«Հարևանները միմյանց մասին»
Սիվիլիթաս հիմնադրամը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (Եվրասիա համագործակցություն հիմնադրամի միջոցով), առաջարկում է հայկական և թուրքական մամուլում միմյանց մասին տպագրված հոդվածների թարգմանությունները: Ստորեւ ներկայացնում ենք այդ հոդվածներից երկուսը:
«Գուցե ես հա՞յ եմ»
Հինգշաբթի, 22 Հոկտեմբեր 2009, Մևլյութ Ուլուղթեքին Յըլմազ, «Յենի Չաղ»
Հայաստանի ազգային հավաքականի հետ ֆուտբոլային հանդիման գիշերը «ՆՏՎ» հեռուստաալիքը հետաքրքիր հաղորդում էր հեռարձակում: Միրգյուն Չաբասի հաղորդման ժամանակ «լրագրող» Էջե Թեմելքուրանը հայտարարեց, թե ինքն իմացել է, որ իր ընտանիքում հայ կա: Նա ավելացրեց նաև, որ այլ ընտանիքներում նույնպես հնարավոր է, որ լինեն հայեր: Ըստ Թեմելքուրանի` Թուրքիայում բազմաթիվ մարդիկ իրենք իրենց հարցնում են. «Գուցե ես հա՞յ եմ»: Այս ծիծաղելի հայտարարությանն աջակցեց Հաքքը Դևրիմը` ասելով. «Անատոլիայում մուսուլմանների մեծամասնությունը մահմեդականություն ընդունած հայեր են: Սրա մասին է գրում Իսմայիլ Համի Դանիշմենթը իր «Ժամանակագրության» մեջ…»: Կարճ ասած` այս երկու «լրագրողներից» մի քանի րոպե շարունակ լսեցինք անհեթեթություններ:
Նման հիմարություններին կարևորություն չեմ տալիս: Սակայն Հաքքը Դևրիմին ուղղեմ հետևյալ հարցը` Իսմայիլ Համի Դանիշմենթի այդ խոսքերը նրա աշխատության ո՞ր հատորում, ո՞ր էջին են գրված: Հաքքը Դևրիմը ստիպված է պատասխանել այս հարցադրմանը:
Իսկ Էջե Թեմելքուրանին ասելու բան չունեմ: Նա լավ գիտի, թե ինչպես շահ ստանալ տրամաբանությունից զուրկ խոսքերով: Չեմ զարմացել նաև նրա այն խոսքերից, թե «հայերի և քրդերի նկատմամբ ատելություն է տածվել»: Ասեմ միայն հետևյալը` թող դատարկ բաներով չզբաղվի, նրան Նոբելյան մրցանակ չեն տա:
Ճիշտ է, թեկուզ հազվադեպ, բայց թուրքերը հայերի հետ ամուսնացել են: Արխիվներում ամեն ինչ հայտնի է: Իսկ ի՞նչ կա դրա մեջ: Դա մատի փաթաթան դարձնելը կարծում եմ ցեղապաշտության պոստմոդեռնիզմի դրսևորում է: Հայտարարում են, թե իրենք դեմ են ցեղապաշտությանը, սակայն, երբ խոսքը վերաբերում է «հային», հիշում են ազգն ու ցեղը: Խոսքը երկարացնելու կարիք չկա, ուզում են ասել հետևյալը. «Թուրքիայում թուրք չկա: «Ես թուրք եմ» ասողի ցեղում հայի արյուն կա»:
Դե արի ու մի ծիծաղիր:
Իրականում այդ անհեթեթությունները դրսից են «հրահանգվել» թուրքական ԶԼՄ-ների թութակներին: Այդ իրողության մասին է խոսում Գազի համալսարանի դասախոս դոկտ., պրոֆ. Նուրուլլահ Այդընն իր` «Ինչու՞ է քննարկվում թուրքական ինքնությունը» խորագրով հոդվածում.
«2007թ. սկզբին, ԱՄՆ-ի խորքային պետության հարցերով զբաղվող գիտական կենտրոնները երկար նախապատրաստվելուց հետո Թուրքիայում մամուլի միջոցով սկսեցին մի արշավ, որի նպատակն է ցույց տալ, որ թուրք կոչվող ռասա գոյություն չունի: «Դը ուոլ ստրիտ ջորնալ»-ի 2006թ. նոյեմբերի 28-ի համարում Հյու Պոպը այսպես ներկայացրեց Արևմուտքի ռազմավարական հայացքը. «Հռոմեական կայսրությունը, որը հայտնի է նաև «Անատոլիա» և «Փոքր Ասիա» անուններով, այսօր ներառված է Թուրքիայի կազմում: 70 միլիոնանոց բնակչություն ունեցող Թուրքիայի անունն ու լեզուն կարող են թուրքական լինել, սակայն, գենետիկորեն այն այնքան էլ զտարյուն չէ: Միջինասիացի թուրքերը Թուրքիա եկան հիմնականում 13-րդ դարից հետո: Նրանք Անատոլիայի հին բնակչության մեջ մոտ 10% էին կազմում»:
Եվ ահա այդ մտքին այսպես կոչված գիտական հիմնավորում տալու համար նախ Բողազիչիի համալսարանում մի հետազոտություն պատրաստել տվեցին: «Նյուզուիկ» ամսագրի 2006թ. նոյեմբերի 28-ի համարում Օուեն Մաթեուսը այդ հետազոտությունն իր հոդվածում օգտագործեց և ցույց տվեց, որ Թուրքիայում թուրքերը 20% են կազմում:
Սակայն այդ պնդումներն ամբողջությամբ մտացածին էին: Այդ հորինվածքների հետ մեկտեղ` նախ Նիյազի Օքթեմը, հետո Օզդեմիր Ինջեն, Էրուղրուլ Օզքոքը և Իսմեթ Բերքան սկսեցին գրել հոդվածներ` պնդելով, թե թուրք կոչվող ռասա գոյություն չունի, այսպիսով կրկնելով Հյու Պոպի պնդումները:
«Սաբահ» օրաթերթի միջոցով նման պնդումներ օրակարգ բերեց նաև Կալիֆորնիայի համալսարանի աճեցրած և Ստամբուլի տեխնիկական համալասարանում դասավանդող Թիմուչին Բինդերը: Սակայն Թուրքիայում թուրքերը նվազագույնը 87% են կազմում:
Այս ամենը հոգեբանական պատերազմի հարձակումներ են…
Սակայն դատարկ բաներ են, որովհետև թուրքական ցեղն, ըստ փաստերի, այս տարածաշրջանում է ապրում նվազագույնը հինգ հազար տարի:
Ինչպե՞ս է ազատագրվելու Ղարաբաղը
Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2009 Ահմեդ Թաշգեթիրեն, «Բուգյուն»
Հիմա Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում անհանգստություն մտցրած հարցը պետք է որ դա լինի: Ղարաբաղ ասելիս` առաջինը միտքդ են գալիս 1991-93թթ. հայերի կողմից գրավված Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանները:
Ղարաբաղ-Նախիջևան հարցը որպես առանձին թնջուկ, որը ԽՍՀՄ-ն օգտագործում էր իրենից կախման մեջ գտնվող երկրներին միմյանց դեմ հանելու և այդպիսով դրանց հեշտությամբ ղեկավարելու համար, հնուց ի վեր շարունակվում է:
Վերջին հայկական գրավման ժամանակ հազարավոր քաղաքացիներ սպանվեցին, 1.5 մլն ադրբեջանցի ստիպված գաղթեց ադրբեջանական հողերից: «Փախստականի» կարգավիճակ ստացած այդ մարդիկ տարիներ շարունակ ծայրաստիճան աղքատության մեջ են ապրում:
Եվ առաջնային լուծվելիք հարցն այդ 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանին: Իսկ ինչպե՞ս է դա կատարվելու: Գուցե այդ առնչությամբ ռուսական նախաձեռնությո՞ւն կա: Այսինքն, եթե Ադրբեջանը Ռուսաստանի հետ զարգացնի իր հարաբերությունները, վերջ կդրվի՞ անմիջականորեն Մոսկվայի օգնությամբ իրականացված այդ գրավմանը:
Եթե ասենք, որ այս հարցը միջազգային հանրության օրակարգում հայտնվեց Թուրքիայի նախաձեռնությամբ, սխալված չենք լինի:
Քանի որ ամեն անգամ, երբ Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից օրակարգ էր բերվում Հայաստանի հետ սահմանները բացելու խնդիրը, Թուրքիան նրանց առջև էր դնում ղարաբաղյան հիմնահարցը: Այսօր էլ նույնն է անում: Իսկ շրջանառվող այն կարծիքները, թե Թուրքիան Ադրբեջանին հաշվի չի առնում, նրան ուզում է ճանապարհից հեռացնել, ուղղակի անհեթեթություններ են:
Մի՞թե հնարավոր է, որ Թուրքիան, որընիր կենսական շահերի տեսանկյունից հետաքրքրվում է Բոսնիայով, Ադրբեջանին հաշվի չառնի:
Մի՞թե Թուրքիան, որը Սիրիայի և Իրաքի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրեր է ստորագրում, կարող է ճանապարհից հեռացնել Ադրբեջանին:
Ադրբեջանը, բնական գազից, Նաբուկկո նախագծից և այլ տիպի հարաբերություններից բացի, Թուրքիայի բարոյական մի մասնիկն է… Թուրքիայի ղեկավարներն իրենց խելքը հացի հետ են կերե՞լ, որ անտեսեն Ադրբեջանի շահերը:
Վարչապետ Էրդողանը Ադրբեջան կատարած այցելության ժամանակ բացահայտ խոստումներ է տալիս խորհրդարանում: Օբամային պիտսբուրգյան հանդիպման ժամանակ հիշեցնում է գրավված ադրբեջանական տարածքների մասին, նշվում է, որ մոտ ապագայում կայանալիք հանդիպումների ժամանակ օրակարգի առաջին հարցը լինելու է գրավված տարածքների հարցը:
Նախագահ Գյուլը զանգահարում է Օբամային և ասում, որ «առանց Ղարաբաղի արձանագրությունը խորհրդարան չի մտնի»:
Նախագահ Գյուլը հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ ընթացող բանակցությունների որոշ մանրամասներից հասարակությունը տեղյակ չէ, և ավելացնում, որ Թուրքիան հաշվի է առնում Ադրբեջանի զգայունությունը:
Իր այդ վճռականության մասին Թուրքիան իրազեկում է Մինսկի խմբին: Եվ մենք Ադրբեջանի հետ հայտնվում ենք միմյանցից նեղացածի կարգավիճակում, որը հասնում է ընդհուպ մինչև դրոշները: Ադրբեջանական դրոշ` աղբանոցում: Սարսափելի սադրանք:
Շեհիդների պուրակից իջեցված թուրքական դրոշ: Սարսափելի սադրանք:
Ադրբեջանում լույս տեսնող «Ենի մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն ճիշտ նկատեց. «Կարող եք բարկանալ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարության վրա, սակայն ի՞նչ է նշանակում շեհիդների պուրակից հանել թուրքական դրոշը: Շեհիդների պուրակը ստեղծվել է ի հիշատակ ռուսների հետ պայքարում Ադրբեջանին պաշտպանելու համար զոհվածների…»: Այո, ռուսների դեմ Նուրի փաշայի հրամանատարությամբ պաշտպանվեցին ադրբեջանական հողերը, և 1130 մարդ զոհվեց:
Մի՞թե այդպես չէ: Հարկ է հարցնել` հավերժ նեղանալո՞ւ ենք միմյանցից:
Եղբայրների` միմյանց հասցրած վերքերը հեշտ չեն ամոքվում: Դրոշների պատմությունն ավելի շատ է ցավ պատճառում:
Չգիտեմ` Գյուլի, Էրդողանի և Ալիևի միջև կապը դրա պատճառով է կտրվե՞լ:
Ցանկալի կլիներ, որ հարգարժան Ալիևը վեր կենար ու գնար Անկարա, հարգարժան Գուլն ու Էրդողանն էլ` Բաքու… Մինչև առավոտ զրուցեին, և երևային միայն նրանց բարեկամական հայացքները:
Մի՞թե հեռվից, հիասթափության դրսևորումներով հնարավոր է զարգացնել հասարակությունների եղբայրական զգացմունքները:
Ի՞նչ կլիներ, եթե հոդվածիս խորագիրը լիներ` «Ղարաբաղյան հակամարտության հարցը Ռուսատանն է լուծելու»:
Իսկ տարածվող այն լուրերը, թե «Թուրքիային հակազդելու համար Ադրբեջանը գնացել է Ռուսաստանի մոտ», իրականում արտացոլում են դրության ողբերգականությունը:
Դա բացատրելու համար հիշենք մեր ասացվածքներից. «Ծովն ընկնողն օձին էլ է փաթաթվում», «Ոջիլի համար վերմակ այրել»:
Թուրքիա-Ադրբեջան…
Մեկ ազգ, երկու պետություն… Այս գեղեցիկ պատկերը ոչ ոք չպետք է խեղի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել