«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» կանանց միության կազմակերպած «Կլոր սեղանի» մասնակիցների հայտարարությունը
Տարածաշրջանում ռազմավարական շահեր ունեցող պետությունները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը և Թուրքիան կարծես թե եկել են ընդհանուր հայտարարի ՀՀ և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների ստեղծման և Արցախի հարցի կարգավորման շուրջ, ի հաշիվ հայ ժողովրդի ազգային և պետական շահերի:
Այսպիսի բարդ խնդիրը ստանձնել են լուծել այնպիսի մարդիկ, որոնց բարոյական նկարագիրը կասկած է հարուցում, քանի որ նրանք հայ ժողովրդի հետ խոսում են սպառնալիքի և կեղծիքի լեզվով: Չկա որևէ էական տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի և Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած անձանց միջև:
Այդ մարդիկ դավանում են նույն արժեքային համակարգը, հունցված են նույն խմորից: Հայ ժողովուրդը չի ընդունում իր և այդ անձանց միջև որևէ համաձայնություն, և այն չի կարող իրավական ուժ ունենալ, քանի որ այդ իշխանությունը օրինական չէ:
Հայաստանի Հանրապետության իշխանությունները և ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցնող անձը խոսքով և գործով աներկբա կատարում են գերտերությունների կամքը մեր պետական և ազգային շահերը ստորադասելով և վաճառելով օտարներին, և վերջիններիս կողմից ստանում համապատասխան երաշխիքներ Հայաստանում ժողովրդից բռնազավթած իշխանությունը պահելու խնդրում:
Միայն հայ ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունն իրավունք ունի լուծել Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող թնջուկը: Այդ իսկ պատճառով մենք գտնում ենք, որ ներկա պահի գլխավոր պրոբլեմի լուծումը Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Առանց այդ խնդրի լուծման` անհնար է Հայաստանը դուրս բերել միջազգային այն վտանգավոր գործընթացներից, որտեղ վտանգված են հայ ժողովրդի ռազմավարական շահերը:
Հայ ժողովուրդը պատրաստ է դիմագրավելու ցանկացած պարտադրանքի, օտարի ոտնձգության, պայքարելու և հաղթելու թվապես իրեն գերակշռող թշնամուն, եթե այդ կռվում առաջնորդող ուժը և նրա շարքերում կանգնած հայորդիները իրենց ապրած կյանքով և կատարած գործերով ցույց են տվել, որ նվիրյալներ են և վճռական են ստեղծված իրավիճակը շտկելու և այս դավաճանական ընթացքը կանխելու գործում:
Այսօր հայությանը սպառնացող վտանգի ղողանջները հնչեցնում են մարդիկ, որոնք իրավիճակը գնահատում են որպես սարդարապատային:
Կլոր սեղանի մասնակիցներս ողջունում ենք «Սարդարապատ» շարժման ստեղծման գաղափարը:
23.10.09թ. Երևան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել