HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ուսանողական վարկեր և ավելի լայն նախադպրոցական կրթության ցանց

2009 թ. դեկտեմբերին մեկնարկելու է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագիրը: Համաշխարհային բանկի այս ծրագիրն ավարտվելու է 2015 թ.: Ծրագրի արժեքը շուրջ 30 մլն դոլար է: Այս մասին լրագրողներին հայտնեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր մեկնարկած «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրի ամփոփում և երկրորդ ծրագրի մեկնարկ» խորագրով համաժողովի ժամանակ: «Երկրորդ վարկային ծրագրի գործողությունները թույլ են տալիս, ճգնաժամի պայմաններում, մոտակա տարիների ֆինանսական հատկացումների նվազեցման պայմաններում, խոսել ոչ միայն կրթական համակարգում ծախսերի պահպանման, այլև զարգացման ծրագրերի մասին, որովհետև այս 2-րդ վարկային ծրագրի շնորհիվ մենք ունենալու ենք ավելի լայն նախադպրոցական կրթության ցանց, որն ընդգրկելու է 140 համայնքներում նոր նախադպրոցական դասարանների ստեղծման ծրագիր»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նա հավելեց, որ վարկային երկրորդ ծրագիրը նախատեսում է ուսանողական վարկերի տրամադրում: Պետությունը դեռևս իր վրա չէր վերցրել այս խնդիրը. այն միայն առևտրային բանկերի միջոցով էր լուծվում: Արմեն Աշոտյանն ասաց, որ վարկային ծրագրով նախատեսվում է նաև բուհերի ֆինանսավորման մեխանիզմները կիրառել` ըստ բուհի մրցակցային առավելության: «Այն է` ֆինանսավորման մեխանիզմները պետք է լինեն խթանիչ, գումարը տան նրան, ով աշխատում է և ավելի լավն է: Պետք է դադարեցնել պասիվ ֆինանսավորման մեխանիզմները, երբ բոլորին ֆինանսավորում են համահարթեցման ձևով, նույն չափաքանակով, և բոլորը կարծես թե հավելյալ աշխատելու խթան չունեն»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նրա տեղեկացմամբ` երկրորդ վարկային ծրագրում ներառվել է նաև հանրակրթության բնագավառը, որտեղ շարունակվելու են համապատասխան բարեփոխումները` տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում, համակարգչային ցանցի ստեղծում, ուսուցիչների վերապատրաստում և այլն: «Եթե առաջին վարկային ծրագիրը նվիրված էր հիմնականում հանրակրթությանը, դպրոցական համակարգին, ապա երկրորդ վարկային ծրագիրը պահպանում է դպրոցական համակարգին հատկացված ուշադրությունը և ընդլայնում է բարեփոխումների շրջանակը` ընդգրկելով և' նախադպրոցական, և' հետդպրոցական կրթության ոլորտները»,- ասաց Արմեն Աշոտյանը: «Առաջին վարկային ծրագրի արդյունքները դրակա՞ն են, թե՞ խնդրահարույց»,- լրագրողի հարցին Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ծրագիրը դրական է գնահատում, որովհետև դրա «շնորհիվ մենք կարողացանք ստեղծել այնպիսի ինստիտուցիոնալ համակարգ, որով կարող ենք հավակնել հասնել 2-րդ վարկային ծրագրով դրված խնդիրներին և փորձել իրականում հետ չմնալ կրթական ոլորտում եվրոպական միջազգային զարգացումներից»: Նշենք, որ Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին վարկային ծրագիրը մեկնարկել էր 2004 թ. և ավարտվելու է 2009 թ. նոյեմբերի 28-ին: Ծրագրի ընդհանուր գումարը 19 մլն դոլար է, վարկի մարման ժամկետը` 2014 թ. հունիսից 2043 թ. դեկտեմբերն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter