HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Տարածաշրջանում ամենամեծ թվով արտասահմանցի ուսանողներ ունի Հայաստանը

a-ashotyan_22.10.09Իսկ ճգնաժամի պատճառով դպրոց չհաճախող երեխաների թիվը կարող է կտրուկ աճել մանավանդ մարզերում «Ճգնաժամի թեման ամփոփելով` ասեմ, որ ամենամեծ վտանգը հետևյալն է. մենք կարող ենք ընկնել արատավոր շրջանի մեջ` սակավ տնտեսական ռեսուրսներ, հետևաբար սակավ հատկացումներ կրթությանը, հետևաբար ավելի նվազ տնտեսություն, որն իր հերթին բերելու է սակավ տնտեսական ռեսուրսների, և հետևաբար այս արատավոր շրջանը պետք է անպայման փորձել ճեղքել ներսից, դուրս գալ: Ճեղքումը կարող է լինել մոտակա տարիներին կրթության ոլորտում բեկումնային և մեծածավալ ներդրումների պարագայում»: Այս մասին ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր մեկնարկած ««Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրի ամփոփում և երկրորդ ծրագրի մեկնարկ» խորագրով համաժողովի ժամանակ: Թեեւ Համաշխարհային բանկը և միջազգային այլ դոնոր կազմակերպություններ հատկացումներ անում են կրթության ոլորտին, սակայն նախարարի կարծիքով` պետք է մասնավոր կապիտալ ներգրավել: «Մասնավոր կապիտալ ասելով` ես նկատի չունեմ միայն մասնավոր ուսումնական հաստատությունների ստեղծում: Ճիշտ հակառակը. այդ հաստատությունների հետ միասին, մասնավոր կապիտալ ասելով` ես նկատի ունեմ Հայաստանում մեծահարուստ գործարար, մեկենաս և այլ կարողություններ ունեցող մարդկանց ռազմավարական ներդրումներ կրթական համակարգում»,- ասաց Արմեն Աշոտյանը: Ֆինանսատնտեսական ճգնաժամի` կրթության ոլորտի վրա ունեցած հետևանքները նա բաժանեց երկու պայմանական խմբի` ներքին և արտաքին: Ներքին հետևանքներից առաջինը, Արմեն Աշոտյանի խոսքերով, այն է, որ հարցականի տակ է դրվում կրթության հավասար հնարավորությունը կամ պետության պատասխանատվությունն ու պարտականությունները: Ներկայումս ուսանողներից նախարարի ստացած նամակների 25-30 տոկոսը վերաբերում է ուսման վարձերին, ուսումը շարունակելու և հավասար հնարավորություն ունենալու խնդիրներին: «Սա բավական լուրջ մարտահրավեր է, խնդիր, որով մենք պետք է զբաղվենք, բայց անկեղծ խոստովանեմ` դեռևս չգիտենք, թե ինչպես լիարժեք զբաղվենք: Մենք, ենթադրենք, խնդրում ենք մեր հարգելի ռեկտորներին հնարավորինս ավելի ճկուն գանձել ուսման վարձը կամ սահմանել ուսման վարձի զեղչման ավելի արդարացի համակարգ կամ որևէ այլ միջոցառում: Բայց խոստովանենք, որ ճգնաժամի հետևանքները հարցականի տակ են դնում հավասար պայմանները կրթության դաշտում, և կրթություն ստանալու հնարավորությունը կարող է սահմանափակվել հատկապես սոցիալապես խոցելի խավերի երեխաների համար»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նա հավելեց, որ խոսքը ոչ միայն բարձրագույն կրթության, այլև հանրակրթության մասին է: Դեռևս վերջնակալ տվյալներ չկան, բայց մտահոգություն է առաջացնում այն, որ ճգնաժամի պատճառով դպրոց չհաճախող երեխաների թիվը կարող է կտրուկ աճել մանավանդ մարզերում: Երկրորդ խնդիրը, նախարարի խոսքերով, կրթության մատչելիությունն է: «Եթե մեր երեխաները չունենան քիչ թե շատ հնարավորություններ` ստանալ կրթություն, հետևաբար` ապագայում սեփական գիտելիքով բարեկեցություն ապահովել, ապա ակնհայտ է, որ ապագայում մենք կունենանք բևեռացված հասարակություն ունենալու ավելի մեծ վտանգ, որովհետև այսօր տարբեր կրթական համակարգերում ուսուցանվող մեր երեխաները ստանում են անհրաժեշտ բազա` իրենց ապագա տնտեսական, հասարակական գործունեության համար: Եթե ճգնաժամի պատճառով այդ բազան թուլանում է, գիտելիքները պակասում են, ապա ակնհայտ է, որ մենք կունենանք թաքնված վտանգ` ապագայում այդ մարդկանց հասարակական և տնտեսական պիտանելիության հետ կապված»,- ասաց Արմեն Աշոտյանը: Ըստ նրա` կրթական համակարգի վրա ճգնաժամի ազդեցության պատճառով, ի վերջո, կարող են կտրուկ սրվել սոցիալական խնդիրները: Դա կարող է լինել տարիներ հետո, երբ ներկայիս սերունդը, որը հիմա ընկել է ճգնաժամի հարվածի տակ, մտնի աշխատաշուկա: Անդրադառնալով ճգնաժամի` կրթության ոլորտի վրա ունեցած արտաքին հետևանքներին` Արմեն Աշոտյանն ասաց, որ երկրի մրցունակությունը կարող է անկում ապրել, մասնավորապես տնտեսության գիտելիքահեն ճյուղերում և այն բնագավառներում, որտեղ Հայաստանը հավակնում է մնալ կամ դառնալ տարածաշրջանային տնտեսական, ֆինանսական կենտրոն: «Երկրի մրցունակության անկումը ճգնաժամի` կրթական ոլորտում ամենալուրջ հետևանքներից և մարտահրավերներից մեկն է»,- ասաց Արմեն Աշոտյանը: Ճգնաժամի հետևանքով Հայաստանը կարող է նաև հավերժ հետնապահի դերում հայտնվել: Նախարարի խոսքերով` մինչ ճգնաժամը առավելապես ետխորհրդային կամ Արևելյան Եվրոպայի երկրներին քիչ թե շատ հաջողվում էր բյուջետային մեծ հատկացումներ անել կրթության ոլորտին և փորձել հասնել ոլորտի առաջատարներին` Արևմուտքի և Հյուսիսարևելյան Ասիայի երկրներին: «Ճգնաժամի պատճառով խոցելի են դառնում այն պետությունների տնտեսությունները, հետևաբար նաև կրթական համակարգերը, որոնք այս տեմպերով այլևս ունակ չեն ապահովել համապատասխան հատկացումներ և է՛լ ավելի հետ են մնում այն զարգացումներից, որոնք բնորոշ են առաջատար կրթական հասարակություններին»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նա տեղեկացրեց, որ տարածաշրջանում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան) Հայաստանն ունի ամենամեծ թվով արտասահմանցի ուսանողներ` 1000 ուսանողի թվով: «Կրթական ծառայություն մատուցելու և կրթություն վաճառելու խնդիրը ապագայում նույնպես կարող է վտանգի տակ լինել, և մենք կարող ենք կորցնել տարածաշրջանային կրթական կենտրոն դառնալու կամ պահպանվելու մեր հավակնությունները»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նա հավելեց, որ դիտավորյալ է խտացնում գույները, և խնդրեց առկա մտահոգությունները կոնտեքստից դուրս չհասկանալ: «Մենք պարտավոր ենք այս և մի շարք այլ խնդիրների առջև կանգնելով` լուծումներ տալ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter