HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումների 10 %-ը դրական լուծում է ստանում

Մարդու իրավունքների պաշտպանը գրեթե վերջացրել է պատրաստել արդար դատաքննության վերաբերյալ իր արտահերթ զեկույցը: Երկուշաբթի օրվանից սկսվի զեկույցի թարգմանությունը, և մոտ 2 շաբաթից զեկույցը կներկայացվի հանրությանը: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: «Զեկույցը վերաբերվելու է ընդհանրապես արդար դատաքննության իրավունքին ՀՀ-ում, որից, ի սկզբանե ասեմ ձեզ, բոլորովին բավարարված չեմ»,- հավելեց Արմեն Հարությունյանը: Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ է զեկույցն ուշանում, և արդյոք Պաշտպանը սպասո՞ւմ է, որ ԵԱՀԿ-ի համանման զեկույցից հետո ներկայացնի իր զեկույցը: Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, ես, օրինակ, կգերադասեի, և մեր փորձագետներից էլ պահանջել եմ, որ արագացնեն, որ մենք ԵԱՀԿ-ից ավելի շուտ լինենք: Ես ինչո՞ւ պետք է ԵԱՀԿ-ին սպասեմ»: «Վերջին օրերին շարունակվում են ոստիկանության գործողությունները, որոնցից դժգոհում են քաղաքացիները: Խոսքը բռնությունների մասին է: Ձեր ներկայացուցիչները ներկա են եղել և տեսել, թե Նիկոլ Փաշինյանի դատավարության ժամանակ ինչ է տեղի ունենում: Երեկ նաև Զարուհի Փոստանջյանի հետ այդպիսի բան եղավ»,- նշեց լրագրողներից մեկը: Արմեն Հարությունյանն ասաց, որ իրենք այդ հարցերի վերաբերյալ նամակներ են պատարաստում, որոնք կներկայացնեն: Անդրադառնալով Հայաստանի տնտեսության մենաշնորհներին` նա ասաց, որ իրենք կասկածանքով են վերաբերում «Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացը և դրա ներդրման հետևանքները Հայաստանում» թեմայով ԱԺ լսումներին: «Այս բնագավառում դեռ չեղավ մի ռեֆորմ, մի մոտեցում, որը իրոք ցույց տա, որ զանգվածային լրատվության միջոցների համար բազմակարծության նորմալ դաշտ է ստեղծվում: Ես մտահոգություն ունեմ, որ սա էլ է մոնոպոլիզացիայի տանելու»,- ասաց Արմեն Հարությունյանը: Անդրադառնալով մենաշնորհի մեկ այլ դեպքի` նա հայտնեց, որ ստացել են բողոքներ, որ շատ դեպքերում մարդկանց ստիպում են գնել տվյալ արտադրության դեղամիջոց: Այսինքն` ահազանգ է եղել, որ այս բնագավառն էլ մոնոպոլիզացվում: Արմեն Հարությունյանի համոզմամբ` Հայաստանում մենաշնորհներ կան տնտեսության բոլոր ճյուղերում, իսկ առանց ազատ տնտեսական դաշտի` մնացած խնդիրների մասին խոսելն անիմաստ է: Պատասխանելով այն հարցին, թե որ մարմինն է ամենից հաճախ հրաժարվում կատարել Պաշտպանի դիտողությունները` Արմեն Հարությունյանն ասաց, որ իրենց հետ հիմնականում չի համագործակցում դատախազությունը: Իսկ մնացած մարմինները որոշ դեպքերում համագործակցում են, որոշ դեպքերում` ոչ: Լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ Պաշտպանը դատի չի տալիս խախտում արած տվյալ մարմնին: Խախտում արած մարմինը չի ընդունում, որ խախտում կա, և սա փաստորեն, նախադեպ է դառնում, որ կարելի է անընդհատ խախտում անել և այն չընդունելով` առաջ անցնել: «Դուք պետք է հասկանաք նաև մեր ինստիտուտի դժվարությունը: Մենք, համապատասխան պետական մարմին քննադատելով, նրա միջոցով էլ պետք է հարցը լուծենք: Ուրիշ լուծում չկա: Այս պատճառով մեզ համար շատ դժվար է»,- պատասխաանեց Արմեն Հարությունյանը: Նա օրինակ բերեց իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի դեպքը: Պաշտպանը միտումնավոր այդ առթիվ հրապարակային որևէ կոչ չի արել, որպեսզի «չհակադրի համապատասխան իրավապահ մարմիններին»: Վերջինների հետ Պաշտպանն աշխատել է նամակագրությամբ և այլն: «Տեսեք` ինչպես է. ոստիկանները ցուցմունք են տալիս, նախաքննությունը գաղտնի է, դատական մարմիններն էլ անկախ են: Ուրեմն ոչնչով չես կարող զբաղվել: Բայց ես այս ընթացքում դատախազության մոտեցումը շատ դրական եմ համարում, որ վերցրել են լրացուցիչ ուսումնասիրության: Հույս ունեմ` այդ գործն ընդհանրապես կկարճվի: Բայց եթե մենք հրապարակային որևէ բան ասեինք, կարող է դատախազությունը այդ քայլին չգնար: Սա է մեր ռեալ իրավիճակը: Շատ դեպքերում մենք հրապարակային չենք գործում, որպեսզի արդյունքի հասնենք»,- ասաց Արմեն Հարությունյանը: Նա նշեց, որ վերջերս իրենք վերականգնել են 39 ընտանիքի սեփականության իրավունքը: Սրա մասին ևս Պաշտպանը նախընտրել է հրապարակային հայտարարություններ չանել: Արմեն Հարությունյանի համոզմամբ` որևէ պետական մարմնի դատի տալով` ինքը չի շահի, և պետք է հարցի լուծման այլ ճանապարհներ փնտրել: Օրինակ` Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը ընտրեց առճակատման ճանապարհը, ինչի պատճառով նրա բարձրացրած հարցերը չէին լուծվում: «Դա, իհարկե, կարող է լավ լինել քաղաքական դաշտում որոշակի քաղաքական ուժերի համար, որովհետև դու նրանց համար ռեսուրս ես դառնում, բայց դու այդ դեպքում ընդամենը դառնում ես քաղաքական ուժերից մեկի կցորդը»,- ասաց Արմեն Հարությունյանը: «Մոտավորապես ինչքա՞ն եք գնահատում Ձեր գործունեության օգտակար գործողության գործակիցը»,- հարցրեց լրագրողներից մեկը: Արմեն Հարությունյանը պատասխանեց, որ իրենք նման ուսումնասիրություն չեն արել, և խոստացավ այդ ցուցանիշին անդրադառնալ տարեկան զեկույցում: Սակայն, այլ երկրների օմբուդսմենների հետ համեմատած` Հայաստանում այդ ցուցանիշը ամենաբարձրերից մեկն է: Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ տարեկան կտրվածքով իրենց ուղղված դիմումների մոտ 10 %-ը դրական լուծում է ստանում: Մինչդեռ, օրինակ` Վրաստանում այդ ցուցանիշը մոտ 2,5 % է: Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ո՞ր մարմնի գործունեության հետևանք է Հայաստանում ժողովրդավարության բնագավառում արձանագրվող շարունակական հետընթացքը` Արմեն Հարությունյանն ասա, որ ինքը հետընթաց չի տեսնում, քանի որ Հայաստանում ժողովրդավարության վիճակը ինչպես եղել է անբավարար, այնպես էլ մնացել է: «Սրա մեջ երևի բոլորս էլ մեղավոր ենք: Բայց իհարկե, առաջին հերթին երկրում իրավական համակարգում, իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջնահերթ պահանջը իշխանություններից է: Դա միանշանակ է: Բայց համաձայն չեմ, որ հետընթաց կա. ես այդ կետից այն կողմ` հետընթաց էլ չեմ պատկերացնում, երբ, ասենք, մարդկանց 18 ժամ աշխատացնում են: 24 ժա՞մ պիտի աշխատացնեն»,- ասաց Արմեն Հարությունյանը: Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների` Եվրադատարանում քննվող գործերին. Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ դատարան դիմած քաղաքացիների հիմնական մասը շահում է դատը: «Դա ապացուցում է, որն ժամանակին Հյուսիսային պողոտան մի մեծ պրոյեկտ էր` մարդկանց սեփականությունը շատ էժան գներով վերցնելու և «հանրային շահի անվան» տակ քողարկված բիզնես անելու»,- ասաց Արմեն Հարությունյանը: Երբ լրագրողն ասաց, որ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից մի կին պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Թուրքիայից` Արմեն Հարությունյանը նշեց, որ Ստրասբուրգի դատարանում ամենաշատ խախտումներ և իր դեմ ամենաշատ վճիռներ ունեցող երկրներից մեկը հենց Թուրքիան է: «Այսինքն` եթե նրա հույսն այն է, որ այնտեղի «Հյուսիային պողոտայում» իրեն բնակարան կտան, կարծում եմ` դա ճիշտ չէ: Եթե իրեն բնակարան առաջարկել են, այդտեղ ես ոչ թե իրավունքների խնդիր, այլ ուրիշ բան եմ տեսնում: Ինձ թվում է` պետք է այստեղ շարունակել պայքարել սեփական իրավունքների համար: Այն բոլոր երկրները, որտեղ վիճակը մի քիչ լավ է, այս փուլով անցել են. նրանք չեն գնացել այլ երկրներ, որտեղ իրենց բնակարան են խոստացել: Իրենց երկրում շարունակել են պայքարը»,- ասաց Արմեն Հարությունյանը: Նա հայտնեց, որ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ գոյություն չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter