HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանը հաղորդում է տվել հանցագործության մասին

22-10_Z.PostanjyanՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արմեն Հարությունյանին Հաղորդում հանցագործության մասին 2009 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ Կառավարության շենքի առջև ես` Զարուհի Փոստանջյանս, և այլ քաղաքացիներ, կազմակերպել էինք բողոքի գործողություն պաստառներով` ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, ինչպես նաև` ի անհամաձայնություն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս արտահայտած այն մտքի, թե իրենք պատասխանատու են միայն երեք միլիոն հայաստանցիների համար: Այնինչ բողոքի գործողությունը նաև յուրատեսակ հիշեցում-պատասխան էր ՀՀ կառավարությանը, որ այսօրվա փաստացի երկու հայկական պետությունների իշխանություններն էլ իրենց ողջ գործունեությամբ պատասխանատու են ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ հայության առջև: Բողոքի գործողությունն սկսվեց նախատեսված ժամին` 11:00-ին: ՀՀ Կառավարության շենքի դիմաց այդ պահին կանգնած էին երկու տասնյակից ավելի ոստիկաններ, որոնք առաջին 10 րոպեներին չէին խոչընդոտում ակցիայի իրականացմանը: Այնուհետև, հավանաբար ստանալով իրենց վերադասների համապատասխան ցուցումները, այն է` կասեցնել բողոքի գործողությունը, հարձակվեցին ցուցարարների վրա և բռնի ուժով սկսեցին պատռել պաստառները ու խլել դրանք մասնակիցների ձեռքերից` չնայած վերջիններիս, ներկա գտնվող լրագրողների և անցորդների բողոքներին: Պատռված պաստառներից մի քանիսը ոստիկանները նետեցին աղբաման: Իմ` որպես քաղաքացու, բողոքի մասնակցի ու պատգամավորի այն հարցադրմանը, թե ինչ իրավունքով են խոչընդոտում բողոքի խաղաղ ակցիան, խլում պաստառներն ու պատռում դրանք, նրանք որևէ ողջամիտ, օրենքից բխող պատասխան կամ գրավոր փաստաթուղթ մեզ այդպես էլ չտրամադրեցին` սահմանափակվելով. «չի կարելի, իրավունք չունեք, արգելված է…» և այլ անհիմն բացատրություններով: Չնայած ոստիկանների ապօրինություններին` շուրջ մեկ ժամ տևած մեր բողոքի գործողությունն ավարտեցինք և ցանկանում էինք իրականացնել ակցիայի երկրորդ մասը` քայլերթ դեպի նախագահական նստավայր: Ոստիկանները հընթացս կենդանի պատ կազմեցին և չթույլատրեցին մեզ շարժվել մեր նախընտրած ուղիով: Մեր ընդվզման արդյունքում, ի վերջո, «պատը» երկփեղկվեց, և մենք շարունակեցինք մեր քայլերթը` վեր պարզած դեռ «կենդանի» ու պատռված պաստառներով, որոնք շատ հետաքրքրեցին բազմաթիվ քաղաքացիների: Շուրջ երկու տասնյակի հասնող ցուցարարներս խաղաղությամբ հասանք մինչև Բաղրամյան փողոց, մասնավորապես` ԱԺ գլխավոր մուտքի անմիջապես դիմացի մայթին: Այդտեղ արդեն, սակայն, մեր ճանապարհը փակեցին ոստիկանության համազգեստով շուրջ 25 անձինք` Երևանի Արաբկիրի բաժնի ոստիկանության փոխգնդապետ ներկայացած ոստիկանի գլխավորությամբ: Նրանք կենդանի շղթա կազմեցին և կասեցրեցին մեր խաղաղ երթը` այդ կերպ հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով ինչպես բողոքի մասնակիցների քաղաքացիական իրավունքները, այնպես էլ` ՀՀ օրենսդրությունը: Ոստիկաններն այս անգամ շատ ավելի վայրագ մեթոդներով ու չպատժվողի ինքնավստահ կեցվածքով սկսեցին հրել ու ետ մղել մեզ և պատռել արդեն իսկ պատռված պաստառները: Այդ ընթացքում, երբ ես փորձում էի թույլ չտալ արդեն իսկ պատռված պաստառներից մեկի` կրկին անգամ պատռումը ոստիկանի կողմից, իրեն առավել հանդուգն պահող ոստիկաններից մեկն ուղղակի հարձակվեց ինձ վրա` բղավելով, թե ես գողացել եմ իր բջջային հեռախոսը: Նա ուժեղ բռնել էր ձախ ձեռքս և կոպտորեն քաշում էր ինձ` ի տես բոլորի բարձրաձայն կրկնելով իր աբսուրդ մեղադրանքը, թե ես ինչ-որ հեռախոս եմ գողացել և ուժով փորձում էր ինձ, ըստ իր բառերի, բերման ենթարկել: Ոստիկանի ապօրինի գործողությունները դադարեցին միայն այն բանից հետո, երբ մեկ այլ ոստիկան նրան ինչ-որ հեռախոս տվեց, ինչը, ըստ իս, ապացույցն է այն բանի, որ «հեռախոսատեր» ոստիկանը զրպարտանքի միջոցով ցանկանում էր սադրանք հրահրել: Դրանից հետո մեզ մոտեցան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը և Արմեն Մարտիրոսյանը, ովքեր փորձեցին ոստիկանների հետ պարզաբանումների միջոցով հասնել ՀՀ օրենսդրության կիրառմանը, ինչը կնշանակեր` բողոքի մասնակիցների քայլերթի շարունակում դեպի նախագահական նստավայր: Սակայն ոստիկաններին շուրջ տասնհինգ րոպե շարունակ օրենքի տառը բացատրելուց հետո նրանք այդպես էլ ճանապարհը չբացեցին` օրը ցերեկով ՀՀ օրենսդիր նստավայրի դիմաց կատարելով հանցագործություն, ինչն ողղակի տրամաբանական շարունակությունն էր ՀՀ Կառավարության շենքի դիմաց ոստիկանների նախորդ խմբի հանցագործության: Փաստորեն, շուրջ մեկ ու կես ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ազգային Ժողովի շենքերի դիմաց ՀՀ ոստիկանները կատարեցին երկու միանման հանցագործություն, ինչը վերստին վկայում է մեր երկրում տիրող անպատժելիության մթնոլորտի ու ամենաթողության մասին: Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, խնդրում եմ համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը և օրենքով սահմանված կարգով արդյունքների մասին հայտնել ինձ: Զարուհի Փոստանջյան, ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» խմբակցության անդամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter