HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հինգ կազմակերպությունում վարորդները աշխատել են օրական 18 ժամ

23.10.09_a-harutyunyanԸնդամենը չհաշվարկված և չվճարված արտաժամի հավելումը 144.385.900 դրամ է Այսօր շարքային քաղաքացուն առաջին հերթին իր սոցիալ-տնտեսական իրավունքներն են հետաքրքրում` աշխատանքային իրավունք, սոցիալական ապահովության իրավունք և այլն: Սակայն մենք միշտ խոսում ենք քաղաքացիական, քաղաքական ազատությունների, քաղաքականություն մասին, իսկ մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքները ուշադրությունից դուրս են մնացել: Այս մասին այսօր կազմակերպվաված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա համոզմամբ` մարդու քաղաքական և սոցիալական իրավունքները փոխկապակցված են, և եթե մի ոլորտում վիճակն անբավարար է, ապա անբավարար է նաև մյուսում: Այս պատճառով Արմեն Հարությունյանն անդրադարձավ 3 հիմնահարցի` աշխատանքային իրավունքին, մենաշնորհներին և բնապահպանական իրավունքին: Աշխատանքային շահագործում. ստուգվել է 70 կազմակերպություննից միայն 5-ը, ընդ որում` ամենախոշորները Արմեն Հարույթունյանն ասաց, որ այսօր ՀՀ-ում գործում է աշխատանքային շահագործման սկզբունքը: Կամ մարդիկ, ովքեր քաղաքացուն դիտարկում են որպես նրա իրավունքների խախտման միջոցով գերշահույթ ստանալու միջոց: Նրանց համար պետությունը ևս գերշահույթ ստանալու միջոց է դառում: Արմեն Հարությունյանը աշխատանքային շահագործումը ներկայացրեց միայն երթուղային տաքսիների վարորդների իրավունքների ոտնահարման օրինակով: Նա միաժամանակ նշեց, որ աշխատանքային իրավունքի խախտման ահազանգեր ստացել են նաև այլ բնագավառներից: Այդ բնագավառներում ուսումնասիրությունները շարունակվելու են: Երթուղային տաքսիների վարորդների իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Աշխատանքի պետական տեսչություն: Ինչպես տեղեկացրեց Արմեն Հարությունյանը, պարզվել է հետևյալը. «Վարորդներին աշխատեցրել են արտաժամյա. աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 06:30-ից, ավարտվում է 23:30-ին: Այսինքն` մարդիկ աշխատում են 18 ժամ: Աշխատեցրել են առանց վճարելու: Ընդհանուր առմամբ չի վճարվել մոտ 144 մլն դրամ, որը ներառում է արտաժամյա աշխատանքների համար տրվող աշխատավարձը, սոցվճարները, ինչպես նաև պետբյուջե գանձվող եկամտահարկի գումարը: Բացակայում է բժշկական վերահսկողությունը: Կազմակերպություններից մեկում 24 վարորդից միայն 4-ն ունի պատշաճ փաստաթղթեր: Կազմակերպություններից մեկն էլ շուրջ մեկ տարի է, ինչ գործում է առանց արտոնագրի»: Սրա հետևանքով խախտվել է ոչ միայն վարորդների աշխատանքային իրավունքը, այլև ուղևորների անվտանգությունը: Ընդ որում, ՀՀ Աշխատանքի պետական տեսչությունը այս ուսումնասիրությունը կատարել է վճարովի փոխադրում իրականացնող 70 կազմակերպությունից միայն 5-ում, այն էլ ոչ ամենախոշորներում: Այդ 5 կազմակերպություններն են` «Իմակ տրանս» ՍՊԸ, «Արշակյան եղբ.» ՍՊԸ, «Պոլտրգեյստ-2» ՍՊԸ, «Ստաֆ» ՍՊԸ և «Ռին-Արտ» ՍՊԸ: «Հուսով եմ, որ Աշխատանքի պետական տեսչությունը ուսումնասիրություններ կանի նաև տվյալ բնագավառում գործող ավելի խոշոր կառույցներում` անկախ այն բանից, թե ով է դրանց սեփականատերը, կամ ով է նրանց թիկունքում կանգնած»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը: Մենաշնորհներ. «Հակամենաշնորհային ինստիտուտները մեզանում մեծ չափով ձևական բնույթ են կրում» Պաշտպանը համոզված է, որ մենաշնորհային տնտեսությունը Հայաստանը դեպի փակուղի է տանելու: Արմեն Հարությունյանի խոսքերով` հիմնախնդիրը առավելապես պայմանավորված է սուբյեկտիվ գործոնով: Սակավառեսուրս և փոքր Հայաստանի միակ ներուժը քաղաքացիների ստեղծագործական ուժի ազատ իրականացման համար պայմաններ ստեղծելն է: «Սակայն հակամենաշնորհային ինստիտուտները մեզանում արդյունավետ չեն գործում և մեծ չափով ձևական բնույթ են կրում: Ուստի այսօր ընդհանրապես երաշխավորված և պաշտպանված չեն սպառողների իրավունքները: Անհրաժեշտ է իրականացնել ինստիտուցիոնալ համակարգի փոփոխություններ: Բարեփոխված համակարգը պետք է նպաստի արժանապատիվ, ազատամիտ, ինքնաբավ քաղաքացու ձևավորմանը: Հակառակ դեպքում չենք կարող հաղթահարել մեր առջև դրված և ոչ մի մարտահրավեր: Մենաշնորհներն ու աշխատանքային շահագործումը պետք է արմատախիլ արվեն` հանուն մեր ապագայի»,- ասաց Արմեն Հարությունյանը: Բնապահպանություն. թունավոր նյութերը, որոնց կոնցենտրացիան 100 անգամ գերազանցում է նորման, ազդում են մարդու իմունիտետի և գենոֆոնդի վրա Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան` մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Սա պարզվել է Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունների և այցելությունների արդյունքում: Արմեն Հարությունյանն այցելել է Դսեղի անտառ. արդյունքում քրեական գործ է հարուցվել: Անդրադառնալով Ջրվեժի անտառապարկին` Պաշտպանն ասաց. «Վերջերս կառավարությունը փոխեց դրա վերաբերյալ իր որոշումը, բայց ոչ բոլոր հարցերին է պատասխանել: Այդ նույն անտառապարկի կենտրոնական մասը, որն ինչ-որ ծրագրով տվել են սեփականատիրոջ, փակված է, գրված է, որ «կողմնակի մարդկանց մուտքը արգելվում է»` չնայած դա անտառապարկ է: Եվ անհասկանալի է, թե նպատակը որն է: Այնտեղ կան բույսեր, որոնք Կարմիր գրքում են գրանցված: Կառավարությունը այս հարցին չպատասխանեց: Մեր նամակը դեռ կառավարությունում է: Միայն այն հարցին պատասխանեց, որ ինչ-որ հողատարածք էին վերցրել և ետ են տվել անտառապարկին»,- ասաց Արմեն Հարությունյանը: Նա այցելել է նաև Երևանի տարբեր հատվածներ: Բնապահպանության ոլորտում հիմնական խնդիրները վերաբերում են զանգվածային ծառահատումներին, անտառների կամ ազգային պարկերի ոչ նպատակային օգտագործմանը, շինարարական թափոնների առկայությանը և հատկապես հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողությանը: Մարդու իրավունքների պաշտպանը ուշադրություն հրավիրեց Կապանում բնապահպանական աղետալի վիճակի վրա, ինչի մասին վերջին օրերին հերթական անգամ ահազանգել են բնապահպանական հասարակական կազմակերպությունները: Բնապահպանները նշել են. «Հողի, ջրի և սննադամթերքի մեջ հայտնաբերվել են թունավոր ծանր մետաղներ: Նույնիսկ հայտնաբերվել են մի քանի էլեմենտներ, որոնց կոնցենտրացիան 100 անգամ գերազանցում է նորման: Այդ թունավոր նյութերը չեն քայքայվում. դրանք կուտակվում են ջրում, հողում և ամենակարևորը` մարդու օրագանիզմի մեջ: Սա ազդում է առողջության ամենակարևոր համակարգերի` իմունիտետի և գենոֆոնդի վրա»: Արմեն Հարությունյանն ասաց, որ ըստ բնապահպանական հ/կ-ների` կապանցիները որևէ փոխհատուցում չեն ստանում, թեև «Deno Gold Mining» կազմակերպության պոչամբարը բաց է, դրա կողքին տներ կան, իսկ օդի թունավորումից անասուններ են սատկել, և երեխաների մաշկն է պլոկվել: «Ընկերությունը շարունակում է Կապանի տարածքները աղտոտել հարյուր հազարավոր խորանարդ մետր դատարկ ապարներով և թափոններով: Նշված խնդիրները վկայում են, որ, ըստ էության, չի ապահովվում ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածը, համաձայն որի` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը»»,- ասաց Արմեն Հարությունյանը: Բնապահպաններին նաև չի տրամադրվել հստակ տեղեկատվություն` Կապանում գործող «Deno Gold Mining» ընկերության գործունեության ստուգումների արդյունքների մասին: Ստուգումները 2007-2008 թթ. կատարել են Բնապահպանության նախարարությունը և Սյունիքի բնապահպանական տարածքային տեսչությունը: «Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածի երկրորդ մասի համաձայն` «Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար»,- ասաց Արմեն Հարությունյանը: Նա հավելեց. «Այս ամենը մեզ ցույց է տալիս, որ մեր երկրում, այս տնտեսական համակարգի պայմաններում, խոսել մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների երաշխավորված և պաշտպանված լինելու մասին պարզապես անիմաստ է, որովհետև դրանք, ըստ էության, պաշտպանված չեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter