Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթող` Բուենոս-Այրեսում
Երեկ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է արգենտինահայ հայտնի երաժիշտ Գագիկ Գասպարյանին եւ Հայ բարեգործական ընդհանուր միության տեղական բաժանմունքի պատասխանատուներից` տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Արթուրո Կեդիկյանին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Զրույցի հիմնական առանցքը համայնքի հանրային ու մշակութային կյանքն էր`իր ձեռքբերումներով ու խնդիրներով, լատինամերիկյան այդ երկրում ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդման ուղիներն ու միջոցները:
Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց Գագիկ Գասպարյանի նախաձեռնությամբ եւ օժանդակությամբ Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս-Այրեսի տեսարժան վայրում` Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարեւանությամբ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրման փաստին, որն իր տեսակի մեջ առաջին իրողությունն է հայկական սփյուռքում: Նշվեց, որ հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությունը, որն Արգենտինայում ՀՀ դեսպանատան եւ Հայ Կեդրոնի վարչության հովանավորությամբ տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, ուղեկցվել է ՀՀ եւ ԼՂՀ պետական օրհներգների, հայրենասիրական երգերի կատարումներով: Արարողությանը հրապարակվել էր նաեւ այդ կապակցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հղած ողջույնի ուղերձը:
«Հուշարձանի կառուցման մտահղացումը,- հանդիպմանը նշեց Գագիկ Գասպարյանը,- առհասարակ հայ մարդու եւ անձամբ իմ որդիական պարտքն ու հարգանքի տուրքն էր Արցախյան ազատամարտին կամավորագրված հորս և նրա զոհված բոլոր զինակիցների անվանն ու անմար հիշատակին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել