Կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է
Ի պատասխան հանրապետական մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումներին` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետությունում սովորում է Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ 1700 ուսանող, ովքեր ընդգրկված են բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճաններում: Այս տարի ևս պահպանվել է իրանցի դիմորդների այն ցուցանիշը, ինչ նախորդ տարիներին:
Միաժամանակ հայտնում ենք, որ Իրանի կառավարությունը ձեռնամուխ է եղել արտերկրում սովորող ուսանողների ստացած գիտելիքների վերահսկողության մեխանիզմների խստացմանը:
Հայաստանում առկա են իրանցի ուսանողների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև կրթության որակին առնչվող, որոնք քննարկվել են հոկտեմբերի 2-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանիի միջև կայացած հանդիպման ընթացքում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ի թիվս այլ խնդիրների, ընթացք տալ նաև ՀՀ-ում սովորող ուսանողների կրթության որակի ապահովման խնդիրներին, որին մասնակից պետք է լինեն ոչ միայն նախարարությունը, դեսպանատունը, այլ նաև բուհերը:
Հայաստանի պետական բուհերում սովորող իրանցի ուսանողների խնդիրները նախատեսվում է քննարկել նաև ռեկտորների խորհրդի առաջիկա նիստում, որի ընթացքում նախարարի կողմից կառաջարկվեն որոշակի մեխանիզմներ:
Տեղեկացնում ենք, որ բարձրագույն բժշկական կրթության որակի հետ կապված խնդիրներն այս տարիներին առավելապես ծագել են ոչ պետական որոշ բուհերում բժշկական բարձրագույն մասնագիտական ծրագրերի իրականացման պատճառով, երբ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում հայտնվել են շրջանավարտներ, որոնց փաստացի գիտելիքները չեն համապատասխանում այդ բուհերի կողմից տրված դիպլոմներին:
Այսինքն, պետք է փաստել, որ ոչ պետական որոշ բուհերում ցածրորակ կրթական ծառայությունների պատճառով ստվեր է նետվել ամբողջ բժշկական բարձրագույն կրթության որակի վրա: Երևանի պետական բժշկական համալսարանն ընդհանուր առմամբ «զոհ» է գնացել ընդհանրական մոտեցումներին:
Ինչպես ԻԻՀ, այնպես էլ նաև այլ երկրների քաղաքացիների ուսումնառության հետ կապված խնդիրները վերջին ժամանակահատվածում նախարարության ուշադրության կենտրոնում են: Համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել, մասնավորապես, «Հայբուսակ» համալսարանում, որը դիմել էր անգլերեն լեզվով օտարերկրացիների դասավանդման հետ կապված թույլտվություն ստանալու համար:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բուհի կողմից ներկայացված ուսումնական ծրագրերը, պրոֆեսորադասախոսական կազմը չեն համապատասխանում պետական կրթական չափորոշչին, և նախարարի կողմից մերժվել է այդ հնարավորությունը:
Արդեն սովորող ուսանողներին առաջարկվել է այս կիսամյակի ավարտին տեղափոխվել անգլերեն լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող բժշկական բարձրագույն կրթական ծրագիր իրականացնող այլ ուսումնական հաստատություն` երաշխավորելով ուսման վարձի չափի պահպանումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայկական զանգվածային լրատվամիջոցներին առաջարկում է մինչ ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկությունների արտատպումը, պարզաբանումներ ստանալ կրթություն և գիտության նախարարությունից, որը պատրաստակամ է ծագած բոլոր հարցերի վերաբերյալ տրամադրել ստույգ տեղեկատվություն:
Ի պատասխան հանրապետական մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումներին, որոնք վերաբերում են սույն թվականի մարտ ամսին որոշ ոչ պետական բուհերի լիցենզիայի գործողության կասեցմանը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի վերահսկողության խնդիրները երկար ժամանակ պատշաճ լուծումներ չեն ստացել:
Դրանց պատճառները եղել են մեխանիզմների, ինստիտուցիոնալ համապատասխան համակարգերի բացակայությունը, օրենսդրական բացերը, երբեմն էլ դրանցով պայմանավորված սուբյեկտիվ մոտեցումները:
Այս տարվանից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ձեռնամուխ է եղել բարձրագույն կրթության բնագավառում որակի վերահսկողության մեխանիզմների կիրառմանը, մասնավորապես, մի շարք բուհերի լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների ապահովման նկատմամբ:
Համապատասխան ստուգումների արդյունքում պարզվել է, որ որոշ բուհեր չեն բավարարում լիցենզավորման պայմաններին, և դրանց այլևս չի թույլատրվել կրթության բնագավառում իրականացնել համապատասխան գործունեություն:
Հարկ ենք համարում նշել նաև, որ գործող իրավական դաշտը միարժեք չէ և հավելյալ բարեփոխման կարիք ունի: ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության համապատասխան տեղեկանքից հետո նախարարությունը ՀՀ վարչապետին է ներկայացրել լիցենզավորման բնագավառում իրավական բարեփոխումների իրականացման միջոցառումների ժամանակացույց, որը հաստատվել է, և տվյալ ժամանակացույցին համապատասխան` նախարարությունն իրականացնում է այդ գործառույթը:
Համաձայն ժամանակացույցի` իրականացվել և իրականացվելու են հաստատված նաև այլ միջոցառումներ, որպեսզի միարժեք դառնա իրավական դաշտը` ապահովելով ոչ միայն տնտեսվարող սուբյեկտների` բուհերի գործունեության հնարավորությունը, այլև ուսանողների որակյալ կրթություն ստանալու իրավունքը և պետության կողմից կրթության որակի նկատմամբ վերահսկողության հնարավորությունը` լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմաննեւրի պահպանման առումով:
ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է կրթական ծրագրերին համապատասխան լիցենզավորման կարգերը: Շրջանառության մեջ է նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Քանի որ իրավական դաշտը բարեփոխումների փուլում է, բնականաբար, մեկնաբանությունները, կապված լիցենզիայի գործողության կասեցման իրավական հիմքերի հետ, կարող են տարբեր լինել:
Առնվազն զարմանալի է, որ անդրադարձ կատարելով լիցենզիայի գործողության կասեցման գործընթացին` այդ հրապարակումներում անտեսվում են տվյալ բուհերում կրթության որակի ապահովման կարևորագույն խնդիրները:
Չէ որ տվյալ բուհերի լիցենզիայի գործողության կասեցումը չի արվել ինքնանպատակ, այլ հիմնվել է լիցենզավորման համար պարտադիր պայմանների ստուգման արդյունքների վրա:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այսուհետ ևս հետամուտ է լինելու կրթության բնագավառում որակի վերահսկողության մեխանիզմների շարունակական կատարելագործմանը, ինչպես լիցենզավորման, այնպես էլ հավատարմագրման նոր մեխանիզմների ներդրմանը:
ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել