Ցեղասպանության նոր բանաձևը Սպիտակ տան վրա հավելյալ ճնշում կգործադրի՞
ԱՄՆ Սենատում Ցեղասպանության ճանաչման նոր բանաձևը ինչ-որ տեղ բողոքի արտահայտություն է Հայաստան-Թուրքիա արձանագրություններում առկա պատմական հարթության վրա հարցեր քննարկող միջկառավարական ենթահանձնաժողովին: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում բանաձևի մուտքը ԱՄՆ Սենատ այսպես մեկնաբանեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք, որ սենատորներ Ռոբերտ Մենենդեզը և Ջոն Էնսայնը հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձև: Այն նման է Ներկայացուցիչների պալատին ներկայացրած թիվ 252 օրինագծին, որի համահեղինակներն են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոունը և Մարկ Քըրքը: 252-րդ բանաձևը մինչ օրս 130 աջակից ունի:
«Բանաձևը ներկայացվել է Սպիտակ տան վրա հավելյալ ճնշում գործադրելու համար, որպեսզի Սպիտակ տունը Ցեղասպանության ճանաչման վերահաստատումը Միացյալ Նահանգների կողմից անջատի Հայաստան-Թուրքիա հարաբերություններից»,- հավելեց բանախոսը:
Կիրո Մանոյանը հիշեց, որ նոր բանաձևի գլխավոր հեղինակը` Սենատոր Ռոբերտ Մենենդեզը հարցականի տակ էր դնում Ցեղասպանության փաստը: Այն շրջանակները, որոնք կողմնակից չէին Ցեղասպանության ճանաչմանը ինչ-ինչ շահերից ելնելով, այսօր այս արձանագրությունները առավելագույնս օգտագործում են` ասելով, որ դրանք արդեն փաստ են, որ Հայաստանը ևս հարցականի տակ է դնում Ցեղասպանության փաստը: «Սա նշանակում է, որ ՀՀ արտգործնախարարության դիվանագիտությունը, դեսպանատները շատ ակտիվ պիտի աշխատեն»,- եզրակացրեց բանախոսը:
Եթե այս ընթացքի առաջը չառնենք, ըստ Կիրո Մանոյանի, Ցեղասպանության 95-ամյակի նախօրեին թուրքական ցունամու դեմն առնելը դժվար կլինի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել