Այնուամենայնիվ, կա
ԵԽ փորձագետ Ալեգ Թոմասը երեկ ԱԺ-ում հայտարարել է, թե Հայաստանում կան ազատ հեռուստակապուղիներ: Այսպիսով, Թոմասը հերքել է ՀՀ կապի նախարարի և ՀՌԱՀ նախագահի այն պնդումները, թե հեռուստահաճախականությունների մրցույթ հայտարարելու համար ազատ կապուղիներ չկան:

Ի դեպ, Թոմասի արած այդ հայտարարությունը նաև տեղ է գտել նրա ուսումնասիրության մեջ, որը տեղադրված է Էկոնոմիկայի նախարարության կայքում: Այսպիսով, սա ևս մեկ անգամ հաստատվում է, որ իշխանությունները թաքցնում են ազատ կապուղիները, որպեսզի «Ա1+»-ը եթեր չվերադառնա:
Խորհրդարանում երեկ տեղի ունեցած` «Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացը և դրա ներդրման հետևանքները Հայաստանում» թեմայով ԱԺ լսումների ժամանակ Էկոնոմիկայի նախարարը հաստատել է, որ 2010-ի հուլիսին կհայտարարվի հեռուստահաճախականությունների մրցույթ, և հեռուստառադիոընկերությունները կանցնեն թվային հեռարձակման:
Չի գրանցվի
Երեկ ավարտվել է թիվ 8 և 25 ընտրատարածքներում դեկտեմբերի 6-ին կայանալիք` ԱԺ պատգամավորի ընտրություններում առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը:
«Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը, ով թիվ 8 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու էր առաջադրվել, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը չի ներկայացրել համապատասխան ԸԸՀ:
Վարչապետի խորհրդականը հանգստացել է արտասահմանում
Հնարավոր է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժեշտ տա իր բազմաթիվ խորհրդականներից մեկին` Ազատամարտի վետերանների միության պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանին: Հայ-թուրքական արձանագրությունների թեմայով նա սեպտեմբերի 4-ին ասուլիս է տվել, որի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է, թե ինչ խորհուրդներ է տալիս նա վարչապետին:
Համլետ Հովսեփյանն ակամայից բացահայտել է վարչապետի աշխատակազմի «խոհանոցը»` ասելով, որ ոչ մի խորհուրդ էլ չի տալիս Տիգրան Սարգսյանին, որ նրան խորհուրդ տվող պետք չէ, և ինքն էլ չգիտի, թե կառավարությունում ինչով է զբաղված: Այս պատասխանը եթեր է հեռարձակվել ռադիոալիքներից մեկով, ինչը ընկել է «շեֆության» ականջը:
Դիտմամբ, թե պատահմամբ, բայց այս միջադեպից հետո վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանն արձակուրդ է վերցրել, որից պետք է վերադառնար հոկտեմբերի սկզբին:
Ի դեպ, ի հեճուկս «շեփի» հրահանգների, Համլետ Հովսեփյանն արձակուրդի մի մասն անցկացրել է Իտալիայում:
Հարցրե՞լ են Եռաբլուրում կարծիքը
Արձակագիր, ազատամարտիկ Վահան Տեր-Ղազարյանն առաջարկում է մինչ վերլուծելը, թե ինչ է տեղի ունենում հանրապետությունում` հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, նախ հասկանալ այն, թե ինչպիսի երկիր է Թուրքիան:
«Պայմանագիր ենք կնքել ոչ թե կայուն պետության հետ, այլ ամեն վարկյան պայմանագիրը դրժվող ոստիկանական պետության հետ: Այս դեպքում անհրաժեշտ է պետության կազմակերպվածություն, որը չկա: Մազից կախված վիճակում ենք և պետք է շախմատային քայլեր կատարենք»,-ասաց ազատամարտիկը:
Նա մտահոգված է, որ հայ-թուրքական հարաբերություններում անընդհատ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը. «Ոչ մի սմ հող չեմ զիջի: Մինչ զիջելը թող գնան Եռաբլուր ու այնտեղ պառկածներին հարցնեն` պատրա՞ստ են Ղարաբաղը զիջել: Հարցրե՞լ են նրանց կարծիքը»:
«Միանգամայն տարբեր գործընթացներ են»
Ըստ «Նովոստի-Ադրբեջան» գործակալության` Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ով Բաքվում մասնակցում էր Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստին, երեկ հայտարարել է.
«Երկու միանգամայն տարբեր գործընթացներ են` հայ-թուրքական հարաբերությունները երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերություններ են, և իրավական առումով դրանք որևէ առնչություն չունեն ԼՂ-ի շուրջ բանակցային գործընթացի հետ»:
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև Սենատում
Սենատորներ Ռոբերտ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ջոն Էնսայն (Հանրապետական, Նևադա) հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձև:
Ձեռնարկը համանման է Ներկայացուցիչների պալատին ներկայացրած թիվ 252 օրինագծին, որի համահեղինակներն են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոունը և Մարկ Քըրքը: Նրանց նախաձեռնությունն արդեն իսկ 130 աջակից ունի:
Սենատին ներկայացրած բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին երաշխավորել, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը համապատասխան ընկալում ու զգայություն ձևավորի մարդու իրավունքների, էթնիկ զտումների, Հայոց ցեղասպանության խնդիրների նկատմամբ:
Բանաձևը պարունակում է մեծածավալ նյութեր ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ լսումներից, բանաձևերից, նախագահների հայտարարություններից` սկսած 1916 թ-ից մինչ օրս, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հայտարարություններից ու փաստաթղթերից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել