HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Էդգար Հելհելյան. «Հետո հասկացանք, որ քարտեզի վրայի մեծությունը որևէ բան չի նշանակում»

19_10-E-Helhelyan«Ես միանգամից հիշեցի, որ երբ մենք փոքր էինք, քարտեզ էինք նայում, մեզ թվում էր` Հայաստանը ամենահզորն է, որովհետև Հայաստանը առանձին մեծ քարտեզով էր տրված, իսկ մնացած պետությունները փոքր-փոքր ինչ-որ բաներ էին: Ու մենք, չգիտես ինչու, ասում էինք. «Հայաստանը ամենամեծն է և ամենահզոր պետությունն է»: Հետո հասկացանք, որ քարտեզի վրայի մեծությունը որևէ բան չի նշանակում»,- «Հետքի» հետ զրույցի ժամանակ ասաց Ազգային նոր պահպանողական շարժման (ԱՆՊՇ) գաղափարական հարցերով փոխնախագահ Էդգար Հելհելյանը: Այս հիշողությունը Էդգար Հելհելյանի մեջ արթնացրել է վերջերս լսած այն հայտարարությունը, թե «սահմանի բացման դեպքում հայերը կմտնեն թուրքական 70 մլն-անոց շուկան»: «Եղբա՛յր, 70 մլն-անոց շուկան քեզ ի՞նչ: Էդ 70 մլն-անոց շուկան մինչև այսօր սպասարկվում է. դու այնտեղ բան չունես: Եթե կա 70 մլն սպառող, ապա կան նաև 70 մլն սպառողի համար արտադրող ընկերություններ: Հետո, դու չես կարող դրանց հետ մրցակցել: Այնտեղ կան ընկերություններ, որոնց համար մի օրում կես մլն դոլար կորցնելը նույնն է, ինչ մի չստացված բիզնես: Նույն ապրանքը կես գնով կվաճառի, քեզ կսնանկացնի, հետո էլ 2 անգամ թանկ կծախի, իր գումարը կհանի: Երկու փոքր արտադրամաս ունեն, իրենց երևակայում են աշխարհի մեծագույն գործարարներից մեկը»,- հայ գործարարների մասին այսպիսի կարծիք ունի Էդգար Հելհելյանը: Նա ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերը նշում են, որ կընդունեն արձանագրությունները` կոնկետ կետերի և դրույթների փոփոխության դեպքում: Իսկ ԱՆՊՇ-ն համոզված է, որ այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակում հայ-թուրքական սահմանի բացումը չի բխում Հայաստանի պետական շահերից: Էդգար Հելհելյանը սահմանի բացման հետևանքները 2 փուլի բաժանեց` կարճատև` երբ սահմանի բացումը որոշակի առումով կնպաստի տնտեսության զարգացմանը, և երկարատև` երբ թուրքական տնտեսությունը կմտնի Հայաստան և իր ձեռքը կվերցնի Հայաստանի ռազմավարական կարևորություն ունեցող բոլոր հաստատությունները: «Կարծում եմ, որ դա նաև կլինի հարված ռուսական շահերին: Այսինքն` այնպես չէ, որ եթե Ռուսաստանի ձեռքին է, Թուրքիան չի կարող վերցնել: Իսկ ինչ վերաբերում է մեր հայտարարություններին, ես զարմանում եմ, երբ մեր մի քանի գործարարներ հայտարարում են. «Մենք ի վիճակի ենք դիմակայել մրցակցությանը»: Ես չեմ հասկանում` իրենք ինչպես են մտածում: Մեզ մոտ ամենահարուստ մարդը 250-300 մլն դոլար գումար ունի, և դա ինքը ներկայացնում է իր ամբողջ գույքով և այլն»,- ասաց Էդգար Հելհելյանը: Անգամ եթե պայմանական ընդունենք, որ տվյալ հայ գործարարի կարողությունն իրականում 500 մլն դոլար է, ապա, Էդգար Հելհելյանի խոսքերով, նա միևնույն է` բիզնեսի մեջ կարող է ներդնել պաշտոնապես ներկայացող 250-300 մլն-ը: Իսկ Թուրքիայում 500 մլն դոլար կարողություն ունեցող 3-4 հազար գործարար կա: «Այնտեղ ընտանիքներ կան, որոնց դրամագլուխը 4 մլրդ 500 մլն է կազմում: Եվ ո՞նց են պատկերացնում, որ իրենք դրա դեմն առնելու են»,- նշեց Էդգար Հելհելյանը: «Եվ երկրորդ` երբ Թուրքիան ստորագրում էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու փաստաթուղթը, ինքը բավականին շատ խնդիրներ լուծեց: Իրենց բազմաթիվ ապրանքների վրա ամրագրված մաքսատուրք չեղավ: Իսկ Հայաստանից այդ փաստաթուղթը ստորագրելու գնաց ոչ թե տնտեսագետ, մարդ, որը այդ ամեն ինչից հասկանում է (ես հիմա չեմ էլ հիշում` ով է գնացել), այլ քաղաքական ինչ-որ այր, որը գնացել, շուտ ստորագրել, եկել է` չհասկանալով անգամ, թե ինչ է ստորագրում: Եվ արդյունքում այսօր մենք չունենք մաքսատուրքերի ճանապարհով ներկրումների վրա ազդելու այդ լծակը: Իսկ Թուրքիան դա հստակ ունի»,- ասաց Էդգար Հելհելյանը: Նա հավելեց, որ ի տարբերություն Հայաստանի` Թուրքիայում կա բանկ, որը պետական միջոցներով ֆինանսավորում է արտահանող ընկերություններին: Էդգար Հելհելյանի խոսքերով` ամենաողբերգականն այն է, որ արձանագրությունները ստորագրելով` Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է Վիլսոնի իրավարար վճռից: «Այսօր միջազգային հարթության մեջ կա Վիլսոնի իրավարար վճիռը, որը այսօր գործող միակ իրավական փաստաթուղթն է, այսինքն` դա մեր սեփականության վկայականն է` Արևմտյան Հայաստանի տարածքների վրա»,- ասաց Էդգար Հելհելյանը: Նա հավելեց, որ Վիլսոնի իրավարար վճռով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է ունենա 170 հզ. քառ. կմ տարածք և ելք դեպի ծով: Երբ իրավարար վճիռը կայացվում է, այն վերջնական է, բեկանման ենթակա չէ և չունի կողմերից որևէ մեկի համաձայնելու կամ չհամաձայնելու, այլ պետությունների կողմից հավանության արժանանալու կամ չարժանանալու խնդիր: «Այսօր, պայմանավորված քաղաքական իրավիճակով, մեր վիճակով` հնարավոր է, որ մենք ի վիճակի չենք դրա համար պայքարել, բայց դա նաև սեփականության վկայական է, որը կարելի է տալ սերունդներին: Հնարավոր է, որ 10, 20, 50 տարի հետո լինի իրավիճակ, երբ կարողանանք դա վերցնել: Վարձակալության խնդիր կարող է առաջանալ, որ «դա իմ սեփականությունն է. եթե դու օգտագործում ես, բարի եղիր վարձ տալ»: Եվ արձանագրությունները ստորագրելով` շահառուն, այսինքն` Հայաստանի Հանրապետությունը, հրաժարվում է իր շահից, իր սեփականությունից»,- ասաց Էդգար Հելհելյանը: Նա նշեց, որ այսօր իշխանական ապարատը աշխատում է այն բանի վրա, որ համոզի, թե «հայ-թուրքական սահմանի բացումը չի նշանակում հրաժարում տարածքային պահանջից կամ Ցեղասպանության ժխտում»: Սակայն ԱՆՊՇ-ն համոզված է, որ արձանագրությունների ստորագրումը կհանգեցնի նրան, որ ապրիլի 24-ին, երբ կլինի համազգային երթ` դեպի Ծիծեռնակաբերդ, Թուրքիան իրավական առումով կարող է բողոքի նոտա հղել Հայաստանին` բողոքի և սգո այդ երթը որակելով որպես Հայաստանի կողմից արձանագրությունների «բարիդրացիական հարաբերությունների պահպանման» և «մեկը մյուսի շահերին չվնասելու» կետերի խախտում: «Երիտասարդությունը ապրիլի 24-ին կամ տարվա ընթացքում վառում է թուրքական դրոշներ, գնում է Ծիծեռնակաբերդ, վրեժի և երդման կոչեր է անում: Այսինքն` պիտի կամ դա արգելեն, կամ հակառակ դեպքում Թուրքիան կարող է բողոքի նոտա ներկայացնել, որ «Հայաստանը խախտում է արձանագրության մեր պայմանավորվածությունները», և փակել սահմանը: Խնդիր չկա»,- ասաց Էդգար Հելհելյանը: Նրա կանխատեսմամբ` սահմանի բացման ժողովրդագրական ու մշակութային հետևանքները քաղաքական ու տնտեսական հետևանքներից ավելի ծանր չեն լինի, գոնե առաջիկա 5-10 տարվա կտրվածքով, քանի որ հոգեբանական խնդիր կա: Նա նշեց, որ հայկական հեռուստաընկերությունների թուրքամետ քարոզչությունը ժամանակավոր է և, ի վերջո, ավարտվելու է: «Այսինքն` երեխան 5-րդ դասարանից դասագրքով սովորում է, և ուսուցիչն էլ իր բանավոր խոսքով սովորեցնում է, որ քո պապերին կոտորել են թուրքերը, քո հայրենիքը խլել են թուրքերը և այլն: Թեև այդ երեխան այսօր հեռուստացույցով լսում է «բարեկամության, եղբայրության, ամեն ինչ մոռանալու, անցյալը թողած` ապագային նայելու և այլնի մասին», չեմ կարծում, որ այդ ամենն իր ներսից մաքրվում է»,- ասաց Էդգար Հելհելյանը: Այդ պատճառով նա կարծում է, որ սահմանի բացման մշակութային և ժողովրդագրական հետևանքները, օրինակ` խառնամուսնությունների թիվը, չի լինի կրիտիկական: Սակայն, եթե ներկայիս թուրքամետ քարոզչությունը շարունակվի ևս 5-10 տարի, ապա վերոնշյալ վտանգը կմեծանա: ԱՆՊՇ-ի փոխնախագահի համոզմամբ` թեև այսօր շատերը պահանջում են ՀՀ նախագահի, արտգործնախարարի հրաժարականը, սակայն խնդիրը հրաժարականը կամ նախագահի անձը չէ: «Խնդիրը հստակ է. կան արձանագրություններ: Ես, իմ ընկերները և մյուսները, ովքեր դեմ են այդ արձանագրություններին, հասկանում ենք, որ դրանք չեն բխում հայկական պետականության շահերից: Եվ այս արձանագրությունները չպետք է վավերացվեն: Այսինքն` կա պայքարի մի քանի էտապ: Առաջին էտապը, երբ փորձում էինք պայքարել ստորագրության դեմ, ավարտվեց: Երկրորդ էտապը վավերացման դեմ պայքարն է, Սահմանադրական դատարանի ճանապարհն է` հակասահմանադրական ճանաչել և այլն: Եվ, ի վերջո, այս ամեն ինչը կբերի նրան, որ զանգվածները դուրս կգան փողոց և կգնան իշխանափոխության` ոչ թե նախագահի, ոչ թե անձի դեմ, այլ իշխանափոխության, որպեսզի չլինի այս ամենը»,- ասաց Էդգար Հելհելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter