HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Գ. Բեգլարյանին

Այսօր Երևանի քաղաքաշինական կարևորագույն խնդիրներից մեկը, կարծում ենք, Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների հատման անկյունային հանգույցի քաղաքաշինական պատշաճ լուծումն է: Այդ տարածքը, որտեղ գտնվում է 1937-38թթ. Կառուցված դպրոցի` մեր օրերում ՀՀ ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտի շենքը, իրացվել է ամիսներ առաջ: Դրա հիմնական նպատակը բակում գտնվող գողտրիկ Կաթողիկե եկեղեցին տեսողության դաշտ բերելն է: Այդ տարածքի հարավային և արևմտյան կողմերը ժամանակին կառուցապատելիս, պարզ է, նկատի չէր կարող առնվել գոյություն ունեցող շենքի երբևէ քանդելը, և վերջինիս քանդելուց հետո է երևում տարածքին կից կառույցների ողջ «մերկությունը»: Ուստի քաղաքաշինական-ճարտարապետական առումով շատ բարդ և դժվարին խնդիր պետք է լուծել` ցանկալի արդյունքի հասնելու համար: (մի կողմից տարածքի քաղաքաշինական կազմակերպումը, մյուս կողմից ` նրան հարող կառույցների ճակատային մասերը պատշաճ տեսքի բերելը): Վերջերս հեռուստատեսությամբ հաղորդվեց, որ մրցույթի են հրավիրվում շինարարական կազմակերպություններ` իրականացնելու  այդ հանգույցի կառուցապատումը` որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսության  երևանյան կենտրոն, և ցույց տրվեց տարածքի նախատեսվող պատկերը` Կաթողիկեից ետ ընկած միջնադարյան կերպարով հսկայածավալ  մի եկեղեցի, որը ֆոն է ծառայելու Կաթողիկեի համար  և պետք է փակի հետին պլանում գոյություն ունեցող տգեղ կառույցները: Միանգամայն անցանկալի  և անհաջող լուծում: Ոչ մի չափով չի կարելի արդարացվել այդտեղ նոր եկեղեցու կառուցումը, նախ` ոչ շատ հեռու գտնվում է նորակառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ թեմական Մայր եկեղեցին, մյուս կողմից` տեղում արդեն կա Կաթողիկե եկեղեցին, որը գործող եկեղեցի է և առավել հասանելի է դառնում հավատացիալներին . էլ ինչու նորը կառուցել, ինչու խանգարել Կաթողիկեի գործառությունը, նահանջել այդ տարածքն իրացնելու բուն նպատակից: Եվ ամենակարևորը` բոլորովին ընդունելի չէ այսօր կառուցվող եկեղեցիների միջնադարյան կերպարը, պատմությանը հանձված ճարտարապետական ձևերի և հնարքների կիրառումը: Այդտեղ միջնադարյան ձևերով մի նոր եկեղեցու կառուցումը ոչինչ չի ավելացնի հայ ճարտարապետական ժառանգությանը, ինչպես չեն ավելացնում վերջին տարիներին կառուցված եկեղեցիներից շատերը: Որքան մեզ հայտնի է, սա երկրորդ հեղինակային խմբի կազմած նախագիծն է. եթե խնդիրը հանձնարարվի մի երրորդ խմբի, հավատացած ենք, կարվի բոլորովին մի այլ նախագիծ: Ինչպես գտնել այն կատարյալը, որին ձգտում ենք: Դրա դասական լուծումը նախագծային մրցույթ հայտարարելն է, որի արդյունքների հասարակական և մասնագիտական լայն քննարկմամբ էլ կգտնվի ցանկալին: Ինչու՞  շինարարության համար հայտարարվում է մրցույթ, իսկ նախագծման համար` ոչ: Կարծում ենք, այդ տեղում նպատակահարմար է ստեղծել ժամանակակից ճարտարապետական ձևերով հոգևոր կրթամշակութային համալիր, որտեղ դոմինանտը կլինի հոգևոր երաժշտության թերևս նաև ` ցուցահանդեսային սրահ: Կաթողիկե եկեղեցին իր միջնադարյան կերպարով պետք է օրգանապես ներգծվի ժամանակակից համալիրի մեջ: Մեծարգո քաղաքապետ, Ձեր արդյունավետ գործոնեությունն ու փորձը Կենտրոն համայնքի թաղապետի պաշտոնում, Ձեր նախընտրական ծրագիրը քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և դրա իրականացման գծով ներկայումս ծավալած Ձեր ջանքերը միանգամայն երաշխիք են Երևանի քաղաքաշինական զարգացման նոր մակարդակի, որակական բարեփոխումների նոր աստիճանի հասնելու համար: Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների հատման հանգույցի քաղաքաշինական-ճարտարապետական լուծումը, կազմելով վերջին տարիների երևանյան կարևորագույն արարումների` Կասկադի, Հյուսիսային պողոտայի, մայրուղային ցանցի վերակառուցման, Գլխավոր պողոտայի և այլ գործերի շինարարությունը, պետք է հարստացնի, նոր փայլ ու երանգ հաղորդի մայրաքաղաքի կենտրոնի նկարագրին, ուստի այն, պետք է լինի կատարյալ, նորարարական, ստեղծագործական մտքի բարձր արգասիք, արդիականի և հայակական ոգու կրողը: Միայն այդ պայմանով կարդարացվի 1930-ական թթ. Ճարտարապետական մտքի լավագույն դրսևորումներից մեկը հանդիսացող և միջավայրի հետ սերտորեն ներդաշնակված, տեղում գոյություն ունեցող շենքի վերացումը: Խորին հավատով և լավատեսությամբ`  Գառնիկ Շախկյան,  ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter