյանը աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի հետ մենահամերգներով շրջագայել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, նրա հետ թողարկել է ձայնասկավառակ/EMI Classic/
Սերգեյ Սմբատյանը ծնվել է 1987-ին` երաժիշտների ընտանիքում:
Ջութակ նվագել սովորել է Չայկովսկու անվ. երաժշտական մասնագիտական դպրոցում /պրոֆ.Բագրատ Վարդանյանի դաս./: Արդեն 13 տարեկան հասակում, դափնեկիր լինելով տարբեր միջազգային մրցույթներում (Ճապոնիա, Ռումինիա և այլն),նա արժանացավ Գրան Պրի մրցանակին Իտալիայի «Rovere d’Oro» միջազգային մրցույթում: 2003-ին, ընդունվելով Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա, զուգահեռաբար սովորում է սիմֆոնիկ դիրիժորության բաժնում (պրոֆ. Յուրի Դավթյան):
Այժմ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ասպիրանտ է: Ս. Սմբատյանը ջութակի վարպետության դասընթացների է մասնակցել Զ. Բրոնի, Գ. Ժիսլինի, Ռ. Ռիչչիի մոտ:Երիտասարդ երաժիշտը ստեղծել և գլխավորում է Հայաստանի Երիտասարդական նվագախումբը: Ստեղծագործական հարաբերությունները կապում են Սերգեյ Սմբատյանին հանրահայտ վարպետների հետ. Վ.Սպիվակով, Ա. Փափազյան, Դ. Մացուև, Ֆ.Ֆերնանդես, Ժ. Դոնատո, Վ.Ռեպին և այլք: Սերգեյ Սմբատյան անունը կարելի է հանդիպել աշխարհի լավագույն նվագախմբերի կողքին. Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախումբ,Անգլիայի կամերային նվագախումբ, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագխումբ, Հայաստանի պետական ակադեմիական կապելլա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել